Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը երեկոյան ժամերին և հանգստյան օրերին երթուղիներում անհրաժեշտ շարժակազմի ապահովման ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 8 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 13 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները:

ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 43 արձանագրություն, որից 32-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը հատկապես երեկոյան ժամերին և հանգստյան օրերին երթուղիներում անհրաժեշտ շարժակազմի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկումն ապահովելու ուղղությամբ:

Գնումների գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով նախատեսված բոլոր մրցույթները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ եղանակով: Հարկ է նշել, որ 2015 թվականի ապրիլից դրանք կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով, ինչն առավել թափանցիկ է դարձրել գործընթացը:




Լրահոս