ՀԱԿ-Ի ՍԿԻԶԲԸ ՀԱԿ-Ի ՎԵՐՋՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրապայքարից հեռանալուց հետո կրկին իր մասին հիշեցրեց՝ այս անգամ եւս «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցով: «Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի եւ անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը` նշելով, որ այն դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը:
Սակայն այս  հարցում ՀԱԿ առաջնորդը կարծես թե հաշվի չի առել այն, որ, ինչպես «Ժողովուրդ»-ին ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը, «ՀԱԿ-ը կուսակցությունների դաշինք է, որտեղ 14 տարբեր գաղափարախոսություններ դավանող կուսակցություններ կան, որոնք համախմբվել են մեկ ընդհանուր՝ երկրում արդարության վերականգնման գաղափարի շուրջ»: ՀԱԿ կուսակցության կազմի մեջ ընդգրկվելուն դեմ են արտահայտվել նաեւ ՀԱԿ դաշինքի այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ժողովուրդ»-ի հարցին տվեց կարճ եւ լակոնիկ պատասխան. ««ՀԺԿ»-ն արդեն որոշել է, որ ինքը կմնա «ՀԺԿ»»:
ՀԱԿ մեկ այլ անդամ՝ «Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրենց կուսակցությունը «չի լուծարվի եւ չի ընդգրկվի ՀԱԿ-ի հենքի վրա ստեղծվելիք կուսակցության մեջ»՝ նշելով նաեւ, որ նման խոսակցություններ կային դեռ վաղուց՝ 2008թ.-ից սկսած. «Մենք մեր առանձին գիծն ունենք»:
ՀԱԿ կուսակցություն չի մտնի նաեւ «Ժողովրդավարական հայրենիք»-ը, որի նախագահ Պետրոս Մակեյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշել է. «Դա նոր խոսակցություն չէ, ուղղակի հիմնադիր նախագահի բերանով առաջին անգամ է հնչում: Մենք մերժել ենք, մեր կուսակցությունը դեմ է այդ տարբերակին: ՀԱԿ-ի հռչակագիրն արտահերթ ընտրություններով երկրում սահմանադրական կարգը վերականգնելու մասին է, ոչ թե որ ՀԱԿ-ը վերածվի կուսակցության, որի հիմնական կորիզը պետք է լինի ՀՀՇ-ն»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ստեղծվելիք ՀԱԿ կուսակցությանն իրենց անդամակցությունը բացառել են նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Վերջինս նշել է, որ ՀՀՇ-ի քաղաքական ուղղվածությունը  ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը շարունակելն է, ինչն իր համար անընդունելի է: Իսկ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը չի մեկնաբանել:
Ինչ վերաբերում է ՍԴՀԿ-ին, ապա կուսակցության  կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ՍԴՀԿ-ն ընդլայնված նիստ կգումարի եւ այդ հարցի հետ կապված՝ կտա վերջնական պատասխան:
Իսկ Նիկոլ Փաշինյանը tert.am-ի հետ զրույցում ասել է, որ «այս պահին անհրաժեշտություն չի գտնում մեկնաբանել հարցը՝ կդառնա՞ կուսակցության անդամ, թե ոչ»:
Ներկայացված պատկերը հաշվի առնելով` դժվար չէ եզրակացնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունն ամենայն հավանականությամբ կընդունվի միայն ՀՀՇ-ի կողմից եւ ստեղծվելիք կուսակցությունը կլինի ոչ այլ ինչ, քան ՀՀՇ-ի նորացված եւ անվանափոխված տարբերակը:
Այս ամենից բխող եզրակացություններից մեկը կարող է լինել այն, որ միմյանցից տարբերվող՝ լիբերալ եւ սոցիալիստական գաղափարախոսություններ կրող կուսակցությունների համատեղելիությունը մեկ կուսակցության մեջ չափազանց դժվար կլիներ, քանի որ կպահանջեր սկզբունքերի որոշակի փոփոխություններ, ինչը տարաձայնությունների հիմք կտար: Իսկ տարաձայնությունները ՀԱԿ-ում առանց այն էլ չափից դուրս շատ են: Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում սոցիալիզմի եւ լիբերալիզմի համադրությունը հնարավոր էր համարել՝ նշելով. «Սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսության էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի եւ ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում: Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, եւ դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունն է»:
Եթե այս համադրությունը, այնուամենայնիվ, հնարավոր է, այդ դեպքում ո՞րն է ՀԱԿ անդամ կուսակցությունների նման դիրքորոշման պատճառը: Այստեղ արդեն գալիս է հաջորդ եզրահանգումը, որ ՀԱԿ առաջնորդի չառաջադրվելու որոշման, ինչպես նաեւ մինչ այդ՝ հատկապես ԲՀԿ-ի հետ համագործակցության անհաջող փորձերի արդյունքում ՀԱԿ անդամ կուսակցությունների եւ գործիչների մոտ հիասթափություն եւ անվստահություն է առաջացել Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ:
Ամեն դեպքում, նոր՝ ՀԱԿ կուսակցության ստեղծումը կնշանակի ՀԱԿ դաշինքի վերջնական տրոհում:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս