«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն իրենց վերահսկողության տակ ունեն Toyota ապրանքանիշի հազարավոր ամենագնացներ ու բեռնատարներ: Այս մասին են վկայում բազմաթիվ տեսագրությունները, որոնք արվել են Իրաքում, Լիբիայում ու Սիրիայում ԻՊ տեղակայման վայրերում, գրում է ABC:
Հեռուստաընկերության տվյալների համաձայն` ԱՄՆ իշխանությունները պաշտոնական հայցով դիմել են ճապոնական ընկերությանը` բացատրություն պահանջելով, թե ինչպես են ահաբեկիչները մշտական հիմունքներով մեծ թվով նոր մեքենաներ ստանում:
Ի պատասխան ԱՄՆ ֆինանսների նախարարության հակաահաբեկչական վարչության հարցմանը` Toyota-ն պատասխանել է, որ ոչ մի տեղեկություն չունի, թե ինչպես է ԻՊ-ը մեքենաներ գնում, սակայն պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գերատեսչության իրականացրած հետաքննությանը:
Ինչպես հայտնել է ԱՄՆ-ում Իրաքի դեսպան Լուկման Ֆայլին, վերջին օրերին ԻՊ ահաբեկիչները գնել են Toyota մակնիշի բացարձակ նոր հարյուրավոր մեքենաներ, որոնք համալրել են արդեն իրենց շահագործման տակ գտնվող հազարավոր մեքենաների շարքը:
Ահաբեկիչների մոտ մեծ հանրաճանաչություն է վայելում Land Cruiser և Hilux մոդելների մեքենաները: Այս մեքենաները զինյալներն օգտագործում են ինչպես ռազմական օպերացիաներում, այնպես էլ ահաբեկչական գործունեության համար: