«ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍՈՒՄ Ո՞ՆՑ ԴԵՐԱՍԱՆ ԿԴԱՌՆԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Վարդան Հովսեփյանը շուտով հեռուստադիտողներին կներկայանա նոր սերիալում` հանդես գալով գլխավոր դերում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր գործնական ծրագրերի մասին, խոսել օրեցօր շատացող դերասանական ստուդիաների եւ դրանց կասկածելի մասնագիտական որակների մասին:

-Վարդա՛ն, վերջին շրջանում նախկին հայտնի սերիալների հիման վրա ֆիլմեր են նկարահանվում: Վառ օրինակ է «Որոգայթը», որում ընդգրկված եք նաեւ Դուք: Այս միտումն, ըստ Ձեզ, ինչո՞վ է հետաքրքիր: Կպատմե՞ք` բացի այդ, էլի ի՞նչ նախագծերում եք ընդգրկված:
-«Որոգայթ»-ում գլխավոր հերոսներից մեկի երիտասարդությունն եմ խաղացել, լավ համագործակցություն ունեցա ռեժիսոր Ռոման Մուշեղյանի հետ: Առհասարակ, եթե սերիալը վերցվի ու նույն թեման նույն կերպ մատուցվի ֆիլմի տեսքով, դա իմաստ չի ունենա, բայց եթե մատուցման ձեւը փոխվում է, դա ուրիշ բան է: Կոնկրետ «Որոգայթի» դեպքում սերիալից մնացել է միայն անունը եւ որոշ կերպարներ: Վերջին շրջանում նկարահանվել եմ նաեւ «Շարմ» հոլդինգի մի ֆիլմում, որը հանդիսատեսը մինչեւ տարեվերջ, կարծում եմ, կտեսնի: Այնտեղ իմ խաղընկերներն են՝ Տաթեւ Հովակիմյանը, Արփինե Իսրայելյանը, Իշխան Ղարիբյանը եւ այլք:
-Իսկ սերիալներից նոր առաջարկներ ունե՞ք: Հեռուստադիտողները հիշում են Ձեր խաղը «Աննա», «Գեներալի աղջիկը» սերիալներում:
-Այո, պետք է ուրախացնեմ նրանց, ունեմ լավ առաջարկ, ընդ որում, գլխավոր կերպարն եմ կերտելու, շատ վառ, հետաքրքիր անհատի: Շուտով հեռուստադիտողները կտեսնեն ինձ այդ կերպարում:
-Մալյանի անվան եւ «Մետրո» թատրոններում եք աշխատել: Կենդանի արվեստը չե՞ք կարոտում…
-Իհարկե, շատ եմ կարոտում, միգուցե գա ժամանակ, որ թատրոնում աշխատեմ, բայց հիմա, երբ սերիալում գլխավոր դերակատար եմ, զբաղվածությունս դա թույլ չի տա: Գուցե թատրոնի կոմերցիոն ներկայացումներում խաղամ, բայց դժվար խաղացանկային դերասան լինեմ:
-Մի ժամանակ դերասանական ստուդիաներից մեկում դասավանդում էիք: Հիմա դրա համար էլ ժամանակ չկա՞:
-Հիմա ոչ, չեմ ուզում… Լիքը ստուդիաներ են բացվում, թող դասավանդեն էլի… Մարդիկ կան, մի երկու բան են սովորում, գնում են, ինչ-որ տարածք են վարձակալում, ասում են` եկեք, մենք ձեզ 4-5 ամսվա ընթացքում դերասանություն սովորեցնենք, գնաք, գովազդներում, սերիալներում նկարահանվեք… Բայց մարդիկ 4-5 տարում չեն կարողանում դերասանություն սովորել, էդ ո՞նց պետք է մի քանի ամսում սովորեն: Կամ նայում ես դասավանդողին, մեկը լինի` իրեն սովորեցնի, նա ի՞նչ պետք է ուսուցանի… Իսկ, առհասարակ, ստուդիաներ նախկինում էլ եղել են, ու միշտ էլ շատերի կողքին եղել են մարդիկ, որ լուրջ են մոտեցել իրենց աշխատանքին:
-Որոշ ժամանակ առաջ հարցազրույցներում նշել էիք, որ Ձեր սիրտը զբաղված է, բայց ժամանակն անցնում է, իսկ կարգավիճակի փոփոխություն Ձեր կյանքում դեռ չկա…
-Ոնց որ չկա, չէ… (ծիծաղում է):
-Կա՞ն որակներ, որոնցով, ըստ Ձեզ, կինը պարտադիր պետք է օժտված լինի:
-Կնոջ իմ նախընտրելի տարբերակը հայ կնոջ կերպարի իրականությունից հեռու չէ: Հայ կնոջ պատկերը, տեսակը առանձնահատուկ է, ինձ դուր է գալիս, որ նա դեռ պահպանում է մեր ավանդապաշտությունը, իհարկե, առանց ծայրահեղ մոտեցումների: Պարզապես կանացի ընդունված նորմեր կան, որոնք շատ գեղեցիկ են: Այլապես այսօր փողոցում քայլում ես, նայում ես մեկին, չես հասկանում` տղա է, թե աղջիկ… Կին-տղամարդ, ամեն ինչ խառնվել է…
-Իսկ երիտասարդների շրջանում ի՞նչ միտում կա, որ Ձեզ ուրախացնում է:
-Շատ եմ սիրում մեր երիտասարդներին, նրանք պայքարող են, թիկունք թիկունքի տված՝ ինչ ուզում են, փոխելու են: Բացի այդ` նկատում եմ, որ մեր երիտասարդները առավել քան երբեւէ ձգտում են ուսման, բարձրագույն կրթության. տարիներ առաջ այդ միտումը նույնքան տեսանելի չէր: Այսօր մեր երիտասարդները նաեւ շատ ստեղծագործ են դարձել, փողոցով քայլում ես, տեսնում ես` ֆոտոխցիկները ձեռքներին, կիթառը ուսներին… Շատ է դուրս գալիս… Կուզենայի մեր ջահելների «դուխը» շատ լինի, չկոտրվեն, մի քիչ դիմակայեն դժվարություններին ու ամենակարեւորը` մնան Հայաստանում:

 

 

 

 

«ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՄԱՆ ԽՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ»

«Ժողովուրդ»-ը շարունակում է հետաքրքրվել այն հայտնիների գործունեությամբ, որոնք ժամանակին բավական ակտիվ էին իրենց ասպարեզում, սակայն վերջին շրջանում նրանք չեն երեւում էկրաններին եւ ընթերցողները նրանց մասին տեղեկություն քիչ ունեն կամ գրեթե չունեն:

Այս անգամ մենք զրուցեցինք երգահան Էդգար Գյանջումյանի հետ: Նա մեզ տեղեկացրեց, որ այժմ աշխատում է «Կարոտի ծառեր» մանկական մյուզիքլի վրա, որի պրեմիերան կկայանա հաջորդ տարի` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երգահանը նաեւ նշեց, որ Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա կանտատ է գրել` նվիրված կնոջը:
Ինչպես հայտնի է՝ Գյանջումյանը նախկինում աշխատել է Նունե Եսայանի, Ալլա Լեւոնյանի, Զարուհի Բաբայանի, Շուշան Պետրոսյանի եւ այլոց հետ: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք վերջին շրջանում նա համագործակցում է հայ աստղերի հետ, նրանցից ստանում է պատվերներ: Ի պատասխան՝ Է.Գյանջումյանը նշեց, որ ամռան ընթացքում հասցրել է համագործակցել աստղերից ոմանց, օրինակ` Սոնա Շահգելդյանի հետ: Նրա խոսքով` հայ կատարողների շրջանում կան շնորհքով մարդիկ, սակայն ինքը համագործակցության ամեն առաջարկ չի ընդունում:
Մեր այն դիտարկմանը, թե այսօր աստղերը մեծ մասամբ դիմում են երգահանների, որոնք թեթեւ, դյուրամարս երգեր են հեղինակում, Գյանջումյանը պատասխանեց. «Այն, ինչ այսօր ստեղծվում է հայ երգարվեստում, հիմնականում մնայուն չէ, նման է ֆասթ ֆուդի, նույնիսկ եթե երգահանը, կատարողը ունեն տաղանդ, գերադասում են այլընտրանքային տարբերակներ, որոշ դեպքերում էլ աշխարհընկալման խորությունն է պակասում»:
Է. Գյանջումյանի խոսքով` ինքը հիմա կենտրոնացած է առավել լայնածավալ աշխատանքների վրա, օրինակ` ներկայացումների համար երաժշտություն է գրում:
«Ամերիկացի մի դրամատուրգի կողմից ներկայացման երաժշտությունը հեղինակելու առաջարկ եմ ստացել, հիմա ծանոթանում եմ պիեսին, կարծում եմ` հաջող համագործակցություն կստացվի»,- ասաց նա` հավելելով, որ այժմ ինքը` որպես երգահան, ավելի շատ պատվերներ է ստանում, քան տարիներ առաջ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՎ ՋԱԶԸ
Համաշխարհային եւ հայաստանյան պրեմիերաներ, ավելի քան 60 ստեղծագործությունների կատարումներ, բացառիկ նախագծեր. Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի բացմանը հաշված ժամեր են մնացել: Ինչպես տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում ամեն չորեքշաբթի տեղի կունենան կամերային, իսկ ամեն շաբաթ օրերին՝ սիմֆոնիկ համերգներ։ Հայաստանը կհյուրընկալի մեծանուն երաժիշտների: Փառատոնի մեկնարկին ՀՊԵՆ-ը հանդես կգա նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ եւ կներկայացնի խաչատրյանական գործեր: Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը։ Դեկտեմբերի 5-ին երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ։ Հայաստանի ջազ բենդի հետ երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։

 

ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀԻՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Կոմիտաս» փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:
«Հայ ազգը վաղուց իմ սրտում տեղ ունի: Համալսարանում ուսանելու տարիներին ձեռք բերեցի հայազգի ընկերներ, որոնք ինձ ծանոթացրին հայոց մշակույթին եւ հայերի հանդեպ սերս ավելի ամրապնդվեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է Շտեհնը: Դասական ժանրի երգչուհին, չհամակերպվելով թուրք հասարակության աշխարհայացքին, բազմիցս լքել է երկիրը:
Նա հոկտեմբերի 6-ին «Never Forget» խորագիրն ունեցող համերգային ծրագրով հանդես է գալու «Յանս» ակումբում:

 

ՄԱԼԱԽՈՎԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Ռուսական հանրահայտ «Дискотека авария» փոփ խմբի մեներգիչ Ալեքսեյ Սերովը հայց է ներկայացրել դատարան` իրեն հասցված բարոյական վնասի համար 2 մլն ռուբլու փոխհատուցում պահանջելով հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովից։
Սերովի համոզմամբ` 2015թ. փետրվարի 17-ին Մալախովի վարած «Թող խոսեն» թոք շոուի ընթացքում ոտնահարվել է անձնական կյանքի իր իրավունքը։
Հաղորդման թեման եղել է Սերովի ու նրա կնոջ ամուսնալուծության գործընթացը, ինչպես նաեւ՝ նրանց դստեր խնամակալության հարցը: Շոուի ընթացքում տեսակետ է հնչել, որ երգիչը տարել է իր 5 տարեկան դստերն ու թույլ չի տալիս, որպեսզի նա հանդիպի մորը։
Գործի առաջին դատական լսումը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-ին։




Լրահոս