Մարդու իրավունքների վիճակը Քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է 2012 թվականի իր զեկույցի Քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հատվածը:
Քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ  թերացումներն ու դրական զարգացումները.
Ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ կապված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված անձանց բնակարան (բնակելի տուն) հատկացնելու գործընթացի կազմակերպման հետ:
Մտահոգիչ են ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները, մասնավորապես` ինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերը, ինչը վկայում է նախարարության ոչ պատշաճ վերահսկողության եւ ոչ բավարար միջոցառումներ իրականացնելու մասին:
Շարունակվում է գործնականում անտեսվել սակավաշարժ խմբերի եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար շինությունների հարմարեցվածության խնդիրը:
Արձանագրված դրական զարգացումները
 Երեւան քաղաքում կիսակառույց շինությունները գույքագրելու եւ շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող փաստաթղթերի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 240 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը իրականացրել է վերահսկողություն կառուցվող շինությունների նկատմամբ:
Նախատեսվում է կրկին շրջանառության մեջ դնել “Քաղաքաշինական գործունեության վերահսկողության եւ հսկողության մասին” ՀՀ օրենքի նախագիծը:
Ողջունելի է այն, որ ՀՀ   քաղաքաշինության  նախարարության կողմից Պաշտպանի առաջարկությունն ընդունվել է, եւ, արդյունքում, մշակվում  է  ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1923-Ն որոշման եւ ՀՀ քաղաքաշինության նախարարի ու ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 1998 թվականի մայիսի 26-ի թիվ 108-Կ համատեղ հրամանի նախագծերը` նշված փաստաթղթերում կիրառվող ,բացվածքե արտահայտությունը հանելու համար, ինչը կվերացնի այս հարցի շուրջ առկա տարաբնույթ մեկնաբանությունները:




Լրահոս