Արդեն տևական ժամանակ է, ինչ հայ-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակ է. չդադարող գնդակոծությունները հետզհետե ավելի մտահոգիչ են դառնում, քանի որ հակառակորդն արդեն գործի է դնում ծանր զինտեխնիկա եւ հայկական դիրքերը գնդակոծում խոշոր տրամաչափի ականանետերից եւ նռնականետերից: ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԼՂՀ պաշտպանության բանակը ստիպված են հանդես գալ հաղորդագրություններով՝ հորդորելով ագրեսոր Ադրբեջանին դադարեցնել
«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչո՞ւ է կրկին նման լարված իրավիճակ ստեղծվել սահմանի վրա, ու արդյո՞ք այս ամենը կարող է բերել պատերազմական գործողությունների վերսկսման: Այս անգամ «Ժողովուրդ»-ի զրուցակիցն է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը:
-Պարո՛ն Հարությունյան, տեւական ժամանակ է, ինչ կրկին լարվել է իրավիճակը սահմանում: Որոշ փորձագետների գնահատմամբ` սա արդեն վերածվում է պարբերական բնույթ կրող հիբրիդային պատերազմի: Ո՞րն է սահմանին կատարվող գործողությունների` Ձեր գնահատականը, եւ ըստ Ձեզ` ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը:
-Հարցն այն է, որ պատերազմը դեռեւս չի ավարտվել, բայց չի կարելի ասել, որ պատերազմ է, կամ նորից պատերազմական իրավիճակ է ստեղծվել: Այս ժամանակահատվածում կրակոցները մշտապես եղել են ու շարունակվում են, իսկ մենք գիտակցում ենք, որ պետք է պատրաստ լինենք այդ իրավիճակին: Ցանկացած դեպքում մենք պատրաստ ենք, ու բոլորն էլ գիտակցում են, որ պատերազը ավարտված չէ: Փոքր կրակոցներից է պատերազմը սկսվում, միշտ էլ պատերազը այդպես է սկսվում, փոքր գործողությունները վերածվում են մեծ կռվի՝ դառնալով մեծ պատերազմ: Բայց ես համոզված եմ, որ մոտ ժամանակներում պատերազմ չի լինելու, այն պատերազմը, որը մենք գիտենք, որը մենք գիտակցում ենք, նման պատերազմ չի լինելու:
–Բայց վերջին օրերին Ադրբեջանն ավելի հզոր զենքեր է սկսել կիրառել, արդյո՞ք դա բավարար չէ` ենթադրելու համար, որ հակառակորդը ինչ-որ նոր գործողությունների է պատրաստվում:
-Ադրբեջանը մշտապես էլ հզոր զենքեր է օգտագործել, մշտապես էլ պատերազմի է պատրաստվել, բայց մենք էլ ենք միշտ պատրաստվել: Եթե նման զենքեր է օգտագործում, դա դեռեւ չի նշանակում, որ վաղը պատերազմ է սկսում, միշտ էլ եղել է նման ագրեսիվ պահվածք: Ես համոզված եմ, որ մոտ ժամանակահատվածում պատերազմ չի լինելու, դրա հոտը չի զգացվում: Չնայած դրան` մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի:
Սոնա Գրիգորյան