Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունը՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Նշենք, որ երեկ կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումների ապացույցները: Միակ հանգամանքը, որի հետ համակարծիք էին երկու կողմերն էլ, դա այն է, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը հրապարակային է: Սակայն օրաթերթի փաստաբանները սա գնահատեցին, որպես հանրահայտ հանգամանք, որն ապացուցման ենթակա չէ: Արդեն հաջորդ նիստում սկսվելու է դատաքննության փուլը:
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարի տիկնոջ փաստաբանն այս հոդվածն ընկալում է որպես նյութ Ռուզաննա Խաչատրյանի մասին:
«Բայց ես չեմ գրել նրա մասին, ես գրել եմ վերլուծական հոդված, որի հիմնական գաղափարն այն է, որ հանրային և պետական գործիչները, մարդիկ ուղղակի պարտավոր են հանդուրժել հետաքրքրությունն իրենց կյանքի, իրենց անձի, անցյալի, ներկայի հանդեպ: Նրանք պետք է պատրաստ լինեն իրենց անձի շուրջ նույնիսկ քննարկումների, պատրաստ լինեն և վատը լսելու, և լավը: Սեյրան Օհանյանի կինը մեր բանակի խնդիրներին նվիրված «Զինուժ» թերթում երկար հարցազրույցներ է տալիս իր և ամուսնու ծանոթության, իր զգացմունքների, իրենց սիրո մասին: Այսինքն, ինքն է հրավիրում հանրության ուշադրությունը դեպի այդ մանրամասները, հետևապես, պետք է պատրաստ լինի թեմայի զարգացմանը, ոչ թե փայտն առնի ձեռքը և ընկնի այն ԶԼՄ-ների հետևից, որոնք հանդգնել են իր մասին ինչ-որ տհաճ բաներ հրապարակել», – նշեց Սյուզանը:
Հիշեցնենք, որ նախարարի տիկինը համարում է, որ «Հրապարակ» օրաթերթը` «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածով զրպարտել է իրեն և վիրավորել իր պատիվն ու արժանապատվությունը: Նախարարի տիկինը պահանջում է հերքում տպագրել և ներողություն խնդրել` պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար։
Հավելենք,որ հոդվածում նշված է այն մասին, որ տարիներ առաջ նախարարի կինն իր մտերիմ տղամարդու հետ վթարի է ենթարկվել, որի հետևանքով այդ տղամարդը մահացել է: Սակայն Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը համարում է, որ դրանք ակնհայտ զրպարտող տեղեկություններ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը: