2010թ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնի բակում՝ գետնի վրա, տեղադրվեցին կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Անրի Վեռնոյի, Համո Բեկնազարյանի եւ Ռուբեն Մամուլյանի անուններով աստղեր: Սակայն Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին զուգահեռ Տարոն Մարգարյանը որոշեց կինոթատրոնի բակը սալիկապատել: Արդյունքում՝ տեղադրված աստղերն անհետացան: Տարածքը սալիկապատող բանվորներից տեղեկացանք, որ դրանք քայքայվել էին, դրա համար էլ հանել են: Թե ինչ նյութից էին պատրաստված, որ այդքան շուտ քայքայվել էին, եւ ընդհանրապես, որտեղ են աստղերը, «Ժողովուրդ»-ը պարզեց «Ոսկե ծիրան»-ի գլխ. տնօրեն Հարություն Խաչատրյանից: Նրա խոսքով՝ աստղերը կրկին կտեղադրվեն փառատոնի մեկնարկից առաջ՝ հունիսի վերջին, ու դրանց կավելանա նաեւ 5-րդը` Շառլ Ազնավուրի պատվին: Նկատենք, որ այդ ժամանակ նորից պետք է այսօրվա սալիկների մի մասը քանդեն, կտրեն, որպեսզի աստղերը տեղադրվեն: Այսինքն՝ մեր երկրում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ