ՀՀ նախագահի ընտրությունների նախնական ու վերջնական ընտրացուցակների հրապարակումը «Ժողովուրդ»-ի համար մի սկանդալային բացահայտման արդյունք դարձավ: Պարզվում է՝ երկրում առկա համատարած արտագաղթի ֆոնին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում ներգաղթ է՝ ընդ որում ձյան պատճառով վերջնականապես փակված ճանապարհների առկայության պայմաններում:
Ցուցակի 33-ը դարձավ 66
Բայց ամեն ինչի մասին հերթով. այն պահից, իսկ ավելի կոնկրետ՝ անցյալ տարվա դեկտեմբերի 5-ից, երբ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Վարդենիսի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գարիկ Երանոսյանը նշանակվեց այդ պաշտոնում, իր հարազատ հոր գյուղում՝ Վերին Շորժայում (գյուղապետը Գարիկի հայր Արտեմ Երանոսյանն է), բնակիչների ներգաղթ սկսվեց՝ Վարդենիսից դեպի Շորժա: Փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընտրողների ցուցակներում 33 քվեարկողներ կային. ընդ որում նրանցից երկուսի ծննդյան տվյալներն ավելի քան ծիծաղելի են. Ռուբեն Զոհրաբյան՝ 00.00.1948 եւ Խաչիկ Երանոսյան՝ 00.00.1937: Իսկ ահա վերջնական ընտրացուցակներում արդեն միանգամից 54 ընտրողներ են հայտնվել: Եվ որպեսզի ընթերցողի համար ամեն ինչ պարզ լինի, տեղեկացնենք, որ նախկին ադրբեջանաբնակ Վերին Շորժա գյուղը սար է, յայլա, որտեղ մարդիկ գնում են՝ բնակվելու ամռան մեկ-երկու ամիսներին՝ իրենց անասուններին պահելու համար, եւ ողջ գյուղը փլատակներ են՝ բառի ամենաուղիղ իմաստով:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ գյուղում առկա է բնակության համար պիտանի մոտ 10 տուն, որից 4-ը վկայական ունեն, մյուսները՝ անհասկանալի կարգավիճակ: Մի քանի տուն էլ կա, որոնք չունեն անգամ դուռ ու լուսամուտ: Պարզեցինք նաեւ, որ 4 տներից 3-ը պատկանում են գյուղապետ Արտեմ Երանոսյանին՝ տարբեր մարդկանց անուններով՝ Զեմֆիրա Շաբոյան, Խաչիկ Երանոսյան: Թե ինչպես է հաջողացրել Գարիկ Երանոսյանը հանուն հարազատ հայրիկի 4 վկայականով տուն ունեցող «սեփական» գյուղում շուրջ 66 մարդ «տեղավորել»՝ որպես փաստացի բնակիչներ, դժվար է հասկանալ՝ առավել եւս, երբ նշված շատ հասցեներում ընդհանրապես տներ չկան:
Տեսուչների վրա՞ են կոտրելու
Գրեթե անմարդաբնակ գյուղում արված թարմ գրանցումների հարցով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ, որը պարզաբանեց. «Հաշվառման հիմքերը ուսումնասիրվել են մեր կողմից: Նոր պետի՝ Գարիկ Երանոսյանի պաշտոնավարման ժամանակ ընդհանուր 33 հաշվառման գործողություն է արվել Վերին Շորժայում: Հաշվառման օրինականությունը ապահովված է, բոլոր հասցեները ստուգվել են տեղամասային տեսուչների կողմից, կան համապատասխան տեղեկանքներ, իսկ տեղամասային տեսուչը տեղեկանք է տալիս, երբ որ այցելում է հասցե եւ տեսնում, եթե դիմումատուն փաստացի բնակվում է այնտեղ, նոր է տեղեկանք տրամադրում: Իսկ այդ տեղեկանքների հիման վրա կատարվել է այդ հաշվառումը»:
Ինչպես ասում են, տեղ հասանք: Հովիկ Քոչարյանը ողջ պատասխանատվությունը բարդում է տեղամասային տեսուչների վրա, որոնք ղեկավարվում են Վարդենիսի ոստիկանապետ Տիգրան Գալստյանի կողմից: Իսկ ո՞րն է տեսուչների մեղքը. ինչպես Քոչարյանն է նշել, «բոլոր հասցեները ստուգվել են տեղամասային տեսուչների կողմից»: Իսկ «Ժողովուրդ»-ը հիմնավոր ապացույցներ ունի, որ տեսուչները չեն ստուգել հասցեները. թե ինչու, պատճառներ շատ կան (չի բացառվում նաեւ դրդման կամ շահագրգռման մեթոդների գործադրումը), բայց գլխավորն այն է, որ գյուղ տանող բոլոր տեսակի ճանապարհները դեկտեմբերից մինչ օրս անանցանելի են: Ո՛չ մեքենայով, ո՛չ ձիով, ո՛չ էշով, ո՛չ էլ անգամ ոտքով անհնար է այս օրերին հասնել Վերին Շորժա: Նույնիսկ փրկարարները չեն կարող հասնել այնտեղ. ճանապարհը բացվել էմիայն ՀՀ նախագահի ընտրությունների օրը, ու կրկին ձնաբուքը փակել է: Հետեւաբար խոսել փաստացի բնակության մասին տեսուչների բերած տեղեկանքներից, պարզապես անհեթեթություն է: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու են մարդկանց այդքան շտապ գրանցել Շորժայում: Ի՞նչ է պատահել, ո՞վ է խնդրել, հորդորել կամ պարտադրել: Իսկ եթե այդ պայմաններում, այնուամենայնիվ, տեսուչները նման փաստաթղթեր են լրացրել, ապա դրանց օրինականությունը, մեղմ ասած, կասկածի տակ է ու պետք է որ առաջին հերթին հետաքրքրի ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ հատուկ քննչական ծառայությանը (նաեւ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությանը):
Փաստացի բնակիչները փաստացի չկան
Բայց որպեսզի հասկանալի լինի, որ Շորժայում գրանցված մարդիկ այնտեղ չեն ապրում, ուստի տեսուչները չէին կարող նման տեղեկանք տալ (սեփականության վկայականներով գրեթե գործարքներ չեն արվում, քանի որ այդպիսիք գրեթե չկան), «Ժողովուրդ»-ը զրուցեց բոլորովին վերջերս Վարդենիս քաղաքից իրենց գրանցման վայրը փոխած եւ Շորժայի փաստացի բնակիչ դարձած մի քանիսի հետ: Սասուն Խաչատրյանը, որը գրանցված է 1 հասցեում, ասաց. «Ես Վարդենիսում եմ ապրում հիմնականում: Այդտեղ չեմ մնում: Բայց էդ տեղը իմն ա, էդտեղ սար ենք բարձրանում: Ոչխարներ ունենք, տանում ենք՝ արածեցնելու: Ամառը մի հատ կառույց, բան կսարքեմ, որ մնալու տեղ լինի, էդ տեղը շատ ա ձեռ տալիս ինձ»: Հիմա հասկացա՞ք, որ ոստիկանության թաղային տեսուչը չի գնացել Շորժա ու չի պարզել՝ մարդը այնտեղ ապրում է, թե ոչ:
Շորժայի բնակիչ դարձած Վահագն Խաչատրյանը, որը եւս նույն հասցեում է գրանցված, բացատրեց. «Ես ու մայրս ենք գրանցված… Էդտեղ լավ տնտեսություն է, անասնապահություն ստեղծելու լավ տեղ ա, դրա համար էլ մայրիկիս հետ գրանցվել եմ: Եթե եղել եք, կտեսնեք՝ դպրոց չկա, բան չկա»: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց ու պարզեց, որ այն հասցեում, որտեղ գրանցված է Վահագնը, 7 տարբեր մարդիկ են գրանցված, ու այդ հասցեում ընդհանրապես որեւէ տուն չկա՝ փլատակներից մնացած մի քանի քարեր են եւ վերջ: Հետաքրքիր է՝ փաստացի ի՞նչ հիմքերի վրա է կատարվել գրանցումը: Քրիստինե Մհերյանն էլ մեզ փոխանցեց. «20 օր առաջ եմ գրանցվել: Տարածքը մերը չէ, ուղղակի գրանցվել ենք, հետագայում կարող ա վերցնենք ու ապրենք: Բնակելի որեւէ բան չունենք»: Զրուցեցինք նաեւ Տարոն Բադեյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է փաստացի բնակվում մի հասցեում, որտեղ բնակավայր չկա: Տարոնը մի պահ շփոթվեց, երբ լսեց, որ իրեն անհանգստացնում են գյուղի հարցով, որտեղ տներ չկան, ապա ասաց. «Կա շենք, ո՞նց չկա: Աչքիս Դուք շփոթել եք: Բայց այդտեղ ճանապարհը փակ ա, Դուք ո՞նց եք գնացել: Բա քուրի՛կ ջան, որ հող կա, ուրեմն այդտեղ ապրում ենք, շատերն են զարմանում, բայց մեզ համար սովորական բան է»:
Կարեն Բադեյանը եւս ակամայից խոստովանեց, որ փաստացի գրանցված է մի բնակավայրում, որտեղ բնակարան չկա. «Դա ժամանակավոր տարածք է, որոշել ենք այդտեղ բնակարան կառուցել: Ճիշտ է, քարքարոտ տեղ է, բայց հետագայում կառուցելու նպատակ ունենք: Դրա համար էլ տեղափոխվել ենք՝ գրանցման»:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչությունը՝ ի դեմս Վարդենիսի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գարիկ Երանոսյանի, որը, ի դեպ, իր աշխատասենյակի դռան վրա փակցրել է «Անձնագրային ծառայության պետ» ցուցանակը, խախտելով ոչ միայն էթիկայի, այլեւ ոստիկանության կանոնակարգը, անհասկանալի պայմաններում «ներգաղթ» է ապահովել դեպի գյուղապետ հոր համայնք:
Այս պատմությունից երեք հետեւություն կարելի է անել. «Ժողովուրդ»-ի հրապարակման հետեւանքով կա՛մ պետք է պատասխանատվության ենթարկվեն խեղճուկրակ տեսուչները, որոնք ընկել են Երանոսյանների ծուղակը, կա՛մ տեսուչների ղեկավար, Վարդենիսի ոստիկանապետ Տիգրան Գալստյանը, որ իմանալով կամ անտեղյակ նման կասկածելի գործարքներ է թույլատրել, կա՛մ Գարիկը՝ իր հովանավորյալ Քոչարյանով:
Հ.Գ. Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ «Ժողովուրդ»-ը պատրաստ է գնալ Շորժա համայնք՝ տեղում իրավիճակը պարզելու: Եթե, իհարկե, մեր երկրում որեւէ մեկը հանձն առնի բացել համայնք տանող անանցանելի ճանապարհը: Անգամ երեկ՝ երեկոյան, խմբագրություն զանգահարած համայնքի ղեկավար Արտեմ Երանոսյանը հրաժարվեց մեր թղթակցին ուղեկցել հայրենի գյուղ: «Ճանապարհ չկա, կգաք կմրսեք»,-մտահոգվեց գյուղապետը:
շարունակելի
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ