Մաքսային ընդհանուր միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի` Մինսկում արած հայտարարությունները միջազգային լուրջ, ընդ որում բացասական արձագանք են գտել: Եվրամիությունը միանշանակ չի ընդունել ՀՀ վարչապետի հայտարարություններն ու նախազգուշացնում է Հայաստանին:
Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին հայտարարել է, որ քննարկվել է երկկողմ հուշագրի ստորագրման հարցը. «Մենք պետք է շտապ պատրաստենք (Մաքսային միությանն անդամակցելու մասին-Ա.Գ.) հուշագիրը, համաձայնեցնենք նախագահների հետ ու ստորագրենք»:
Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը՝ Փիթեր Ստանոն, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական կամ Մաքսային միություններում Հայաստանի դիտորդի կարգավիճակը որպես այդպիսին չի հակասում Եվրամիության հետ բանակցվող համաձայնագրերին, սակայն պաշտոնական Բրյուսելն ուզում է ծանոթանալ դրանց մանրամասներին եւ դրույթներին: «Սկզբունքորեն Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակի կամ համագործակցության շուրջ հուշագրի շուրջ պայմանավորվածությունները տեխնիկապես չեն հակասում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցվող Ասոցիացման համաձայնագրին կամ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրին: Բայց մեզ անհրաժեշտ է լիարժեք ուսումնասիրել դրանց մանրամասները եւ դրույթները»,-նշել է Ստանոն` ընդգծելով, որ հայկական կողմը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի այդ պայմանավորվածությունները չհակասեն Եվրամիության առաջարկած Ազատ առեւտրի մասին համաձայնագրի դրույթներին:
«Եթե դուք ներգրավված եք Եվրամիության հետ բանակցություններում Ասոցիացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ, եւ եթե հավակնում եք ստորագրել եւ իրագործել այդ փաստաթղթերը, ապա չեք կարող ունենալ որեւէ այլ պայմանավորվածություն, որը հակասում է այս փաստաթղթերի դրույթներին: Խնդիրը հետեւյալն է. ցանկացած երկիր պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունենա արտաքին առեւտրի եւ մաքսատուրքեր սահմանելու հարցում, մինչդեռ Մաքսային միությունն իր միասնական մաքսատուրքերի եւ առեւտրի քաղաքականությամբ զրկում է Հայաստանին այս հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից»,-ասել է Եվրամիության պաշտոնյան` հավելելով, որ մինչեւ այս տարվա նոյեմբեր պաշտոնական Բրյուսելը ցանկանում է Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստանի հետ բանակցությունները երկու պայմանագրերի շուրջ:
Փաստորեն, ԵՄ-ն շատ հստակ կերպով հասկացնում է Հայաստանին կողմնորոշվել աշխարհաքաղաքական ուղղվածության հարցում: Ավելին, ԵՄ-ն այսպես ակնարկում է, որ անգամ դիտորդ մարմնի կարգավիճակում Եվրասիական միությանն անդամակցելը, հնարավոր է, բացասական ազդի ԵՄ-ի հետ ՀՀ հարաբերությունների վրա` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հիշեցնենք, որ բացի ԵՄ-ի հետ ստորագրված մի շարք փաստաթղթերից, Հայաստանը ԵՄ-ից դրամաշնորհի տեսքով լուրջ գումարներ է ակնկալում: Այնպես որ, առաջիկայում իշխանությունները ստիպված են լինելու վերջնական որոշում կայացնել` դեպի Եվրոպա՞, թե՞ ՌԴ` Մաքսային միություն:
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՂԻՆ ՔԱՐՏ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ