ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԴԵՊՔԸ ՀԱՍԵԼ Է ՄԻԵԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այս կամ այն հիվանդանոցում գրանցված մահվան դեպքերի մասին: Պարզվում է՝ դեռեւս 2011թ. մարտի 23-ին «Մոր եւ Մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, որը առավել հայտնի է Մարգարյան հիվանդանոց անունով, դարձյալ կանացի խնդրով (արգանդի միոմա) վիրահատության ենթարկված, իսկ հաջորդ օրը մահացած 53-ամյա Թերեզա Սիմոնյանի հարազատները կատարվածի համար դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Մեր խմբագրություն դիմած քաղաքացի Հենրիկ Կարապետյանը պատմեց, որ իր կնոջը 2011 թվականի մարտի 22-ին Մարգարյան հիվանդանոցում արգանդի միոմայի վիրահատության են ենթարկել. «Հաջորդ օրը՝ մարտի 23-ին, կնոջս վիճակը վատացավ, եւ նա մահացավ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` կնոջս մահը վրա է հասել ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումով պայմանավորված թոքերի անոթների թրոմբոէմբոլիայով: Ասել է թե՝ կնոջս տրոմբը պոկվել եւ խցանել է անոթները: Նախաքննական մարմինը կնոջս ստորին վերջույթների վարիկոզ լայնացման առկայության պարագայում արգանդի վիրահատություն նպատակահարմարության մասին համապատասխան հարցադրում էր կատարել դատաբժշկական փորձաքննություն իրականացնողներին, սակայն փորձագիտական եզրակացությամբ նշված հարցին, ըստ էության, անդրադաձ չէր կատարվել, եւ էական նշանակություն ունեցող հանգամանքը մնացել էր չպարզաբանված: Հետեւությունն այն է, որ բժիշկները տեղյակ չէին կամ չէին ցանկացել տեղյակ լինել, որ կինս տրոմբ ունի: Իսկ, ահա, նա 2007 թվականից տրոմբ է ունեցել, եւ իրենք պարտավոր էին իմանալ եւ նրան վիրահատության չենթարկեին»:
Ըստ Հենրիկ Կարապետյանի՝ կնոջը վիրահատած բժիշկներ գինեկոլոգիայի բաժնի վարիչ Սիրանուշ Կիրակոսյանը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Սոնյա Երեմյանը, Իրինա Կարապետյանը, Գրիգորի Օկոեւը, որը հիվանդանոցի տնօրեն Գեւորգի Օկոեւի որդին է, եւ ցավազրկման բաժնի վարիչ Սարգիս Բարսեղյանը իրավապահներին բացատրություններ են տվել այն մասին, որ Թերեզա Սիմոնյանին ցույց են տվել անհրաժեշտ բժշկական օգնություն եւ ճիշտ են կազմակերպել նրա վիրահատական գործընթացը:
Տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնում, իհարկե, նյութեր էին նախապատրաստվել, իսկ ավելի ուշ Կենտրոնի քննչական բաժնում տեղի ունեցած մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել էր:
Տեղեկացնենք, որ մահացած կնոջ ամուսինը բազմաթիվ քայլերի է դիմել, Հայաստանյան գրեթե բոլոր դատական ատյաններով անցել է, պահանջել մի շարք փորձաքննություններ նշանակել, սակայն այդպես էլ չի կարողացել ապացուցել, որ իր կնոջ մահվան մեջ պատասխանատու են բժիշկները:
Եւ, ահա, այս դեպքից անցել է 4 տարի, սակայն Թերեզայի ամուսինը ձեռնունայն չի նստել եւ դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ու հիմա սպասում է ՄԻԵԴ-ի պատասխանին. «Եվրոպական դատարանից ինձ պատասխան է եկել, որ դիմումը ստացել են եւ այն քննության կառնեն եւ, առհասարակ, ինձ տեղի ունեցող պրոցեսների մասին տեղյակ կպահեն»:
Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել «Մոր եւ Մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւի հետ: Ընդունարանից մեզ հայտնեցին, որ Գեորգի Օկոեւը արձակուրդից նոր է վերադարձել եւ շատ զբաղված է: Փորձեցինք կապ հաստատել վերջինիս որդու՝ Գրիգորի Օկոեւի կամ հիվանդանոցի փոխտնօրեն Կարինե Առուստամյանի հետ, սակայն հիվանդանոցից հայտնեցին, որ Գեորգի Օկոեւի որդին արդեն մեկ տարի է, ինչ երկրում չէ, իսկ տիկին Առուստամյանը տեղում չէ: Ահա, այսպես օրեր շարունակ բազմազբաղ բժիշկներին հնարավոր չի լինում գտնել եւ պարզաբանումներ պահանջել, թե ինչ է կատարվում իրենց ղեկավարած բուժհաստատությունում:
Արդյոք Մարգարյան հիվանդանոցում 4 տարի առաջ իր կնոջը կորցրած Հենրիկ Կարապետյանը կկարողանա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջոցով հասնել արդարության, դժվար է ասել: Կապրենք, կտեսնենք: Բայց փաստն այն է, որ ՀՀ առողջապահության ոլորտում խնդիրները օր օրի շատանում են, բժիշկների ու բուժհաստատությունների նկատմամբ վստահությունը պակասում է, սակայն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է լայն ժպիտով ցավակցել հիվանդանոցներում տարբեր պատճառներով մահացածների հարազատներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ դեռեւս 2012թ ռուսերենի ուսուցիչներից Անաստասիա Բայկալովան հանդես էր եկել բաց նամակով, որտեղ ներկայացրել էր դպրոցում տիրող իրավիճակը, եւ, ահա, այս օրերին նշված բաց նամակը բուռ քննարկման առարկա է դարձել մասնագիտական շրջանակներում: Նկատենք, որ սա միակ աղմկալի դեպքը չէ, որ տեղի էր ունեցել Չեխովի անվան դպրոցում: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2013 թվականին գրել էր, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի եւ աշակերտներց մեկի մայրիկի՝ Նատալյա Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել: Եվ, ահա, ըստ տեղեկությունների՝ չի բացառվում, որ նա տեղի ունեցած միջադեպի համար դիմի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Աշակերտուհու մոր՝ ՄԻԵԴ դիմում ներկայացնելու եւ դպրոցի շուրջ անընդհատ աղմկալի պատմությունների շուրջ զրուցեցինք տնօրեն Գայանե Սարուխանյանի հետ:
armlur.am-ի հետ զրույցում Գայանե Սարուխանյանն ասաց, որ չգիտի, թե ինչ նպատակով են 2012 թվականին տեղի ունեցածը այս օրերին բարձրաձայնում: Անդրադառնալով դպրոցի շուրջ անընդհատ աղմկալի դեպքերին, թե արդյո՞ք այս ամենում իր մեղքի բաժինը չի տեսնում, Գայանե Սարուխանյանը պատասխանեց. «Հեշտ չի լինի վնասել այնպիսի մեկի, որ իր աշխատանքը լավ է կատարում, իսկ Դուք հարցը ձեւակերպեք այսպես, թե ո՞ւմ հանգիստ չեն տալիս դպրոցի հաջողությունները»:
Մեր այն հարցին, որ դպրոցի նախկին աշակերտուհիներից մեկի մայրիկն էլ պատրաստվում է դիմել ՄԻԵԴ, ինչ է նա մտածում այդ մասին, տնօրենն ասաց. «Իր քաղաքացիական իրավունքն է, կարող է անել այն, ինչ հարմար է գտնում: Դա դպրոցին որեւէ մտահոգություն չի կարող պատճառել, որովհետեւ ես իմ արարքների եւ, առհասարակ, դպրոցը իր արարքների համար պատասխանատու է»:

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հայաստանում դեղորայք ներմուծող խոշոր ընկերություններից «Տոնուս Լես» ՍՊԸ-ն դատի է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի ապրիլի 22-ին «Տոնուս Լես» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր Եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված որոշումները անվավեր ճանաչեն եւ «Տոնուս Լես» ՍՊԸ-ի իրականացված գործարքին մասնակից ճանաչեն: Նկատենք, որ Արաբկիր դատարանում Էկոնոմիկայի նախարարությունից բացի՝ պատասխանող է հանդես գալիս նաեւ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ եւ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ գնումների բողոքարկման խորհուրդը: Ավելին՝ տեղեկացանք, որ «Տոնուս Լես» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան պատասխանողների գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, ինչն այս գործով դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարել է:

 

ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂ ՉՈՒՆԻ
«Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում բռնությունների աճ» զեկույցի ԵԽԽՎ զեկուցող բրիտանացի Ռոբերտ Վալտերը ժամանել է շփման գիծ: Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում այցը պլանավորվում է իրականացնել սեպտեմբերի 15-16-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ շփման գծի հակառակ կողմ այցը կիրականացվի մոտ ապագայում:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն, armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ Վալտերը ԼՂՀ չի այցելելու մի քանի պատճառներով: «Մենք ասել ենք, եթե այդ մարդը վերանայի իր զեկույցի վերնագիրը, բովանդակությունը, փիլիսոփայությունը, միգուցե եւ պատրաստ կլինենք նրան ընդունելու: Բայց այսքան ժամանակ ոչ մի քայլ չի կատարվել: Նա ոչ միայն չի վերանայել իր զեկույցի վերնագիրը, բովանդակությունը, այլեւ բացեիբաց այցելում է Ադրբեջան, այնտեղից ստանում է համապատասխան ֆինանսական միջոցներ, բնամթերք, խավիար եւ այլն: Դե, հիմա բնական է, որ այս մարդը գործ չունի Արցախում: Ավելի ճիշտ կլինի՝ նա գնա Ադրբեջան, զեկուցի, որ զեկույցը պատրաստ է, վերցնի մի քանի տուփ խավիար եւ գնա իրենց տուն»:

 

ԹՈՔԱԲՈՐԲԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է: Armlur.am-ին փաստաբան Մարինե Թովմասյանը հայտնել է, որ նախնական եզրակացությունը չի հերքվել: Այսինքն՝ ինչպես ավելի վաղ մենք տեղեկացրել էինք՝ Մերի Մարգարյանի մահվան պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը, ծանր կոագուլապաթիան, հեպատո-սպլենոենգալիա ախտորոշումը: Հիշեցնենք, որ հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել էր հուլիսի 29-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել ու չի կատարել իր պարտականությունները, ինչի հետեւանքով Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ
ԵՄ անդամ երկրների ՆԳ նախարարները երեկ համաձայնության են եկել Հունաստանում, Իտալիայում եւ Հունգարիայում ապաստանած 120 հազար փախստականներին ԵՄ տարածքում վերաբնակեցնելու ծրագրի շուրջ:
Այդուհանդերձ, միության բոլոր երկրներում փախստականներին տեղակայելու համար պարտադիր քվոտաներ մտցնելու հարցում նախարարներն ընդհանուր հայտարարի չեն եկել:
Ծրագրին դեմ են Չեխիան, Հունգարիան, Սլովակիան, որոնք պնդում են, որ փախստականներին ընդունելու հարցը պետք է որոշի տվյալ երկրի ղեկավարությունը:




Լրահոս