ՀՀ փաստաբանների պալատի կարծիքը` ՀՀ Սահմանադրության նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խմբի մասնագիտական կարծիքը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի առաջին, երկրորդ, յոթերորդ, ութերորդ գլուխների վերաբերյալ: Դրանք առնչվում են մարդու իրավունքներին ու ազատություններին, դատական իշխանությանը և արդարադատությանը նպաստող կառույցների կազմավորմանը:

ՀՀ փաստաբանների պալատի կայքէջի փոխանցմամբ, մասնագիտական կարծիքի մեջ ընդգրկվել են այն նորմերը, որոնց վերաբերյալ աշխատանքային խումբը կարծիքի ներկայացման պահին առաջարկներ ունեցել է: Նշված կարծիքով որևէ նորմի վերաբերյալ առաջարկ չներկայացնելը չի բացառում աշխատանքային խմբի կողմից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուսումնասիրության կատարումը և առաջարկների ներկայացումը:

Հեղինակային խումբը գտնում է, որ ընդհանուր առմամբ սահմանադրական փոփոխությունների նախագիծը չափազանց ծավալուն է և դրանով փորձ է արվել կարգավորել նաև այնպիսի հասարակական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորումն իրականում կարող է ապահովվել օրենքներով: Հասարակական այնպիսի հարաբերությունների սահմանադրաիրավական կարգավորումները, որոնք սահմանադրական կարգավորման ենթակա չեն, անհարկի ծանրաբեռնում է Սահմանադրությունը և հետագայում կարող են խոչընդոտել սահմանադրական նորմերի պատշաճ կիրառմանը, գտնում է հեղինակային խումբը:

Մասնավորապես, այդ հարաբերությունների կարգավորումը Սահմանադրության մակարդակով հետագայում կարող է արգելափակել օրենքներով այդ հարաբերությունները նորովի կարգավորելու հնարավորությունը և հանգեցնել նոր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության:

Նախագիծը բովանդակում է նաև ՀՀ իրավունքի և իրավակիրառ պրակտիկայի անհայտ հասկացություններ և ձևակերպումներ, որոնք ըստ էության հիմնարար նշանակություն չունեն և դրանց Սահմանադրության մեջ ներմուծման անհրաժեշտությունը բավարար չափով հիմնավորված չէ:

Միաժամանակ աշխատանքային խումբն արձանագրում է, որ նախագծում կան որոշ նոր և նախկինում առկա, սակայն նախագծով խմբագրված կարգավորումներ, որոնք գործող Սահմանադրության համեմատությամբ կարելի է դիտարկել որպես առաջընթաց: Օրինակ՝ աշխատանքային խումբը դրական է գնահատում այն, որ որոշ հոդվածներում հաշվի են առնվել նաև ՀՀ սահմանադրական դատարանի դատական պրակտիկան և մի շարք որոշումներով արտահայտած դիրքորոշումները:

Մասնավորապես, ձեռնարկատիրական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը նախատեսող 57-րդ հոդվածում սահմանվել է դրույթ, որով ըստ էության տնտեսական, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրականացման պայմաններն ու կարգը պետք է սահմանվեն օրենքով: Այս կարգավորման հիմքում ընկած է նաև ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած այն դիրքորոշումը, որ համապատասխան իրավունքի շրջանակներում ձեռնարկատիրական գործունեության իրականացման կարգն ու պայմանները ենթակա են օրենսդրական կարգավորման:

Ըստ հեղինակային խմբի, դրական նորամուծություն կարելի է դիտել նաև նախագծի 60-րդ հոդվածով սահմանված վնասի հատուցման իրավունքի նախատեսումը: Գործող Սահմանադրությունը մասնավորեցնում էր վնասի հատուցման երկու դեպք՝ ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում պատճառված վնասի հատուցումը (Սահմանադրոթյան 16-րդ հոդված) և տուժողին պատճառված վնասի հատուցում (Սահմանադրության 20-րդ հոդված): Իսկ նախագծով յուրաքանչյուր անձի համար երաշխավորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքը:

Հատկանշական է նաև այն, որ նախագծով աշխատանքային իրավունքների մի մասը սահմանվել է որպես երաշխիք՝ առանձնացնելով նախագծի երրորդ գլխում` Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները:

Նշենք, որ Նախագծի ուսումնասիրություններ է կատարում փաստաբաններից կազմված մեկ այլ աշխատանքային խումբ ևս՝ այս խմբի անդամները գտնում են, որ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա, խումբը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած նախագծում արձանագրում է հետընթաց:




Լրահոս