Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նորանշանակ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին ընդունեց հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նորանշանակ նախագահ Օլեգ Բելոզյորովին և նրա գլխավորած պատվիրակությանը, այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։

Պատվիրակության կազմում էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ընկերության նախկին գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչներ:

Գագիկ Բեգլարյանը շնորհավորեց Օլեգ Բելոզյորովին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնեց, որ նորանշանակ նախագահի գործունեությամբ կշարունակվի հայ-ռուսական գործընկերային փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի:

«Շնորհավորում եմ Ձեզ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ և ցանկանում բեղմնավոր աշխատանք: Հուսով եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կգրանցենք նոր հաջողություններ։ Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ և նպաստել երկաթուղային տրանսպորտի ոլորտի ծրագրերի իրականացմանը»,- իր խոսքում նշեց նախարարը:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նորանշանակ նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա ևս կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած բարեկամական և գործընկերային կապերը՝ նկատելով, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտն արդեն ունի մի շարք դրական տեղաշարժեր, ինչն ուրախացնող և ոգևորող է.

«Ցանկանում եմ կարևորել այն արդյունքները, որոնք մինչև այս պահը գրանցվել են Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործման ոլորտում: Քարշակների, շոգեքարշերի նորոգման համար Հայաստանում արդեն կան անհրաժեշտ պայմաններ: Ես տեսնում եմ բոլոր այն նախապայմանները, որոնք անհրաժեշտ են լավ հեռանկար ունենալու համար: Իհարկե, կան նաև խնդիրներ, որոնց մենք անպայման կանդրադառնանք և համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք հաղթահարել դրանք: Ես վստահ եմ, որ առաջիկայում մեզ սպասվում է համատեղ արդյունավետ աշխատանք»,- ասաց Օլեգ Բելոզյորովը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին առաջիկա ծրագրերի, երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսվող ներդրումների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

 




Լրահոս