Չեխական հեղինակավոր Lidovky.cz պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ անդրադարձել է Բաքվում պահվող հայ բարերար Ռուբեն Վարդանյանի ճակատագրին՝ նրա քայլը Արցախ տեղափոխվելու և այնտեղ քաղաքական գործունեություն ծավալելու որոշումը բնութագրելով որպես «ինքնասպան առաքելություն»։
Հոդվածի հեղինակ Տոմաշ Վլախը նշում է, որ Վարդանյանը հակասական, բայց միաժամանակ նշանակալի կերպար է։ Նա հիշեցնում է, որ հայ գործարարը երկար տարիներ գործունեություն է ծավալել Ռուսաստանում, զբաղվել ներդրումային բիզնեսով և հայտնի է նաև իր լայնածավալ բարեգործական ծրագրերով Հայաստանում և Ռուսաստանում։
Պարբերականը գրում է, որ 2022 թվականին Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից, դադարեցրեց իր բիզնես գործունեությունը և տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ, որն այդ ժամանակ արդեն շրջափակման և ծանր ճգնաժամի պայմաններում էր գտնվում։ Այնտեղ նա զբաղեցրեց պետական նախարարի պաշտոնը՝ փաստացի դառնալով Արցախի կառավարության ղեկավարներից մեկը։
Հոդվածում նշվում է, որ 2023 թվականի ադրբեջանական ռազմական գործողություններից հետո Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի միջանցքում և հետագայում Բաքվում դատապարտվել 20 տարվա ազատազրկման։ Միաժամանակ հեղինակն ընդգծում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները նրա և մյուս հայ կալանավորվածների գործերը համարում են քաղաքական դրդապատճառներով հարուցված։
Lidovky.cz-ը նաև անդրադառնում է այն փաստին, որ Հայաստանի և արտերկրի իրավապաշտպանների մի խումբ Ռուբեն Վարդանյանին առաջադրել է Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու։ Առաջադրման հեղինակները նշում են, որ նա, ունենալով մեծ կարողություն և ապահով կյանք, գիտակցաբար մեկնել է Ղարաբաղ՝ փորձելով օգնել տեղի հայ բնակչությանը մի ժամանակահատվածում, երբ արդեն ակնհայտ էր տարածաշրջանի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը։
Չեխական պարբերականը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Բաքվում պահվող շուրջ երկու տասնյակ հայ գերիների թեման միջազգային հանրության կողմից բավարար ուշադրության չի արժանանում, մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունները շարունակաբար բարձրաձայնում են նրանց իրավունքների խախտումների և արդար դատաքննության հետ կապված մտահոգությունների մասին։
Հոդվածը հրապարակվել է Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին և անդրադառնում է նաև Վարդանյանի ու մյուս հայ գերիների թեմայի քաղաքական նշանակությանը Հայաստանի ներքաղաքական կյանքում։
Հեղինակ՝ Անի Վարդանյան






























