ՀԱՐՑ. Մեր թաղամասում ջրամատակարարման ընդհատումներ հազվադեպ են լինում, բայց արդեն քանի շաբաթ կեսգիշերից հետո ջուրը լրիվ կտրվում է, առավոտյան 7-8-ին ծորակները նորից են սկսում աշխատել: Հիշում եմ, որ ամեն տարի` մինչեւ խոր աշուն, ընդհատումները կրկնվում են: Այս տարի՞ էլ է պատմությունը կրկնվելու:
Թոթովենցի փողոցի սկզբնամաս)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընթերցողի հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի փողոցի սկզբնամասում ջրամատակարարումը, ըստ 2012թ. սեպտեմբերի 15-ին «Եթեր» շաբաթաթերթում հրապարակված պաշտոնական տեղեկատվության, իրականացվում է 7:00-13:00, 18:00-24:00 ժամերին:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ հայտարարված ջրամատակարարման ռեժիմը այն նվազագույն ժամանակացույցն է, որն ընկերությունը պարտավոր է ապահովել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն: Մինչդեռ մայրաքաղաքի շատ թաղամասերում, այդ թվում Թոթովենցի փողոցում, կախված առկա տեխնիկական հնարավորություններից եւ տարվա ժամանակաշրջանից` մենք ապահովում ենք ավելի երկարաձգված ջրամատակարարում, որը բնակիչների կողմից հաճախ ընկալվում է որպես պաշտոնական ջրամատակարարման ռեժիմ, իսկ ընդհատումը՝ իբրեւ «Երեւան ջուր» ՓԲԸ թերացում, ինչը, իհարկե, ցավալի է:
Միաժամանակ հիշեցնում ենք սպառողներին, որ վճարման անդորրագրի վրա նշվում է ջրամատակարարման պաշտոնական ժամանակացույցը, որի խախտման դեպքում նրանք կարող են ահազանգել 1-85 հեռախոսային կենտրոն:
Ինչ վերաբերում է Երեւանում եւ հարակից տարածքներում ջրամատակարարման ժամանակացույցին առաջիկա ամիսների համար, ապա այն նախատեսվում է հրապարակել ապրիլի 18-ին «Եթեր» շաբաթաթերթում, որի մասին հեռուստատեսությամբ լրացուցիչ հայտարարություն կլինի հրապարակմանը նախորդող 3 օրերի ընթացքում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստ է, որ «Երեւան ջուր» ընկերությունն ապահովում է նվազագույն պայմաններ: Եվ արդեն քանի տարի խոստացվող շուրջօրյա ջրամատակարարումն այդպես էլ հեռու է մնում իրականությունից: