Կանխատեսում. որքան կկազմի դոլարի փոխարժեքը տարեվերջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ այս տարվա օգոստոսի վերջին մեկ անգամ ևս անդրադարձա դրամ-դոլար թեմային և ինձ իրավունք վերապահեցի հորդորել մեր բնակչությանը չտրվել խուճապի և չկրկնել 2014թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերի սխալները, որոշ մասնագետների կողմից գրածս պարսավանքի արժանացավ: «Ամենագետ» փորձագետները կրկին լծվել էին ժողովրդին համոզելու գործին թե դոլարն աճելու է, սեպտեմբեր-հոկտեմբերին էլ կանխատեսում էին արժույթի շուկային նոր ցնցում և դրամի կտրուկ արժեզրկում: Բայց ինչպես և սպասվում էր, և ինչպես որ վստահեցնում էին շուկայից մի փոքր ավելի հասկացող և իրականում այդ շուկայում աշխատող գործարարները նման կանխատեսումները սխալ են: Կարող ենք փաստել, որ դոլարի գինը կազմեց այս տարվա ամենացածր ցուցանիշը` 468 դրամ:

Առաջարկում եմ ինքներս տրամաբանենք և փորձենք հասկանալ ինչպես կարելի է հաշվարկել և կանխատեսել դրամ-դոլար փոխարժեքը: Ուսումնասիրելով մեր տնտեսական ցուցանիշները` ակնհայտ տեսնում ենք, որ այսօր դրանք համապատասխանում են 2005-2006թթ. մակարդակին: Խոսքը հիմնականում ներմուծման, արտահանման և տրանսֆերտների ծավալների մասին է: Իսկ այդ տարիներին դոլարի փոխարժեքը կազմում էր 455-460 դրամ: Իսկ եթե հաշվի ենք առնում 2017թ.-ի սկզբին բանկերի կապիտալի ավելացման պահանջը, ըստ որի այն պետք է կազմի 30 մլրդ դրամ, ապա ստանում ենք դրամի արժևորման ևս մեկ պատճառ: Բանկերն արդեն սկսել են կատարել այդ պահանջը, ուստի նրանք ևս դոլար են վաճառելու շուկայում` կապիտալը դրամով համալրելու համար: Իսկ դրանք մեր շուկայի համար փոքր գումարներ չեն և իրենց ազդեցությունը անկասկած թողնելու են:

Ինչպես գիտենք բոլորս Նոր տարվա նախաշեմին դոլարը արժեզրկվում է` պայմանավորված դրամով կատարվող առևտրի ծավալների աճով:

Կարևոր գործոն են նաև բնակչության սպասումները: Վերադառնանք մեր ոչ վաղ անցյալին: 2014թ.-ի վերջին մենք ինքներս հրահրեցինք խուճապ` ազգովի դոլար առնելով: Մեկը փորձում էր «փրկել» իր խնայողությունը, մյուսն էլ` սպեկուլյացաների միջոցով գումար վաստակել: Արդյունքում տուժեցինք բոլորս: Ու դաս քաղեցինք: Ի վերջո նաև մեր «անտարբերությունը» դոլարի հանդեպ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին հանդարտացրեց շուկան և այսօր մենք ունենք կայուն արժութային շուկա և չբարձացող գներ:

Ահա հենց այս պարզ հաշվարկի միջոցով, մենք ինքներս կարող ենք կանխատեսել, որ դոլարի փոխարժեքը մինչև տարվա վերջ հավանաբար կկազմի մոտ 460 դրամ: Ի դեպ` երբ այս ցուցանիշը մեր բանկիրների կողմից` որպես կանխատեսում հնչեցվեց հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ դեռ սեպտեմբերին, շատ օպտիմիստական թվաց, մինչդեռ այսօր այն իրականություն է դառնում:

Կկրկնվեմ, բայց մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ ստեղծելով դոլարի նկատմամբ արհեստական պահանջարկ` մենք նպաստում ենք դրա փոխարժեքի աճին, որն իր հետ անխուսափելիորեն բերում է նաև ապրանքների, կոմունալ ծառայությունների գների բարձրացում: Ընկնում է մարդկանց գնողունակությունը, ուստի, կարելի է ասել, որ մենք բոլորս աղքատանում ենք: Ու լավ կլինի, որ շուկայի որևէ տատանման ժամանակ, թեկուզ սեզոնային, շուկայի մասնակիցները չխուսափեն ժողովրդին բացատրություններ տալուց: Մարդկանց բացասական սպասումները գալիս են հենց իրազեկման պակասից:

Անի Ստեփանյան




Լրահոս