Armenian text to speach

Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել․ նախարարությունը գաղտնի է պահում բյուջեի ծախսերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն ավելի քան երկու տարի պետական բյուջեի միջոցներով վարձատրվել են, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե որքան գումար է ծախսվել այդ նպատակով։ Ավելին՝ նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ այսօր հանձնաժողովը փաստացի անդամներ չունի, սակայն այդպես էլ հայտնի չէ, թե որքան պետական միջոց է հատկացվել դրա գործունեության համար։

«Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, դիմել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ։

Մասնավորապես, մենք խնդրել էինք հայտնել՝ ովքեր են 2022 թվականից ի վեր եղել հանձնաժողովի անդամները, որքան է կազմել նրանց վարձատրությունը, ինչ սկզբունքով է այն վճարվել՝ ամսական, թե կատարված աշխատանքի դիմաց, ինչպես նաև՝ ընդհանուր որքան գումար է պետական բյուջեից հատկացվել հանձնաժողովի անդամների վարձատրությանը և առհասարակ Սահմանադրական բարեփոխումների գործընթացին։

Երկու կազմ, ապա՝ անդամներ չկան

Նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին կազմը հաստատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի մարտի 29-ի թիվ 315-Ա որոշմամբ։

Այդ կազմում ընդգրկված են եղել Աշոտ Մանասյանը, Դավիթ Հակոբյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արթուր Գեղամյանը և Լևոն Հակոբյանը։

Սակայն ընդամենը ինը ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, վարչապետի թիվ 1546-Ա որոշմամբ այդ կազմն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ հանձնաժողովի անդամների ընտրության իրավասությունը փոխանցվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդին։

Արդյունքում՝ 2023 թվականի փետրվարի 3-ին ձևավորվել է հանձնաժողովի երկրորդ կազմը։ Սկզբում ընտրվել են Ռուբեն Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը, իսկ 2023 թվականի ապրիլին նրանց է միացել Արմեն Մազմանյանը։

Սակայն նախարարության պատասխանը մեկ ուշագրավ հանգամանք էլ է բացահայտում։ 2024 թվականի փետրվարին հանձնաժողովի երկու անդամները, իսկ մարտին՝ վերջին անդամը, դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Արդյունքում, ինչպես պաշտոնապես արձանագրում է նախարարությունը, 2024 թվականի մայիսից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն անդամներ չունի։

Այլ կերպ ասած՝ հանձնաժողովը լուծարված չէ, սակայն փաստացի չի գործում, քանի որ դրա կազմում որևէ անդամ չկա։

Պետական միջոցներով աշխատել են, բայց որքան՝ գաղտնի է

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր նաև, թե որքան է կազմել հանձնաժողովի անդամների վարձատրությունը, ինչպես է այն հաշվարկվել և ընդհանուր որքան գումար է պետական բյուջեից հատկացվել այդ նպատակով։

Սակայն նախարարությունը հրաժարվել է պատասխանել։

Պատասխանում նշվում է, որ հանձնաժողովի անդամներն աշխատել են աշխատանքային հարաբերությունների շրջանակում, իսկ նրանց աշխատավարձի վերաբերյալ տվյալները համարվում են անձնական տվյալներ։

Նախարարությունը, վկայակոչելով Սահմանադրությունը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, Աշխատանքային օրենսգիրքը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, եզրակացնում է․

«Աշխատողի վարձատրության վերաբերյալ տեղեկությունը համարվում է անձնական տվյալ, հանդիսանում է նրա անձնական կյանքի վերաբերյալ գաղտնիք և օրենքով ուղղակիորեն նախատեսված չլինելու և աշխատողի գրավոր համաձայնության բացակայության դեպքում չի կարող տրամադրվել երրորդ անձի»։

Այս հիմնավորմամբ նախարարությունը հրաժարվել է տրամադրել ինչպես անդամների վարձատրության չափերը, այնպես էլ այդ նպատակով կատարված վճարումների վերաբերյալ տեղեկությունները։

Միևնույն ժամանակ ընդունում են, որ ֆինանսավորումը եղել է

Հետաքրքիր է, որ նույն պատասխանում նախարարությունը հաստատում է՝ հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվել է պետական միջոցներով։

Մասնավորապես, նշվում է, որ 2022 թվականին ֆինանսավորումը կատարվել է Կառավարության՝ 2022 թվականի մայիսի 26-ի թիվ 767-Ն որոշմամբ, իսկ 2023 թվականին և 2024 թվականի առաջին կիսամյակի մի շարք ամիսներին՝ պետական բյուջեի 1057 ծրագրի շրջանակում հատկացված միջոցների հաշվին։

Ընդ որում, նախարարությունը պարզաբանում է, որ այդ ֆինանսավորումն իրականացվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցով, որը գործել է որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարություն։

Սակայն թե այդ ծրագրով քանի դրամ է վճարվել հանձնաժողովի անդամներին, նախարարությունը չի հայտնում։

Այստեղ առաջանում են մի քանի հարցեր

Նախ, «Ժողովուրդ» օրաթերթը չէր խնդրել հրապարակել կոնկրետ անդամի բանկային հաշիվը կամ անձնական ֆինանսական տվյալները։ Հարցման մեջ առանձին պահանջվել էր նաև ընդհանուր գումարը, որը պետական բյուջեից հատկացվել է հանձնաժողովի անդամների վարձատրությանը։

Սակայն նախարարությունը այդ հարցին պատասխանելու փոխարեն ամբողջությամբ հղում է կատարել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրավական կարգավորումներին՝ փաստացի չպատասխանելով պետական միջոցների ընդհանուր ծավալի վերաբերյալ հարցին։

Մինչդեռ խոսքը վերաբերում է ոչ թե մասնավոր ընկերության, այլ պետական բյուջեի միջոցների ծախսմանը և այն հանձնաժողովին, որը զբաղվել է երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխությունների մշակմամբ։

Հանրային միջոցների ծախսման վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունն ինքնին հանրային հետաքրքրության հարց է, հատկապես երբ այդ միջոցներն ուղղվել են պետական նշանակության բարեփոխումների իրականացմանը։

Ավելին, նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ պետական բյուջեից ֆինանսավորում իրականացվել է առնվազն մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը, սակայն այսօր արդեն հանձնաժողովը փաստացի անդամներ չունի։

Այս պայմաններում առավել քան արդիական է մնում հարցը՝ ընդհանուր որքան գումար է ծախսվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության վրա, և ինչո՞ւ այդ տեղեկատվությունը չի հրապարակվում, եթե խոսքը պետական միջոցների ծախսի մասին է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս