ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԸ` ՍԵՐԺԻՆ
2013թ. փետրվարի 11-ին կայացել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստ` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու օրակարգով: «Նիգ-Ապարան»-ը միաձայն որոշել է պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նիստը նախագահել են «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյանը եւ պատվավոր նախագահ Վրեժ Մարկոսյանը:
ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի դին կտեղափոխվի Հայաստան: Այս որոշումը կայացվել է մարզաշխարհի ղեկավարության եւ Վլադիմիր Ենգիբարյանի հարազատների կողմից:
ՄԻԱՅՆ ՀԱԿ-Ը
Մարտի 1-ի զոհերի ծնողները չեն պատկերացնում, թե կուսակցություն դառնալու դեպքում որն է լինելու «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի դերն ու ձեւաչափը քաղաքական դաշտում, բայց պնդում են, որ միայն ՀԱԿ-ն է՝ լինի դաշինք, թե կուսակցություն, հետամուտ լինելու իրենց երեխաների սպանության բացահայտմանը։
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, որը նաեւ ՀԱԿ անդամ է, Tert.am-ին ասել է, որ ինքը մտադրություն չունի դառնալ ՀԱԿ կուսակցության անդամ։
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ
24-րդ օր հացադուլ արող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի արյան եւ մեզի լաբորատոր հետազոտության արդյունքում որոշակի շեղումներ են հայտնաբերվել: Առողջապահության նախարարն ու նրա առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին անձամբ են տեղեկացրել, որ երկարատեւ հացադուլը մարդու առողջությունը վնասող այնպիսի անդառնալի պրոցեսներ կարող է առաջացնել եւ զարգացնել, որոնց հետագա բուժումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անհնարին լինել։ Երեկ՝ երեկոյան, նախարարի առաջին տեղակալը կրկին հորդորել է համաձայնել իր ընտրությամբ որեւէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել: Անդրիաս Ղուկասյանը, սակայն, հրաժարվել է: Նա կրկին նշել է, որ հրաժարվելու պատճառներից մեկն այն է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նրա հայտարարած հացադուլը ռեալիթի շոու է համարել. «Անվստահության այսպիսի պայմաններում ես չեմ կարող ընդունել այդ առաջարկը»:
ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
Գահից հրաժարվելու մտադրություն հայտնած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը մոտ երեք ամիս առաջ սրտի վիրահատություն է տարել: Իտալական մամուլի տվյալներով` նրան խիստ գաղտնի պայմաններում վիրահատել են հռոմեական Պիա XI հիվանդանոցում: Ուշագրավ է, որ Հռոմի պապի հրաժարականից հետո կայծակը հարվածել է Սուրբ Պետրոսի տաճարին: Կայծակի լուսանկարը հրապարակել է Agence France-Presse-ը: