Սիրիայում զոհված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի մարմինն այսօր կփոխանցվի Թուրքիայում ռուս դիվանագետներին: «Արմենպրես»ի հաղորդմամբ` այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Թուրքիայում ՌԴ դեսպանատան լրատվական բաժնի աշխատակից Իգոր Միտյակովը:
«Մեզ հավաստիացրել են, որ այսօր Խիտայ շրջանից Անկարա կտեղափոխվի ՌԴ հերոս Օլեգ Անատոլիի Պեշկովի դին: Թռիչքի ժամանակ նրան կուղեկցի դեսպանատան ռազմական ներկայացուցիչը: Անկարայի օդանավակայանում ինքնաթիռը դիմավորելու են ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը և դեսպանատան ներկայացուցիչները: Ճշտվում են օդաչուի դին ՌԴ տեղափոխելու օրն ու ժամը»,-ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտնել էր, որ թուրքական կողմը վերցրել է ռուս օդաչուի դին և պատրաստ է այն փոխանցել ռուս դիվանագետներին: «Մեր երկրին է փոխանցվել ռուս օդաչուի մարմինը, որը մահացել է սահմանի խախտման հետ կապված դեպքի ժամանակ: Այս գիշեր Խատայում գտնվող ուղղափառ հոգևորականների հետ համագործակցության արդյունքում կատարվել են բոլոր անհրաժեշտ կրոնական արարողությունները: Ռուսական կողմի խնդրանքով, օդաչուի դին կփոխանցվի այդ երկրի ներկայացուցիչներին»,-ասել էր նա: