Մարտի 19-ին՝ ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա ֆրանսահայ երգչուհի Հելեն Սեգարայի մենահամերգը` նվիրված ֆրանկոֆոնիայի միամսյակի բացմանը: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Տոմսերն արդեն վաճառվում են, գինը տատանվում է 3000 դրամից մինչեւ 25.000 դրամի սահմաններում:
Հիշեցնենք, որ Սեգարան ծնվել է 1971թ. Ֆրանսիայում: Նրա մայրն ազգությամբ հայուհի է: Երգչուհին 15 տարեկանից ելույթ է ունենում տարբեր բարերում եւ ակումբներում: 1997թ. Սեգարան մարմնավորել է Էսմերալդայի դերը “Նոտերդամ դե Փարիզ մյուզիքլում, որից հետո ձայնագրվել է “Անաստասիա” մուլտֆիլմի համար: 1999թ. նա ստիպված է եղել լքել մյուզիքլը, քանի որ շրջագայության ընթացքում գերծանրաբեռնվածության ու սթրեսի պատճառով կորցրել էր ձայնը: Սակայն հետագայում նա վերականգնել է այն: 2011թ. Youtube-ում տեղադրվել է նրա կատարմամբ “Դլե յաման” երգը: