Հայկական ժամանակ. Վրաստանը մեզնից մի քայլ առաջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սահակաշվիլիի՝ Վրաստանի նախագահ դառնալուց հետո այդ երկրում տեղի ունեցած փոփոխությունները տարիներ շարունակ զարմացնում էին մեզ՝ հայաստանցիներիս, ու շատ հարցերում նախանձ շարժում։ Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Հիմա Սահակաշվիլին ըստ էության իշխանություն չունի, ու հիմա մեզ շարունակում է զարմացնել “Իվանիշվիլիի Վրաստանը”։ Վերջին օրերին այդ երկրում սկսել է էժանանալ հացը։ Այդ մասին երեկ տեղեկացրել է “,Վրաստանի արդյունաբերողների միության” նախագահ Մալխազ Դոլիձեն։ Վերջինիս խոսքերով, հացի գնի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում մեծացել են ալյուրի ներկրման ծավալները, եւ երկրում մրցակցային միջավայր է ստեղծվել։ Դոլիձեի խոսքերով,  մրցակցության շնորհիվ առաջիկայում հացի գինը կշարունակի նվազել։ Օրերս հայտնի է դարձել, որ Վրաստանում միջինը 25 տոկոսով նվազել է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը։ Մոտ 10 տոկոսով նվազել է բենզինի գինը։  Եւ այդ ամենը շնորհիվ այդ համակարգերում առկա կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման եւ մրցակցային միջավայր ստեղծելու շնորհիվ։ Ուշագրավ է հատկապես, գազի գնի նվազման փաստը։
Վրաստանն Ադրբեջանից գազը գնում էր 167 դոլարով, իսկ բնակիչներին այդ նույն գազը վաճառվում էր 300 դոլարով։ Հիմա սպառողների համար գազն էժանացել է 10 տոկոսով։ Այսինքն՝ վրաստանցիները գազի համար վճարում են մոտ 270 դոլար։ Դա նշանակում է, որ սահմանի վրա գազի գնի եւ բնակիչներին մատակարարվող գազի գների տարբերությունը՝ մարժան 133 դոլարից նվազել է մինչեւ 103 դոլարի։
Հայաստանում սահմանի վրա գազն արժե 180 դոլար, իսկ բնակիչներին այն վաճառվում է 325 դոլարով։ Այսինքն մարժան 145 դոլար է։
Ստացվում է, որ մեր բնակիչը հիմա մոտ 40 տոկոս ավելի շատ գումար է վճարում գազն իր տուն հասցնելու համար, քան վրացիները։ Ընդ որում,  վրացական իշխանությունները հայտարարում են, որ գազի գինը նույնպես կշարունակի նվազել։ Դժվար է ասել, թե Վրաստանում իրականացվող այս փոփոխությունները որքանով են տնտեսապես արդարացված, արդյո՞ք մի քանի ամիս հետո չի պարզվի, որ գազը կրկին պետք է թանկանա, որպեսզի համակարգը ինքնածախսածածկվի։ Բայց այս պահին կարող ենք ընդամենը արձանագրել, որ մեր հարեւանը կրկին մեզանից մի քայլ առաջ է”,- գրում է  “Հայկական ժամանակը”:




Լրահոս