«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՇԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՁԵՎԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Ամանոր է, եւ գալիք տոնին ընդառաջ տեղին է հիշել հայկական Ամանորի ծեսի եւ մեզ բնորոշ հին ավանդույթների մասին: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հետ: Նա նախ բացատրեց, թե ինչ է նշանակում «Ամանոր», որտեղից է գալիս այս անունը: «Ըստ մեր դիցաբանության, ըստ Ագաթանգեղոսի` Ամանորը եղել է կին, որին սիրահարվել է Վանատուրը: Նա` որպես սիրո առաջին խոստովանության նշան, կարմիր խնձոր է նվիրել Ամանորին, այսինքն` տիեզերքի պտուղը (ի դեպ, տոնական ծառի վրա կարելի է նաեւ կարմիր խնձորներ կախել): Այս երկուսի միասնությունից ստացվել է բերքատվության, հյուրասիրության, ընտանիքի գաղափարը։ Նրանք տիեզերական զույգեր են, ուստի Ամանորը համարվում է ընտանեկան տոն»:

Նրա խոսքով` 1758 թվականից, ըստ Սիմեոն Երեւանցու ընդունած Կոնդակի, տարվա սկիզբ համարվել է հունվարի 6-ը` Սուրբ ծննդյան օրը: Մինչ տարվա սկիզբը մարդիկ պաս են պահել, ապա տոնել են Նոր տարին: Այնուհետեւ 1923 թվականին մեր եկեղեցին ընդունել է, որ Նոր տարին պետք է նշվի հունվարի 1-ին, իսկ հունվարի 6-ին նշվելու է Սուրբ ծնունդը: Այժմ Նոր տարին նշում ենք 13 օր` հունվարի 1-ից մինչեւ 13-ը:
Ինչ վերաբերում է ծիսական ծառին, ապա, նրա փոխանցմամբ, Արեւմտյան Հայաստանում նախկինում հայերը գաթա են թխել, գաթայի վրա ձիթենու ճյուղ են տնկել, դրա վրա կապել են տարբեր տեսակի չրեղեն, ընկույզ, պնդուկ, նուշ, տարել եկեղեցի, օրհնել են, որից հետո իբրեւ ծես ընտանիքի անդամներից ամեն մեկը իրենց մազից կապել են ճյուղի վրա` որպես երկարակեցության խորհրդանիշ: Այնուհետեւ այդ ճյուղը վառել են, վրայի չրեղենն ու ընկուզեղենը օգտագործել:
Նախկինում Արեւմտյան Հայաստանում զարդարել են նույնիսկ սովորական ծառեր, օրինակ` բալենի, իսկ խաղալիքները պատրաստվել են հիմնականում երեխաների ձեռքով:
Յուրահատուկ է եղել նաեւ հին հայկական ամանորյա սեղանը, որի վրա հյուրերին մինչեւ հունվարի 6-ը մատուցվել է զուտ բուսական սնունդ: Սեղանի հիմնական զարդը եղել է լոբին: Հյուրերին մատուցվել է նաեւ ընդեղեն, ձավարով ճաշեր, պասուց տոլմա, կանաչիներ, որոնք պատրաստվել են բուսական ձեթով:
Լ. Ագուլեցին պատմեց, որ նախկինում ամանորյա տոներին հետաքրքիր ավանդույթներ ենք ունեցել, որոնցից մեկը գոտեկախն է: Գոտեկախի էությունը հետեւյալն է՝ երեխաները բարձրանում էին խրճիթների տանիքների վրա, իրենց գոտիով կապում էին որեւէ փաթեթ կամ գուլպաներ եւ կախում ծխնելույզից։ Տան բնակիչները պետք է դրանք լցնեին իրենց տոնական սեղաններից վերցրած ուտելիքներով եւ քաղցրավենիքներով։ Այդպիսով` օջախն օրհնվում էր հաջորդ տարվա համար։
Մեկ այլ ավանդույթի համաձայն՝ Սուրբ ծննդի օրը երեխաները երդիկից դդում են իջեցրել եւ մոմ են վառել, այդպիսով նրանք ընտանիքին լույս են բերել, հայտնել, որ Քրիստոսը ծնվեց եւ լույս բերեց աշխարհին:
Հնում մենք ունեցել ենք նաեւ, այսպես կոչված, աներեւույթ կերպարներ: Օրինակ`ասում են, թե Նոր տարում յուրաքանչյուրի տանիքում նստած է եղել մի կերպար, որին չէր կարելի նեղացնել` ընտանիքում կռիվներ չպետք է լինեին, մարդիկ բարոյական կյանքով պետք է ապրեին, այլապես այդ աներեւույթ կերպարը նրանց կարող էր պատժել:
Լ. Ագուլեցու խոսքով` 20-ական թթ. հետո մենք մեր ավանդույթներն աստիճանաբար մոռացանք: «Այսօր այս ամենն ո՞վ պետք է սովորեցնի երիտասարդ սերնդին: Մենք հրաշալի գիր ու գրականություն ունենք այս բոլոր ծեսերի, ավանդույթների մասին, բայց չենք ուզում սովորել: Այսօր մենք Նոր տարին նշում ենք` օտարներին հետեւելով: Օրինակ` Ամանորը պետք է ազատենք շքեղ փայլերից, մենք չենք ունեցել այդ փայլերը, մենք ունենք Նոր տարին նշելու մեր առանձնահատուկ ձեւերը»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՆՈՐ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄ
Ռոբերտ Սահակյանցի անիմացիոն կինոստուդիան աշխատում է Վարազդատ թագավորի Օլիմպիական խաղերում տարած հաղթանակի մասին պատմող անիմացիոն ֆիլմի ստեղծման վրա: Վրթանես Փափազյանի համանուն հեքիաթի հիման վրա ստեղծված անիմացիոն ֆիլմը կլինի կարճամետրաժ: «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» մուլտիպլիկացիոն ստուդիայի համահիմնադիր եւ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Անահիտ» մուլտֆիլմի աշխատանքների ավարտից հետո մեկնարկել են նոր ֆիլմի ստեղծման աշխատանքները. «Այն կթողարկվի երեք տարի անց: Ֆիլմը պատմելու է չորրորդ դարում Վարազդատ արքայի հանրահայտ հաղթանակի մասին: Այս պահին ավարտին ենք հասցնում ֆիլմի ձայնային մասը»,-նշել է Դավիթ Սահակյանցը:

 

 

 




Լրահոս