Ապրիլի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակության հետ: Պատվիրակությանը ընդունեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը:
Հանդիպման ընթացքում, պատվիրակության ղեկավար պարոն Ռեստելինին ներկայացրեց հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները և նշեց, որ կան դրական տեղաշարժեր, սակայն իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել այն խնդիրների վրա, որոնք բարելավման կարիք ունեն: Պատվիրակության անդամները անդրադառնալով ազատազրկման և Ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրերում գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերին, առանձնացրեցին մի շարք հանգամանքներ, այն է` վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման, դրանց բացահայտման և պատժողական քաղաքականության հարցերը:Բանախոսները նշեցին, որ այս ոլորտներում առկա են մի շարք բացթողումներ, որոնք շտկման և բարելավման կարիք ունեն:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը նշեց, որ համամիտ է բարձրացված խնդիրների հետ, որ դեռևս կան բարեփոխման ենթակա հարցեր, և շեշտեց, որ ՀՀ դատախազությունը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պայքարում է հանցավոր այդ երևույթների դեմ: Պարոն Ա. Թամազյանը միաժամանակ նշեց նաև, որ ՀՀ դատախազությունը պատրաստակամ է լսելու հանձնաժողովի առաջարկները, քննարկելու և օրենսդրության սահմաններում դրանք կիրարկելու:
Հանդիպումը ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, ով շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին, մանրակրկիտ աշխատանքների համար, խնդիրները հանգամանալից ուսումնասիրելու և վերհանելու համար, և հավաստիացրեց, որ ՀՀ դատախազության ղեկավարությունը պատրաստակամ է և վճռական, իրականացնելու այն բոլոր բարեփոխումները, որոնք կարող են նպաստել հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազին ջերմ և կառուցողական հանդիպման համար: