ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ-ԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿԱՄԱ ԴԱՇԻՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական անցուդարձին հետեւելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները եւ ընդդիմության մի մասը ակամա դաշնակիցներ են դարձել: Դաշինքի իմաստը Հայաստանի հանրությանը իրենց շուրջը տեղի ունեցող իրադարձություններից հեռու պահելն է:

Ինչո՞ւ ենք այսպես կարծում. այլեւս ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը ներկայումս ծանր կացության մեջ է, իսկ առաջիկա տարում իրավիճակն էլ ավելի է վատթարանալու, եւ անգամ իշխանությունները չեն կարողանում ժխտել նման հեռանկարի գոյությունը: Ուստի մի պահ պատկերացնենք, թե իշխանությունները չէին նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը: Բնականաբար, հանրությունը դրա արդյունքում չէր նիրհելու եւ փորձելու էր հասկանալ, թե որոնք են ստեղծված իրավիճակի պատճառները: Այն, որ ստեղծված իրավիճակի պատճառն իշխանությունների կոռումպացված բնույթն է եւ դրանից բխող նրանց վարած քաղաքականությունը, բոլորին է հասկանալի: Սակայն սահմանադրական հանրաքվեի հակաքարոզչության մեջ ներգրավված քաղաքական ուժերն այդ ամենը ներկայացնում են այսպես. «Ոչ ասեք սահմանադրական փոփոխություններին, որպեսզի ներկա իշխանություններն այլեւս չկարողանան շարունակել իրենց թալանը»: Բայց մյուս կողմից իրենք՝ ընդդիմադիրներն էլ են հասկանում, որ սահմանադրական փոփոխությունների տապալվելու դեպքում իշխանություններին հեռացնելու հարցը չի լուծվելու: Այսինքն՝ ստացվում է, որ հանրությունը հերթական անգամ խաբվելու է, որովհետեւ երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացը ավարտվի, մարդիկ կրկին անգամ արձանագրելու են, որ իրենք շարունակում են իրենց «կոտրած տաշտակի» առջեւ նստած դարդ անել:
Մյուս կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իշխանությունների համար եւս արդարանալու անսահման հնարավորություններ է ստեղծել: Նույնիսկ Սերժ Սարգսյանը չի խուսափում իր պաշտոնավարման բացասական հետեւանքները Սահմանադրության վրա բարդել: Օրերս մենք ականատես եղանք, թե ինչպես էր նա արդարադատության բացակայության մեղքը փորձում Սահմանադրության հետ կապել: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ քաղաքական պատվերներ կատարող դատավորները, որոնք մեկը մյուսից կոռումպացված են, որոնք ժառանգականության սկզբունքով են իրենց պաշտոններում նշանակվում, երբեք չեն կարող արդարադատություն իրականացնել, եւ կապ չունի, թե նրանք ինչ օրենսդրության հիման վրա են գործում: Նրանք նույնիսկ Կտակարանը կպղծեն:
Իհարկե, հարց կարող է ծագել՝ իսկ ինչ պետք է անեին այն քաղաքական ուժերը, որոնք, այնուամենայնիվ, որոշել են մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հակաքարոզչությանը: Նրանցից շատ բան չի պահանջվում, ուղղակի իշխանություններին քննադատելիս պետք է պատասխանատուների անունները եւս հնչեցնեն եւ ընդհանրական իշխանություններին քննադատելու գործելավոճից պետք է հրաժարվեն: Այն պարզ պատճառով, որ իշխանություն ասվածն ինչ-որ վերացական մարմին չէ, այն կոնկրետ մարդկանցից է բաղկացած: Օրինակ՝ երբ խոսքը գնում է տնտեսության ծանր կացության մասին, ապա պետք չէ մոռանալ, որ թիվ մեկ պատասխանատուն ներկա կառավարությունն է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ու 18 նախարարների մեղսակցությամբ: Ի դեպ, տվյալ դեպքում նախորդների գործոնն էլ էական չէ, որովհետեւ եթե ներկա կառավարությունն ինքն ավելի լավն է, ապա անցած մեկուկես տարում նրա գործունեության դրական արդյունքներն արդեն պետք է նկատվեին: Իսկ մենք հակառակ երեւույթի ականատեսն ենք: Երբ խոսքը գնում է արդարադատությունից, ապա դրա պատասխանատուն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է, վճռաբեկ դատարանի մյուս անդամների հետ միասին: Իհարկե, գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, բայց նրա վնասարարությանը նպաստում է մի ողջ համակարգ, որի մեջ ներառված են շուրջ հազար մեծ ու փոքր պաշտոնյաներ: Ու ամեն անգամ այս մարդկանց արածների համար միայն Սերժ Սարգսյանին հայհոյելը, մեղմ ասած, օգնում է, որպեսզի համակարգն ավելի մեծ թափով շարունակի աշխատել:
Այն հանգամանքը, որ ներկա ընդդիմությունը խուսափում է բարձրաստիճան պաշտոնյաներին անվանական անդրադառնալուց, ամենեւին էլ պատահական չէ: Նախ, այսպես կոչված, հին ընդդիմադիրները վաղուց արդեն տարբեր կապերով այդ նույն պաշտոնյաների հետ կապված են եւ կաշկանդված են: Նույն վիճակն է նաեւ մեկումեջ ընդդիմություն խաղացող քաղաքական ուժերի դեպքում: Նրանք պարտադրված են ընդհանրական քննադատել, եւ առավելագույնը, որ նրանք կարող են անել, բոլոր մեղքերը միայն Սերժ Սարգսյանի վրա բարդելն է, չնայած իրենք էլ գիտեն, որ նա ընդամենը բուրգի գլուխն է: Այսինքն՝ վաղ թե ուշ Հայաստանի հանրությունը փաստի առաջ է հայտնվելու՝ գիտակցելով, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները պետք է սկսվեն ընդդիմության փոփոխությունից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆՈՐ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
«Շենգավիթ» ԲԿ-ում նորածնի մահվան հերթական դեպքն է արձանագրվել: Նոյեմբերի 19-ին ծննդկան Լարիսա Շահբազյանի մոտ 36 շաբաթվա հղիությունից հետո արձանագրվել է պտղի մահացության դեպք: Ըստ կնոջ հարազատների` 26-ամյա աղջկան «Շենգավիթ» ԲԿ են ուղեգրել «Արմավիր» բժշկական կենտրոնից: Նրանց խոսքով՝ կնոջը «Շենգավիթ» ԲԿ-ում երկու անգամ արհեստական ցավեր են տվել, որ ծննդաբերի: Իսկ ավելի ուշ, երբ բժիշկները տարել են հետազոտման, հայտարարել են, թե երեխայի մոտ սրտի կանգ է գրանցվել: Ծննդկանի հարազատները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին: Ըստ հարազատների՝ հերթապահ բժշկուհին եղել է Անահիտ Սիրունյանը: Սակայն նրանք մեկ այլ բժշկուհու անուն էլ են տալիս՝ Անի Սեյրանովնա: Հիշեցնենք, որ դեռեւս 2015 հուլիսի 29-ին նույն այս հիվանդանոցում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները հայտարարում էին, որ Մերին հուլիսի 25-ին եւ 26-ին շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է նրան հոսպիտալացնել: Բժշկուհին, որը հրաժարվել էր Մերիին հոսպիտալացնել, եղել է հենց նույն Անի Սեյրանովնան, որը ծննդկանի մահվան քրգործով անցնում է որպես վկա: Նշենք, որ Մերի Մարգարյանի մահվան գործով կա եւս մեկ վկա՝ բժշկուհի Շուշանիկ Բախշյան: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Շուշանիկ Բախշյանի ամուսինը ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի բաժնի պետի տեղակալ Աշոտ Խաչատրյանն է: Նշենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ից մեկնաբանություն ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն:

 

 

ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՐՈՒՍՏ ԿԻՆԸ
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը դասվում է այն պաշտոնյաների շարքին, որոնց կանայք ավելի հարուստ են, քան իրենք: Զինդատախազի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմել են 17.5 մլն դրամ, 20 հազար դոլար եւ 500 եվրո: Իսկ նրա ամսական աշխատավարձը կազմել է 720 հազար դրամ: Փոխարենը զինդատախազի կնոջ՝ Սուսաննա Մեհրաբյանի դրամական միջոցները կազմել են 19 մլն դրամ, 55 հազար դոլար եւ 4 հազար եվրո: Մինչդեռ նրա կնոջ ամսական աշխատավարձը 116 հազար դրամ է: Թե ինչպես է հաջողացրել այդքան ունեցվածք կուտակել, թերեւս դժվար չէ կռահել:

 

ԼՈՒՍԱՑՈՒՅՑ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել թվով 20 հատ ռուսական արտադրության լուսացույցներ: Այդ լուսացույցները կարող են օգտագործվել երթեւեկության կարգավորման համար: Դրանք նոր են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ 3 մլն 300 հազար դրամով: Ինքնին այս աճուրդը ձեւական է, քանի որ լուսացույցներ Հայաստանում կարող է «օգտագործել» միայն ոստիկանությունը: Իհարկե, ցանկության դեպքում անհատները կարող են լուսացույցները գնել, եթե ցանկանում են դրանցով իրենց տունը զարդարել:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎԵՐԱՀՍԿԵԼԻ
Իրավապաշտպաններն ու ընդդիմադիրները մտահոգություն էին հնչեցրել, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միացել է այո-ի քարոզարշվին: Քարոզչական տեսահոլովակում Օհանյանն իր աջակցությունն է հայտնում սահմանադրական փոփոխություններին՝ ընդգծելով, թե նոր Սահմանադրությունը կնպաստի երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Բնականաբար, նախարարի խոսքը դիտվելու է որպես հրաման եւ զինվորները ստիպված են լինելու իշխանությանը ցանկալի քվեարկություն իրականացնել:
«Ազատության» հարցին, թե կարող է վստահեցնել, որ զինծառայողներին չեն պարտադրելու կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Կարաք վերահսկեք այդ հնարավորությունը: Վերահսկողության ամենից մեծ հնարավորությունը դուք ունեք»:

 

100 ՀԱԶԱՐ ԱՆԴԱՄ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, պատասխանելով Առաջին լրատվականի հարցին, թե փետրվարյան իրադարձություններից, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո քանի անդամ է հեռացել ձեր կուսակցությունից, ասել է. «Երբ վերջնական հաշվարկները կլինեն, այդ տվյալները կտրամադրենք: Բայց մի բան էլ ասեմ. մի ժամանակ, որ ասում էին, թե 500.000 անդամ ենք ունեցել, չենք ունեցել: Ոչ էլ 200.000 անդամ ենք ունեցել: Իմ կարծիքով՝ ավելի քիչ ենք ունեցել: Այս պահին գիտեմ, որ միանշանակ 100.000-ից ավելի անդամներ ունենք»:

 

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԶԵԿՈՒՅՑ՝ ԵԽԽՎ-ՈՒՄ
Փարիզում ավարտվել է ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստը: Նիստում քննարկվել է նաեւ Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառելու հարցը: Ինչպես հայտնի է՝ հայկական կողմը ներկայացնում էին պատգամավորներ Վահան Բաբայանն ու Նաիրա Կարապետյանը, ովքեր հանդես են եկել այդ զեկույցը չընդունելու առաջարկով, սակայն ԵԽԽՎ կայքից տեղեկանում ենք, որ այս առաջարկը 9 դեմ եւ 16 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժվել է: Հավելենք, որ վերջերս հակահայկական զեկույց էր ընդունվել նաեւ քաղաքական հանձնաժողովի նիստում: Այս երկու նախագծերն էլ կքննարկվեն հունվարին:




Լրահոս