ԿՈՇԻԿՆԵՐ ՆՎԻՐԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում գտնվող «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան հատուկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար ջայլամի կաշվից կոշիկ է կարել եւ նվիրել: Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ կոշիկը փոքր է եղել վարչապետի ոտքին, եւ այն հետ է ուղարկվել «Տավրոս» ընկերություն: Իսկ, ահա, ընկերության տնօրինությունն էլ վարչապետի համար կարված կոշիկը աճուրդի է հանել Գյումրիում տեղակայված «Տավրոս» ընկերության խանութներից մեկում. ընդ որում, բավականին թանկ գնով: Ավելի ուշ ֆաբրիկան այլ կոշիկ է կարել Հովիկ Աբրահամյանի համար:

«Ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու համար զրուցեց Շիրակի մարզի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Տավրոս» ԲԲԸ հիմնադիր Կարապետ Մովսիսյանի հետ:
-Պարո՛ն Մովսիսյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ Ձեր հիմնադրած «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան հատուկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար ջայլամի կաշվից կոշիկ է կարել եւ նվիրել նրան: Բայց, ցավոք, փոքր է եղել վարչապետի ոտքին, եւ այն հետ է ուղարկվել:
-Նման բան չի եղել, սխալ տեղեկություն է, որ մենք կոշիկը փոքր ենք կարել, ու մեզ հետ են վերադարձրել, եւ մենք էլ դրել ենք ու աճուրդի ենք հանել, իրականությանը չի համապատասխանում: Ամեն ինչ այսպես է եղել. Երեւանում ՀՀ վարչապետի եւ Շիրակի մարզի արդյունաբերողների եւ գործարարների միության հետ հանդիպում է եղել: Խոսք է եղել, թե Հայաստանը, որը կոշիկի արտադրությամբ զարգացած է եղել, ինչու է հիմա խեղճացել: Վարչապետն ասել է, որ հնարավոր չէ այնպիսի կոշիկ արտադրվի, որ մարդիկ գնեն: Ես ասել եմ վարչապետին, որ կարող ենք, եւ նա էլ պատասխանել է, որ կարեք, տեսնենք՝ ինչ կոշիկ է: Ու երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եկավ Գյումրի, ցույց տվեցինք մեր արտադրած կոշիկը, իրեն շատ դուր եկավ, ու նա հագավ, եւ շատ լավ էլ եղավ: Այդքան բան է եղել: Ինքն է ցանկություն հայտնել, որ տեղեկան կոշիկ ունենա, եւ մենք էլ կարեցինք, հատուկ նվիրեցինք: Ինչ կա դրա մեջ, վարչապետի անունից կոշիկ ենք կարել, դա դրական քայլ է:
-Այսինքն՝ վարչապետը, երբ հագել է, չի՞ դժգոհել, որ ցավեցնում է կամ կոշիկը փոքր է կարվել:
-Ո՛չ, չկա նման բան: Մենք նախապես իմացել ենք՝ ինչ համար է նա հագնում, ու այդպես էլ արել ենք:
-Իսկ ջայլամի կաշվից եք կարե՞լ:
-Ո՛չ, ի՞նչ ջայլամ: Սովորական կովի կաշվից կարված կոշիկ է, եւ այդ տեղական կոշիկից բոլոր տեղերը կան:
-Իսկ վարչապետն առաջարկե՞ց վճարել իր համար հատուկ կարված կոշիկի համար:
-Ինքն առաջարկել է, որ մենք պետք է այնպես անենք՝ տեղական արտադրությունը զարգանա: Բոլորս էլ պիտի հպարտանանք, քանի որ վարչապետն իր այս քայլով տեղական արտադրություն է խթանում:
-Իսկ ի՞նչ արժի այդ կոշիկը, սովորական քաղաքացին կարո՞ղ է իրեն թույլ տալ վարչապետի կոշիկի նման կոշիկ պատվիրել եւ հանգնել:
-Բնական կաշի է, շատ թանկաժեք չէ, բայց էժան էլ չէ, 40 հազար դրամի չի հասնում:
-Իսկ հետագայում, երբ հանդիպել եք վարչապետին, նկատե՞լ եք՝ նա հագնո՞ւմ է այդ կոշիկները, թե ոչ:
-Առիթներ եղել են, որ տարբեր տեղեր հանդիպել ենք վարչապետին, բայց շատ մոտ չենք եղել, որ տեսնեմ՝ այդ կոշիկն է հագել, թե ոչ: Էականն այն չէ, որ նա հագել է, թե ոչ, այլ այն, որ ինքն այդ գաղափարը տվել է, որ մարդիկ ավելի լավ կոշիկներ պատրաստեն, եւ քաղաքացիները գնեն տեղական կոշիկները: Շատ լավ կլիներ, որ վարչապետը նորից պատվիրեր, իսկ մյուս ղեկավարներն էլ փորձեին հագնել մեր տեղական արտադրության կոշիկները, թեկուզ մի քիչ վատը, բայց տեղականը հագնեն: Ինչո՞ւ պետք է թուրքի արտադրածը հագնեն:
-Իսկ Հովիկ Աբրահամյանից բացի՝ այլ պաշտոնյաների ե՞ւս նվիրել եք:
-Այո՛, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ ֆաբրիկա էր այցելել, մենք իրեն նվիրեցինք, եւ նա շատ հավանեց:
-էլի կովի կաշվի՞ց էր պատրաստված:
-Այո՛, սովորական կովի կաշվից կարված կոշիկ էր, ու նա հագավ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 
ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔԵԼ
Երեկ «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպին: Պարզվում է, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանը ծեծի է ենթարկել հորն ու որդուն, վերջում էլ քաղաքացիների գլխին գործ սարքել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ծեծվածները Վարդենիս քաղաքի բնակիչ Հակոբ Թովմասյանն ու նրա որդին են: Ըստ մեր զրուցակցի՝ հուլիսի 28-ին իր որդու հետ դաշտում կարտոֆիլ են ջրել եւ մի կտոր հաց են կերել. «Մի երկու բաժակ էլ բան էինք խմել, երբ վերջացրինք գործը, տղայիս հետ եկանք Վարդենիսի խանութներց մեկը, բան առնեինք ու գնայինք տուն: Մեզնից հետո խանութ մտավ մի ոստիկան, եւ մեր մեջ հերթի համար լեզվակռիվ սկսվեց: Խանութից դուրս եկանք, ու ոստիկանը խանութի մոտ սկսեց ինձ խփել: Որդիս ասաց, թե դու ով ես, որ իմ հորը խփես, ու այսպես սկսվեց վեճը: Ինձ ու որդուս մի լավ ծեծեցին, հիմա էլ բերել են ոստիկանության Վարդենիսի բաժին, ու չգիտենք, թե ինչ է լինելու: Իմ դաշտը մնաց, ջուրը կհելնի, կլցվի, օգնեք մեզ, ինչ անենք»: Այս մասին Հակոբը մեզ հաղորդեց հենց ոստիկանության բաժնից:
Իհարկե, Հ. Թովմասյանը փոքր-ինչ գինովցած է եղել եւ խանութում հերթի կռիվ է արել, բայց արդյո՞ք ոստիկանը պետք է իրեն այդքան ագրեսիվ պահեր. հա՛մ ծեծեր քաղաքացուն, հա՛մ էլ բաժին բերման ենթարկեր: Չէ՞ որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում էր, թե բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են, եւ նրանց պետք է գրկած բերման ենթարկել: Վարդենիսի ոստիկանապետ Հ. Ղամբարյանը կարծես թե այլ բարքեր է սահմանել:
Իսկ ով է եղել բռնության ենթարկող ոստիկանը, դեռ պարզ չէ: Հ. Թովմասյանին հավանաբար վախեցրել են, որ անուն չտա. «Ես չգիտեմ՝ ով էր, բայց ոստիկան է, ու նրան Վարդենիսում բոլոր են ճանաչում»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից եւս հրաժարվեցին հայտնել ոստիկանի ով լինելը՝ նշելով, որ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:
Ստացվում է, որ քաղաքացին խանութում իր համար հերթ է կանգնել, ոստիկանը ներս է մտել, վիճաբանություն սարքել, ու այժմ միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Ու եթե քննիչները խիղճները կորցնեն եւ քաղաքացուն մեղադրանք առաջադրեն, նրան սպառնում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Հավելենք, որ մեզ հետ զրույցում Հ. Թովմասյանը նշել էր, որ ինքն ու որդին ծեծի արդյունքում վնասվածքներ են ստացել, եւ այս փաստը ոստիկանությունում չեն կարող թաքցնել, եւ նախաքննության ընթացքում նշանակված համապատասխան դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա, թե ով ում է ծեծել: Մնում է միայն քննիչները բարեխիղճ գործեն: Մենք կհետեւենք «մի կաթիլ մեղրի» պատմությանը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑԻՆ
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` «Քարերի աշխարհ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ որդիները՝ Մարտիրոսյան եղբայրները, կմնան կալանքի տակ: Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է 39-ամյա Հրանտ, 44-ամյա Հրաչ եւ 43-ամյա Աշոտ Մարտիրոսյանների փաստաբանի՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Երեւանի Սիլիկյան թաղամասում «Քարերի աշխարհ» ՍՊԸ սեփականատեր հայր եւ որդի Մարտիրոսյանները «դատաստան էին տեսել» հարեւաններից մեկի հետ այն բանի համար, որ նա «հանդգնել էր» նկատողություն անել կրտսեր Մարտիրոսյանին՝ մեքենան արագ վարելու համար: Նրանք գնացել էին Մելքոնյանների տուն եւ հարձակվել նոր վիրահատված, վատառողջ տանտիրուհու՝ Մարինա Ավետիսյանի վրա, հարվածել նրա որովայնին:

 

ՄԱՄՈՒԼԻ ՇՆՈՐՀԻՎ
«Ես վստահ եմ, որ նա չէր ձերբակալվի ու չէր կալանավորվի, եթե չլինեին զանգվածային լրատվամիջոցները, որոնք այդ գործի մասին անընդհատ ահազանգում էին»,-երեկ հայտարարել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի կալանավորման մասին: «Չգիտեմ` հիմա ինչ մեթոդ կընտրեն՝ նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու համար, բայց ինչ-որ բան հավանաբար փորձելու են անել: Շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա հենց այն փուլում, երբ մամուլն արձակուրդի մեջ է լինում»,-կանխատեսել է փաստաբանը:

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ ԼՂ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության, Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին եւ ԿԽՄԿ-ի տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։ Քննարկվել են անհետ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցեր։

 

ՀԵՐՔԵԼ ԵՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից նախօրեին տարածված տեղեկությունը, թե «ռազմաճակատի Աղդամի հատվածում» իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ասված է ԼՂ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 

ԽԱԽՏՈՒՄ ԵՆ
ԼՂ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հուլիսի 28-ին եւ լույս 29-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից (96 արկ), ՌՊԳ-7 (19 արկ), ՀԱՆ-17 (40 արկ) եւ ՀՀՆ-9 (4 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար 800 կրակոց:

 

ՆՎԱԶՈՒՄ Է
Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2015թ-ի երկրորդ եռամսյակում կազմել է 50.7, ինչը իր նախորդ եռամսյակի մակարդակից ցածր է 0.1 կետով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 5.3 կետով:
ԿԲ տեղեկացմամբ` այս եռամսյակ ԳՄՑ մակարդակը հիմնականում պայմանավորվել է առեւտրի ոլորտի հաշվեկշռի 6.1 կետով նվազմամբ եւ արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների հաշվեկշիռների համապատասխանաբար 1.8, 1.5 եւ 1.6 կետով ավելացմամբ:




Լրահոս