Գյուղատնտեսության նախարարությունը չի կարողանում օգնել վարկառու գյուղացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց վերջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները` հայտարարելով, որ 2015 թվականն ընդհանուր առմամբ բարենպաստ է եղել գյուղատնտեսության համար: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

-Պարո՛ն Կարապետյան, այս տարվա հունվարին, երբ ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, Դուք հայտարարեցիք, որ շուտով միս, մսամթերք կարտահանենք ՌԴ: Տարվա մեծ մասն անցել է, սակայն մինչեւ հիմա մեկ կիլոգրամ մսամթերք անգամ չենք արտահանել ՌԴ: Ինչո՞ւ:

-Մսամթերքը հիմնականում արտահանվում է եփած երշիկեղենի եւ պահածոների տեսքով, թարմ միս չենք արտահանում: Միայն մոտ 140 տոննա ոչխարի միս այս տարի արտահանել ենք: Մինչեւ տարվերջ այդ ծավալները կավելանան: Օրեր առաջ Մասիս քաղաքում շահագորման հանձնվեց սպանդանոց, որը հնարավորություն ունի մեկ հերթափոխի ժամանակ մինչեւ 900 հազար գլուխ ոչխար մորթել: Եւ այդ գործընթացը սկսել է, այդ ծավալները կտրուկ կմեծանան: Իհարկե, ոչխարի միս արտահանվում է միայն Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Իրանի Հանրապետություն: Բացի այս՝ մենք արտահանում ենք կենդանի ոչխարներ: Այս տարի արտահանվել է մոտ 32 հազար գլուխ ոչխար եւ մինչեւ տարեվերջ այդ ծավալները կավելանան, որովհետեւ հիմնական արտահանումը աշնան ամիսներին է տեղի ունենում: Ինչ վերաբերում է հում մսամթերքին, ապա՝ այո, մի քանի տարի առաջ ռուսական շուկայի հետ կապված արգելքներ են եղել: Դրանց մի մասը վերացավ, հատկապես բաստուրմայի, սուջուխի առումով, եւ հիմա թույլատրվում է դրանք արտահանել: Իսկ մյուս մասերով բանակցություններն ընթանում են: Կարծում եմ, որ այս խնդիրը առաջիկա ամիսների ընթացքում կկարգավորվի: Ռուսական կողմի հետ, իհարկե, բարդ է, որովհետեւ ժամանակին, երբ որոշակի հիվանդություններ են արձանագրվել ՀՀ-ում, իրենք դրանից են կառչել. ՀՀ-ում մի քանի տարի առաջ եղել է սիբիրախտ տեսակի հիվանդությունը: Բայց այս խնդիրն էլ կկարգավորվի: Ի վերջո, բոլոր երկրներում էլ արձանագրվել են այդ հիվանդությունները:

-Վերջերս ուշագրավ դեպք տեղի ունեցավ ձկնամթերքի արտահանման հետ կապված, երբ «Արարատ իշխան» ընկերության արտադրանքը՝ 200 կգ թառափը, Սոչիի մաքսակետում անհասկանալի պատճառաբանությամբ ոչնչացվեց: Սա առեղծված էր նաեւ ընկերության սեփականատիրոջ համար: Դուք այս հարցով զբաղվել եք, ի վերջո, պարզել եք, թե որն էր ձուկը ոչնչացնելու պատճառը:

-Այս առումով անձամբ ես եմ պարզաբանում խնդրել ռուսական կողմից: Նամակով դիմել եմ ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը եւ խնդրել, որպեսզի իրենք բացատրեն, թե ինչ պատճառով է դա եղել: Քանի որ մինչ օրս թե՛ մեր, թե՛ ընկերության համար դեռ անհայտ է մնում, թե ինչ պատճառով է ոչնչացվել այդ թառափը: Սա փոքր դեպք է, բայց ձկան արտահանումը շարունակվում է, եւ ոչ մի արգելք չկա: Մեր երկրում 26 տնտեսություն թույլտվություն ունի ձուկ, ձկնամթերք արտահանելու, եւ դա անխափան իրականացվում է:

-Պարո՛ն Կարապետյան, հենց սկսում է գյուղմթերքի մթերման շրջանը, գները կտրուկ իջնում են: Օրինակ՝ ցորենի, կաթի, դեղձի, լոլիկի, բադրիջանի, նաեւ` արդեն խաղողի դեպքում այս երեւույթը վառ արտահայտվեց: Գյուղացին ողջ տարին չարչարվում է, որ եկամուտ ունենա, բայց պետությունը, փաստորեն, վերստին խաբում է: Հայտնի է, որ այդ շուկայի կարգավորումն ուղղակի Ձեր գործառույթն է: Ի՞նչ եք անում Դուք այս ուղղությամբ:

-Դա միայն ցորենի հետ կապված չէ. վերջին շրջանում կաթի, ցորենի, մսի գները միջազգային շուկայում 25-30 տոկոսով ընկան: Մենք տվյալներ ենք հրապարակել այս ամենի վերաբերյալ, ե՛ւ եվրոպական, ե՛ւ ասիական երկրների տվյալներն ենք հանել, ե՛ւ միջազգային բորսաների գները: Այսօր, եթե վերածենք դրամի, ապա կստացվի, որ ՌԴ-ն ցորենը մթերում է 70 դրամով: Սա միայն Հայաստանի խնդիրը չէ: Իսկ վերամշակող, մթերող ընկերություններն էլ նայում են բորսայի գներին, որովհետեւ իրենք նաեւ ներկրող են: Այնպես չէ, որ եկավ սեզոնը, ու ամեն ինչ էժանացավ: Իհարկե, նկատվում է նաեւ այլ տենդենց, չէ՞ որ մթերողը ցանկանում է էժան գնով մթերել, իսկ վաճառողը՝ թանկ գնով վաճառել: Բայց խելամիտ գին պետք է սահմանվի, որն էլ մենք վերահսկում ենք: Օրինակ՝ կաթի գինը վերջերս որոշակի անկում ապրեց, իսկ հիմա սկսում է բարձրանալ:

-Գաղտնիք չէ, որ գյուղացիների գերակշիռ մասն ունի վարկային մեծ պարտավորություններ, որոնք չկարողանալով մարել` ընկել է «սեւ ցուցակ»: Իսկ ողջ տարին հողի հետ կռիվ տվող գյուղացիներն իրենց պարտավորությունները չեն մարել, որովհետեւ չեն կարողացել իրենց աճեցրած բերքը նորմալ գնով վաճառել: Արդյունքում այսօր Արմավիրի մարզում կան գյուղեր, որոնք ամբողջովին «սեւ ցուցակում» են:

-Անպատասխանատու վարկառուներ կան: Մենք գյուղացու կողքին ենք, օգնում ենք նրան: Բայց կան մարդիկ, որոնք վարկը վերցնում են եւ այլ նպատակով են օգտագործում: Կամ ուշացնում են վարկի մարումը: Իսկ բանկն էլ իր չափորոշիչներն ունի, եւ ամբողջ ռիսկն ընկած է բանկի վրա: Բանկեր էլ կան, որոնք գյուղացիներին սուբսիդավորվող վարկեր են տրամադրում, բայց դրա դիմաց գրավ չեն վերցնում: Գյուղացիները մեզ էլ են դիմում այս խնդրով, եւ մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում. բանկի հետ բանակցում ենք, խնդրում ինչ-որ չափով ընդառաջել, բայց կան վարկառուներ, որոնք ուշացնում են եւ ժամանակին չեն տալիս գումարները: Այս առումով մենք ոչինչ չենք կարող անել:

-Պարո՛ն Կարապետյան, Դուք նախկին վարչապետի պաշտոնավարման տարիներին ավտոբուսներով էիք գյուղեր գնում: Հիմա նորից փոխվել է կարգը եւ Ձեր հարմարավետ, թանկարժեք ավտոմեքենաներով եք մարզեր այցելում, ո՞րն է պատճառը:

-Նման բան չի եղել: Երբ ես նոր էի նշանակվել, առաջին անգամ մարզ այցելեցի վարչության պետերի հետ, դրա համար էլ ավտոբուսներով գնացինք: Իսկ այնուհետեւ մեքենաներով ենք գնացել: Իսկ ի՞նչ տարբերակով գնանք՝ թանկարժե՞ք թե՞ էժանագին մեքենաներով, կարո՞ղ է՝ ոտքով գնանք Տավուշ:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս