Նորահայտ միլիոնատեր դատավորը. մինչ պաշտոնին անցնելը նրա ամսական աշխատավարձը եղել է 42 հազ. դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանի դրամական միջոցները ընդամենը տասը օրում հազարապատիկ անգամ աճել են:

Բանն այն է, որ անցած տարվա դեկտեմբեր 24-ին դատավոր նշանակվելիս նա հայտարարագրել է 26 հազ. դոլար եւ 12,5 մլն դրամ դրամական միջոց: Իսկ մի քանի ամսից, երբ ներկայացրել է 2014-ի ամբողջական հայտարարագիրը, նրա դրամական միջոցների չափը փոխվել է: Պարզվում է՝ նա անցած տարեսկզբին ունեցել է ոչ թե 26 հազ., այլ 26 մլն 500 հազ. դոլար եւ 13.750 հազ. դրամ, որը տարեվերջին դարձել է 26 մլն դոլար եւ 12 մլն 200 հազ. դրամ: Ի դեպ, միլիոնատեր Ս. Սահակյանը, մինչեւ դատավոր դառնալը, չնչին աշխատավարձ է ստացել՝ նրա ամսական աշխատավարձը կազմել է ընդամենը 42 հազ. դրամ:

Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը նման չնչին գումարի դիմաց աշխատել է եւ, ի վերջո, դատավոր է դարձել: Նա անցած տարի ինչ-որ այլ եկամուտ էլ է ունեցել՝ 1 մլն 234 հազ. դրամի չափով: Ի դեպ, դատավորի պաշտոնը ստանձնելիս Սահակյանը հայտարարագրել է 4 հողամաս, մեկ անհատական բնակելի տուն, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենա: Սահակյանի կինը՝ Մարինե Կարապետյանը, ով չի աշխատում, հայտարարագրել է 8 հազ. 500 դոլար եւ 3 մլն 700 հազ. դրամ:




Լրահոս