
Կազբեկ-Լարս ավտոճանապարհը երեկ ձյան փլուզման պատճառով փակվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հազարավոր մեքենաներ մնացել են սահմանից այն կողմ: ՀՀ շատ քաղաքացիներ ստիպված են եղել ավտոճանապարհին հարակից բնակավայրերում բնակարաններ վարձել անորոշ ժամանակով: Բանն այն է, որ որեւէ կողմից՝ ո՛չ Հայաստանից, ո՛չ Վրաստանից, ճանապարհին մնացած քաղաքացիներին ստույգ ոչինչ չեն ասում: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանից պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում քաղաքացիների տեղաշարժն ապահովելու ուղղությամբ: «Կախված է եղանակային պայմաններից: Վրացական իշխանությունները չեն կարող հստակ ժամանակ ասել»,-նշեց նա: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանից, սակայն վերջինս մեր հաղորդագրություններին այդպես էլ չպատասխանեց: