Քաղաքապետրանը դեռ ի գիտություն չի ընդունել հանրահավաքի անցկացման գրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր «Նոր Հայաստանի» ներկայացուցիչ Անդրեաս Ղուկասյանը հայտարարել է, որ մարտի 1-ին, հնարավոր է, իրենք դիմեն անհնազանդության գործողությունների՝ փողոցներ և վարչական շենքեր շրջափակելու միջոցով:

Armlur.am-ը զրուցեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, Դուք մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման գրություն ուղարկե՞լ եք Քաղաքապետարան, և եթե այո, ապա ի գիտություն ընդունվե՞լ է Ձեր գրությունը:

-Մենք գրություն ուղարկել ենք, բայց դեռ որևէ արձագանք չկա:

Armlur.am-ը զրուցեց նաև Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ.

-Պարո՛ն Գևորգյան, արդյոք ստացե՞լ եք «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի անցկացման իրազեկման գրությունը:

-Բոլոր հանրահավաքների իրազեկման մասին գրությունները ընդունվել են ի գիտություն, թե՝ ոչ, կարող եք տեսնել Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Ըստ Քաղաքապետրանի` պաշտոնական կայքէջի դեռ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի գրությունը ի գիտություն չի ընդունվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարել է, որ հնարավոր է` անհնազանդության գործողությունների դիմեն զրուցեցինք նաև ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ.

-Պարոն Ահարոնյան, ինչպե՞ս կմեկնաբանեք «Նոր Հայաստան»ի հայտարարությունը:

-Ոստիկանությունը միշտ գործում է ըստ իրավիճակի, առաջին անգամ չէ, որ զանգվածային միջոցառումներ պետք է անցկացվեն, ոստիկանությունը վստահեցնում է, որ կապահովի հասարակական կարգը:

զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս