ՀԱՅԱՊԱՇՏՊԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Թուրքիայի իշխանությունները ցանկանում էին քանդել Ստամբուլի Թուզլա թաղամասում տեղակայված նախկին հայկական «Քամփ Արմեն» որբանոցը եւ դրա փոխարեն շքեղ բնակելի շենք կառուցել, ամիսներ առաջ Ստամբուլի փողոցներ դուրս եկան մեծ թվով հայեր եւ այլազգիներ` որբանոցը հայերին վերադարձնելու պահանջով: «Քամփ Արմեն»-ի ճակատագրի մասին քիչ չէր խոսվում նաեւ Հայաստանում, հայաստանցիներն էլ իրենց հերթին միացել էին պահանջին: Բայց երբ հենց մեր մայրաքաղաքում վճռվում է Բուզանդի 107 հասցեում գտնվող «Ամերկոմ» (Մերձավոր Արեւելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտե) կազմակերպության կողմից տնօրինվող ամերիկյան հայտնի հիվանդանոց-որբանոցի նախկին պատմական շենքի ճակատագիրը, մենք լռում ենք եւ դրսեւորում քար անտարբերություն:

19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի այս սեւ շենքը մեզ համար ունեցել է հայապաշտպան նշանակություն. հիվանդանոցի նախկին շենքում Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան են գտել մի շարք հայ գաղթականներ, այդ թվում` մեծ թվով որբեր, ուստի այս տնակը հայերիս համար պատմական նշանակություն ունեցող կառույց է:
Բուզանդի 107-ի բնակիչներից ոմանք, սակայն, «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ շենքն առաջիկայում պետք է քանդվի: Այնտեղ բնակվող գրեթե բոլոր ընտանիքներն արդեն ստացել են նոր բնակարաններ եւ պատրաստվում են լքել տնակը: Նրանց խոսքով` շենքի ներկայիս սեփականատերը Բուզանդի 107-ի նախկին բնակիչ է: Նա մոսկվաբնակ գործարար Արթուր Դերոյանն է: Բնակիչների փոխանցմամբ` գործարարը մտադիր է նախկին հիվանդանոցի շենքը նույնությամբ, դետալները պահպանելով` կառուցել մեկ այլ վայրում: Իսկ թե ինչպես է օգտագործվելու քանդված շենքի տարածքը, նրանք տեղյակ չեն:
Մենք զննեցինք նախկին հիվանդանոցի շենքը եւ դրա պատերից մեկի վրա` բավական տեսանելի տեղում, նկատեցինք «Պահպանվում է պետության կողմից» գրությամբ ցուցանակը: «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ մշակույթի նախարարությանը` պարզելու` արդյոք շենքը ներառված է պատմամշակութային հուշարձանների ցանկում, եւ արդյոք որեւէ կառույց խորհրդակցել է նախարարության հետ այն քանդելու հարցի շուրջ:
Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին, որ ՀՀ Կառավարության 2004 թվականի հոտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ` Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում Բուզանդի 107 հասցեում գտնվող շենքն ընդգրկված չէ: Մեզ տեղեկացրին նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը եւ քաղաքաշինության նախարարությունը նշված շենքի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարություն որեւէ հարցում չեն ներկայացրել, չեն քննարկել նաեւ ապամոնտաժման եւ շենքն այլ վայրում նույնությամբ վերակառուցելու տարբերակը: «ՀՀ մշակույթի նախարարությունը, ելնելով Երեւան քաղաքի պատմաճարտարապետական միջավայրի եւ որակների պահպանման շահերից, առաջարկել էր Երեւան քաղաքի պատմամշակութային պահպանության հիմնավորման նախագծում ընդգրկել նաեւ առավել արժեքավոր շենքերը, որոնց պահպանման համար անհրաժեշտ է մշակել կանոնակարգ: Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունվել էր առաջարկը, եւ նախագծում նշվել ճարտարապետական տեսանկյունից առավել արժեքավոր շենքերը, այդ թվում` Բուզանդի 107 հասցեում գտնվող շենքը»,- ասված է նախարարության պատասխանում:
Իսկ Երեւանի քաղաքապետարանից, մասնավորապես` Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից, մեզ տեղեկացրին, որ Փ. Բուզանդի փ.107 հասցեի շենքի տեղում այլ կառույց իրականացնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանը որեւէ կառուցապատողի ճարտարապետաշինարարական փաստաթղթեր չի տրամադրել: Մենք քաղաքապետարանին ներկայացրինք Բուզանդի 107 հասցեի բնակիչների փոխանցած տեղեկությունը, սակայն Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից երկրորդեցին. «Շենքն ապամոնտաժելու, տեղափոխելու կամ վերակառուցելու համար Երեւանի քաղաքապետարանը սեփականատիրոջը որեւէ ճարտարապետաշինարարական փաստաթուղթ չի տրամադրել»:
Թե ինչպես կդասավորվի նախկին հիվանդանոցի շենքի ճակատագիրը, կերեւա այն ժամանակ, երբ բնակիչներն առաջիկայում կլքեն այն: Կարծում ենք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին պատկան մարմինները պետք է առավել քան երբեւէ շահագրգիռ լինեն պատմական նշանակություն ունեցող շենքի պահպանմամբ:

 

 

 

 

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՎ ՎԱԽԵՑՆՈՒՄ

Օրերս «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանի եւ թատրոնի ֆեյսբուքյան էջերը հաքերային հարձակման էին ենթարկվել: Թատրոնի ֆեյսբուքյան էջից լուրեր էին տարածվել, թե իբր Մխիթար Մոս-Մուշեղյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա տեղափոխվել է հիվանդանոց` սրտի կաթված ախտորոշմամբ, հետո արդեն նշվել էր, թե Մխիթարը մահացել է: Այս փաստը շատ էր նյարդայնացրել ռեժիսորին, սակայն նա մտադիր չէր դիմել իրավապահ մարմիններին: Սակայն այժմ արդեն իրադարձությունները նոր ընթացք են ստացել:

Մխիթար Մոս-Մուշեղյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ օրերս, երբ ինքը սովորականի պես գիշերը տուն է վերադարձել, իրենց շենքի մուտքի մոտ հանդիպել է 35-40 տարեկան երկու տղամարդու, որոնք սկսել են իրեն սպառնալ եւ վախեցնել. «Ինձ ասում էին` դու երբ ես խելքդ գլուխդ հավաքելու, հարցնում էի` ինչի մասին է խոսքը, պատասխանում էին, թե ինքդ գլխի ընկիր, որ մտածես, կհասկանաս եւ այլն: Հետո այդ տղամարդիկ սպառնացին ինձ, ասացին` թե՞ ուզում ես երեխայիդ վնասենք կամ Լիլիթին: Լիլիթն իմ ներկայիս ընկերուհին է, եւ ես զարմացա, որ այդ մարդիկ գիտեին նրա անունը. քչերը գիտեն նրա մասին: Ես այդ պահին միայնակ չէի, թատրոնի դերասանուհիներից մեկի հետ էի… Արդեն սկսում եմ վախենալ իմ եւ մտերիմներիս կյանքի ապահովության համար»,-ասաց թատրոնի տնօրենը:
Մխիթարն արդեն մտածում է ոստիկանություն դիմելու մասին: «Թող մարդ նշանակեն, որ ինձ պաշտպանեն, որքա՞ն կարելի է վախի մթնոլորտում ապրել»-ասաց նա` հավելելով, որ մտադիր է իր տուն տեղափոխել ընկերուհուն, որպեսզի վերջինս իր աչքի առջեւ լինի:
Մենք նշեցինք, որ խոսակցություններ են պտտվում այն մասին, թե հնարավոր է` հաքերային հարձակման հեղինակն իր նախկին կինն է, ինչին Մխիթարը պատասխանեց. «Հակերային հարձակման դեպքում գուցե կասկածեի նախկին կնոջս, սակայն այս վերջին դեպքն արդեն շատ լուրջ է. նա նման մարդկանց ուղարկելու հնարավորություն չունի եւ հետո՝ մեր երեխայով ինձ չէր սպառնա»:
Մեր այն հարցին, թե ով կարող էր կանգնած լինել նման սպառնալիքների հետեւում եւ, ի վերջո, ինչի համար կարող էին իրեն սպառնալ, թատրոնի տնօրենը պատասխանեց, որ ինքը թշնամիներ չունի եւ պատկերացում չունի, թե ինչի համար են իրեն սպառնում:
Մեր դիտարկմանը, թե շատերը կարող են մտածել, որ Մխիթարն ինքն է այս բոլոր դեպքերը հնարել, որպեսզի իր անվան շուրջ աղմուկ բարձրացնի եւ դիմի սեւ փիարի, թատրոնի տնօրենը արձագանքեց. «Թող գրողի ծոցը գնան բոլոր այդ մարդիկ: Ինձ բոլորովին դուր չի գալիս այս վիճակը: Ես նկատեցի, որ առաջին դեպքի հետ կապված համացանցում իմ հասցեին հիմար մեկնաբանություններ են թողնում. չի կարելի մարդուն անտեղի մասսայականորեն վիրավորել»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՆՈՒՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
Հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը օգոստոսի 14-ին համերգ կտա Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Կանաչ թատրոնում: Տոմսեր ձեռք բերելու համար կարելի է նաեւ մասնակցել մրցույթի՝ պատասխանելով հետեւյալ հարցին` երաժիշտներից ո՞ւմ է Ջիվան Գասպարյանը համարում լավագույն դուդուկահար։
Մոսկովյան համերգի ընթացքում երաժիշտը հանդիսատեսին կներկայացնի Two Siberians նեոդասական գործիքային հայտնի դուետին։

 

ԱՄԵՆԱԹԱՆԿ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
Հեղինակավոր Forbes պարբերականը հերթական անգամ կազմել է ամենաշատ վարձատրվող դերասանների վարկանիշային աղյուսակը։ Այս տարի առաջին տեղում հայտնվել է Ռոբերտ Դաունի-կրտսերը՝ 80 միլիոն դոլար վարձատրությամբ («Վրիժառուները» ֆիլմի համար)։ Նրան հաջորդել է Ջեքի Չանը, որի եկամուտը կազմել է 50 միլիոն դոլար։ Երրորդ տեղում Վին Դիզելն է (47 միլիոն), որն իր եկամուտների մեծ մասը վաստակել է «Ֆորսաժ» ֆիլմի շնորհիվ։ Չորրորդ տեղում հայտնվել է Բրեդլի Կուպերը՝ 41.5 միլիոն դոլար, իսկ հինգերորդում՝ Ադամ Սենդլերը՝ 41 միլիոն դոլար վարձատրությամբ։ Հաջորդը Ամիտաբհ Բաչանն է (33.5 միլիոն դոլար), ապա` Սալման Հանը (33,5 միլիոն դոլար), Ակշիր Կումարը (32,5 միլիոն դոլար), Մարկ Ուոլբերգը (32 միլիոն դոլար), Դուեյն Ջոնսոնը (31,5 միլիոն դոլար), Ջոնի Դեպը (30 միլիոն դոլար), Լեոնարդո դի Կապրիոն (29 միլիոն դոլար): Վարկանիշային աղյուսակը եզրափակել են Քրիս Հեմսուորթը եւ Դենիել Քրեյգը՝ 27 միլիոն դոլարով։

 

ՎԻՐՏՈՒԱԼ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Բրիտանական թանգարանի այցելուներին հնարավորություն է ընձեռվել հանգստյան օրերն անցկացնել վիրտուալ իրականության պայմաններում եւ տեսնել, թե ինչպես են ապրել մարդիկ 4.000 տարի առաջ:
Թանգարանն իր այցելուներին առաջարկում է իմանալ ամեն ինչ բրոնզե դարի մասին ոչ միայն հնագույն նմուշների, այլեւ 3D-սարքավորումների, պլանշետների եւ հատուկ վիրտուալ տան օգնությամբ, որտեղ կարող է միաժամանակ 5 մարդ տեղավորվել։
Բրոնզե դարի 3 նմուշներ, որոնցից մեկը հայտնաբերվել է բոլորովին վերջերս, վիրտուալ իրականության օգնությամբ տեղադրվել են իրենց բնական միջավայրում։




Լրահոս