Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում, Opel մակնիշի 35 ԼՏ 860 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ժայռաբեկորներին և մի քանի շրջան շրջվելով՝ մոտ 30 մետր առաջ է գնացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Վանաձոր քաղաքի բնակիչներ, 25-ամյա Աղասի Սարգսյանը և 24-ամյա Սուրեն Ղալայանը տեղում մահացել են, իսկ 24-ամյա Յուրիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով երկու հոգի դուրս էին շպրտվել ավտոմեքենայից, ինչպես նաև կոտրվել էին անվահեծերն ու ավտոմեքենայից պոկվել և շպրտվել էր գազի բալոնը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի