ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գազի գնի բարձրացման շրջանակներում սպասարկման վարձի թեման անտեսվեց: Հնարավո՞ր է, որ «Հայռուսգազարդ»-ը «զիջման» գնա եւ սպասարկման վճարը գործածությունից հանի:

Մհեր Պողոսյան (43 տարեկան, ատամնաբույժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն առանձին ծառայություն է եւ 02.07.2007թ. «Հանձնարարության պայմանագրով» իրականացվում է «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի կողմից: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 09.12.2005թ. N199-Ն որոշմամբ հաստատված կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ)) պայմանագրի N3 հավելվածով (ՀԾԿՀ 08.10.2008թ. N539Ն որոշմամբ կատարված փոփոխություններով) սահմանված է, որ մատակարարը պարտավորվում է բաժանորդին մատուցել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, իսկ բաժանորդը՝ վճարել մատուցված ծառայության դիմաց:
12.12.2012թ. ՀԾԿՀ N 516Ն որոշման համաձայն՝ գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանվել է 2270 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար:
Հանձնաժողովի որոշմամբ` նաեւ սահմանվել է, որ բնակչության ներտնային եւ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերում երեքից ավելի գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարները հաշվարկվում եւ գանձվում են երեք գազօգտագործող սարքի հաշվով:
ՀԾԿՀ N 516Ն որոշումն ուժի մեջ է մտնում 2013թ. հուլիսի 1-ից:
Նույն որոշման համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀԾԿՀ 01.11.2005թ. N154Ն որոշումը, որով սահմանված էր տարեկան վճար՝ մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում` 2400 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ), երկու գազօգտագործող սարքավորումների դեպքում` 5700 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ), երեք եւ ավելի գազօգտագործող սարքավորումների դեպքում՝ 6900 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Ընդգծենք, որ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար բաժանորդը վճարում է յուրաքանչյուր ամիս՝ տարեկան վճարի 1/12 մասով:

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկախ այն բանից, թե որքանով կփոփոխվեն սահմանված վարձավճարները, ակնհայտ է, որ «Հայռուսգազարդ»-ի՝ առանց այդ էլ չափազանց բարձր սակագների եւ մատուցված վիճելի որակի սպասարկման ծառայությունների դեպքում ամենամսյա վճարները պարզապես պետք է վերացվեն:




Լրահոս