ՔՀԻ-ն խախտումների մասին ահազանգեր է ստացել. Ժամը 19:30-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ընտրական խախտումների մասին մի շարք ահազանգեր է ստացել ժամը 19:30-ի դրությամբ:
Արտաշատի թիվ 17/7 ընտրատեղամասից թեժ գծին ահազանգել է “Իրավունքի Եվրոպա” ՀԿ-ի դիտորդը եւ տեղեկացրել է, որ ընտրատեղամասում տեղի է ունեցել կրկնակի քվեարկություն, որի վերաբերյալ արձանագրություն կազմած դիտորդի նկատմամբ ճնշում են գործադրում հանձնաժողովի անդամները։
17։30-18։30 – Երեւանի թիվ 11/29 ընտրատեղամասում ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակումներ։ Մի խումբ երիտասարդներ գտնվել են ընտրատեղամասում՝ դրա իրավունքը չունենալով։ Հանձնաժողովի նախագահը երկու անգամ նրանց դուրս է հրավիրել, սակայն նրանք նորից վերադարձել են։
17։00 – Կապանի թիվ 38/12 ընտրատեղամասի մոտ “Իրավական շտապ օգնության” մեքենայում շրջող լրագրողը ահազանգ է ստացել, որ Կապանի Շինարարներ թաղամասում տեղակայված 38/12 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են, մարդկանց ուղեկցելով բերում են ընտրության, ընտրելուց հետո գումար են տալիս ու ճանապարհում։
16։30 – Գյումրիի թիվ 36/45  ընտրատեղամասում hra .am կայքի թղթակիցը արձանագրել է, որ տեղամասում պատին փակցված է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը։
16։50 – Մարտունու 22/23 ընտրատեղամասում ՔՀԻ դիտորդն արձանագրել է ընտրողների կուտակում եւ քաոսային վիճակ։ Տեղամասում եղել է 15-ից ավելի ընտրող եւ օտար անձինք։
16։12 – Երեւանի 8/16 ընտրատեղամասում ՔՀԻ դիտորդը նկատել է, որ քվեարկողների գրանցամատյանում քվեարկել պատրաստվող ընտրողի անվան դիմաց արդեն ստորագրված է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին եւ պարզաբանում է պահանջել։




Լրահոս