«Ապարան» Բ/Կ-ի տնօրենը բնակիչներին չի տրամադրում գերճշման դեմ նախատեսված դեղամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակիչ Հարություն Համամջյանը բաց նամակով դիմում է «Ժողովուրդ» օրաթերթին եւ հայտնում, որ «Ապարան» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը իրեն չի տրամադրում արյան գերճշման դեմ նախատեսված դեղամիջոցները:

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ժողովուրդ»-ի՝ հոկտեմբերի 22-ի համարում տպագրված Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակչի՝ Հարություն Համամջյանի բաց նամակի հիման վրա քրգործ է հարուցվել: Իսկ բաց նամակում Հ. Համամջյանը նշել էր, որ ինքն ունի 4 անբուժելի հիվանդություն: «Հոգեկան փոքրիկ խնդիրներ, որոնք ձեռք եմ բերել 1985 թվականին, սովետական բանակում: Ունեմ սրտի բնածին արատ, որի դեմ խմում եմ կոնկոր տեսակի դեղահաբ: Ուղեղի ցնցման դեմ մասնակի բուժում եմ ստանում, իսկ իբրեւ հետեւանք մնացել է արյան գերճնշումը: Դա ներգանգային ճնշում է, ամեն օր դեղահաբեր եմ խմում արյան ճնշման դեմ: Դրանք թանկարժեք դեղեր են, իսկ ես այդքան ֆինանսներ չունեմ: Դեղատներին պարտք եմ ավելի քան 40 հազար դրամ: Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 19 հազար դրամ, բայց միայն 25-30 հազար դրամ ամսական իմ ճնշման դեղերն արժեն, որոնք պարզապես չի տալիս Ապարանի բուժկենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը: Նա ինձ վրա էքսպերիմենտ է անում, որը արգելվում է ՀՀ օրենքով եւ Սահմանադրությամբ»,- նշված է եղել քաղաքացու բաց նամակում:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ապարան» ԲԿ-ի տնօրեն Հայկ Շմավոնյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ վերջինս քաղաքացուն չի տրամադրում անհրաժեշտ դեղերը: «Ես շատ լավ ճանաչում եմ Հարություն Համամջյանին: Քրգործ է հարուցված, եւ մենք բոլոր նյութերը ներկայացրել ենք քննչական մարմնին: Մարդ պետք է ճնշում ունենա, չէ, որ մենք իրեն դեղամիջոց տրամադրենք: Ինքը ինչ-որ թղթի վրա գրված դեղերի անուններ է բերում ու ասում, որ սրանք ինձ պետք են: Դեղը սնունդ չէ, այն տալիս են այն ժամանակ, երբ դրա կարիքը կա: Ես չեմ կարող, որպես տնօրեն, բոլորին ամեն օր ստուգեմ»,- արդարացավ ԲԿ-ի տնօրենը:

Վերջինս նշեց նաեւ, որ դժգոհող քաղաքացուն իր հոգեկան խնդիրների համար անհրաժեշտ դեղորայքը անվճար է տրամադրվում: Ավելին՝ ԲԿ-ի տնօրենը հայտնեց, որ Համամջյանը իրենց բուժկենտրոնում «պառկել է»: «Հետո՝ մենք իրեն ուղարկել ենք հետազոտման: Բայց նա Երեւանում բուժզննում անցած արդյունքները չի ներկայացրել: Ասում է՝ այս դեղերը ինձ նշանակել են, հարցնում եմ՝ ո՞վ, պատասխանում է՝ Երեւանի բժիշկը: Բայց Երեւանի բժիշկը չի կարող նման սովորական թղթերի վրա նշանակումներ անել: Բժիշկը դեղերի անունները գրում է հատուկ թղթի վրա»,- պարզաբանեց հայաստանյան հիվանդանոցներից անտեղյակ երեւացող Շմավոնյանը:

Սակայն Համամջյանը համառորեն պնդում է, որ ԲԿ-ի տնօրենն իրեն չի տրամադրում «արյան գերճնշման» դեմ համապատասխան դեղերը: Ի դեպ, վերջինս Շմավոնյանից պահանջել է նաեւ իրեն տրամադրել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնցով կկարողանա հաշվառվել Երեւանի պոլիկլինիկաներից որեւէ մեկում: Տեսնենք` խնդիրն ինչ լուծում կստանա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս