Նոյեմբերի 25-ին Երևանի Նորքի 9-րդ փողոցում տեղի ունեցած «հանցավոր խմբավորման վնասազերծման հատուկ օպերացիան» տարատեսակ մեկնաբանությունների ու քննադատությունների տեղիք տվեց՝ համեմված տարաբնույթ մակդիրներով և գնահատականներով:
Այն, որ հանրությունը կատարվածը տապալված շոու է համարում, այժմ գաղտնիք չէ նաև ուժային կառույցների համար: Իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն առաջին անգամ չզլացավ և աղմկահարույց իրադարձությունից հետո ինքնակամ հանդես եկավ մեկնաբանությամբ՝ «չարախոսներին» և «մասնագետներին» հորդորելով «տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն` շնորհակալություն հայտնել օպերացիան իրականացրած աշխատակիցներին… Կանխվել են հրեշավոր վտանգներ, և դժվար է պատկերացնել՝ խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել»:
Այդուհանդերձ, հայ հասարակությունը հեռատեսի հայացք ուղղեց կատարվածին՝ վստահաբար ասելով, որ «հատուկ օպերացիան» ավելի շատ զավեշտ է հիշեցնում, որի գլխավոր ռեժիսորն ու բեմադրողը հենց իրականացնողն էր` Ազգային անվտանգության ծառայությունը:
Եվ արդեն երկրորդ օրն է՝ հայ հանրությունը բուռն քննարկում, վերլուծում և գնահատում է կատարվածը: Իրավական տեսանկյունից «հատուկ օպերացիայի» բացթողումները, ըստ «ոչ մասնագետների», սակայն սրատեսների, ակնհայտ աչք էին «ծակում»: Մասնավորապես, այսօր կարծիքներ հնչեցին այն մասին, թե ինչու էին «հանցավոր խմբավորման» թաքստոցից «առգրավված» փամփուշտները փամփշտակալում այն դեպքում, եթե խմբավորման անդամների կողմից որևէ դիմադրություն չի գործադրվել: Թերևս, ամենևին էլ պետք չէ պրոֆեսիոնալ լինել՝ հասկանալու համար՝ ի՞նչ կարիք կար գիշերվա ուշ ժամին աղմուկ բարձրացնել և կոտրել դարպասը, երբ պարիսպը գետնից շատ բարձր չէր:
Այսօր արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու այն հանգամանքին, որ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների տունը, մոտ մեկ տարի է, կապարանակնքված է, իսկ Նորքի 9-րդ փողոցում տեղակայված «թաքստոցը» հենց դեպքի օրն էլ «սելֆիների» համար շատ հարմար տեղ դարձավ: Եվ վերջապես, հույժ գաղտնի և փակ օպերացիայի անուն ստացած գործողությունները, պարզվեց, շատ ավելի բաց և թափանցիկ են եղել, քան, ասենք… «Լունապարակը» (ցավոք մեր երկրում չկա ավելի բաց և թափանցիկ երևույթ՝ գոնե որպես օրինակ ներկայացնելու համար):
Ավելին, ֆեյսբուքահայությունը հռետորական հարց է բարձրացնում՝ քաջ գիտակցելով, որ պատասխան չի տրվելու՝ ինչո՞ւ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվեց ազատամարտիկներ, սփյուռքահայեր, ընդդիմություն և տեռորիզմ բառերը: Պատասխանի կարիք, թերևս, չկա:
Միևնույն ժամանակ, պետք չէ բացառել նաև, որ «Հայոց Վահան» շարժման ղեկավար, որպես հանցախմբի պարագլուխ ներկայացված Արթուր Վարդանյանը և, ըստ նախնական վարկածի` նրա շուրջ հավաքված գործազուրկ քաղաքացիները կարող էին փորձանք դառնալ երկրի և անմեղ քաղաքացիների համար: Միգուցե…
Տաթև Հարությունյան