Նախկին վարչապետի հայրը հաղթեց դատախազությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկուկես տարի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հայցը՝ ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հորը` Ռազմիկ Դարբինյանին պատկանող ընկերության: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախկին վարչապետի հայրը հաղթեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությանը:

Գրել էինք, որ դատախազությունը 2014թ մարտի 18-ի իր հայցադիմումով Ռազմիկ Դարբինյանից պահանջել է հօգուտ պետական բյուջեի գանձել 12 միլիոն 477 հազար 120 դրամ:

Ի դեպ, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին վարչապետի հոր դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու պահանջով, ինչը գործով դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարարել է:

Իսկ ինչն էր եղել պատճառը. Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը դատարան ներկայացրած հայցում գրել է, որ 2010թ. հուլիսի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Արմոն Օհանջանյան Նամագերդին մաքսանենգությամբ Հայաստան է տեղափոխել 12 միլիոն 477 հազար 120 դրամ արժողության ապրանքներ (նաբաթ, պիստակ, սիսեռ, դդմի կորիզ եւ նուշ): Տեղեկացանք նաեւ, որ մաքսանենգության փաստի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: Ավելի ուշ քննիչը որոշել է՝ մաքսանենգությամբ մեր երկիր բերված ապրանքները ի պահ հանձնվեն «Ուրարտու» ՍՊ ընկերության մաքսային պահեստին: Սակայն կարճ ժամանակ անց պիստակը, սիսեռը եւ մյուս ապրանքները մկները կերել են ու վնասել ներկրված գույքը: Բայց քանի որ դատախազությունն, ըստ էության, կասկածներ է ունեցել, որ միգուցե պահեստի ապրանքը գուցե վաճառվել է փչացածի անվան տակ, ուստի պահեստի պատասխանատուից՝ ՀՀ նախկին վարչապետի հորից՝ Ռազմիկ Դարբինյանից, պահանջում է վճարել շուրջ 12 միլիոն դրամ:

Արդյունքում դատարանն էլ իր հերթին էր փորձաքննություն նշանակել՝ պարզելու համար, թե մաքսանենգ ճանապարհով ներկրված ընդեղենը կարո՞ղ էր այդ պահեստում պահպանել իր ապրանքային տեսքը եւ պիտանի լինել օգտագործման, եթե պահեստի ղեկավարությունը պահպաներ ապրանքների պահպանման չափանիշները: Եվ, ահա, դատարանը, լսելով կողմերին, ինչպես նաեւ հաշվի առնելով փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ ապրանքները մինչ պահեստ տեղափոխելը արդեն իսկ վնասված են եղել, հոկտեմբերի 23-ին որոշում է կայացրել՝ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հայկ Մովսեսյանի՝ ընդդեմ Ռազմիկ Լեւոնի Դարբինյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին մերժել:




Լրահոս