Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը հավատարմագրում է անցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտն (ԳՊՄԻ) ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը ԳՊՄԻ:

Նոյեմբերի 16-19-ն ընկած ժամանակահատվածում փորձագիտական խումբը ԳՊՄԻ-ում հանդիպում-քննարկումներ կունենա բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների և շրջանավարտների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:

Փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահան Սարգսյանը: Փորձագիտական խմբի մյուս անդամներն են հոգեբանական գիտությունների թեկնածու Մարգարիտա Շահվերդյանը, անասնաբուժական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ դոցենտ Գարեգին Համբարձումյանը, բելգիական VLUHR հավատարմագրման կազմակերպության որակի ապահովման փորձագետ Կլարա Դը Ուայլդը և ՀԱԱՀ ուսանող Գոհար Միքայելյանը:

Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի:




Լրահոս