ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով նոր մանրամասներ են «Ժողովուրդ»-ին հայտնի դարձել: Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը դեպքից հետո փորձաքննություն էր նշանակել՝ պարզելու, թե մարզպետի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցները կարող էին մահացու վիրավորում հասցնել մեքենայի մեջ գտնվող անձանց: Պատասխանը դրական չի ստացվել:

Եվ այսպես, 2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել, ինչի կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը:
Դեպքից անցել է 9 ամիս, եւ մինչ օրս կալանավորված անձանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ ահա Հենրիկ Ավագյանը, որին մեղադրանք է առաջադրվել պատվերով սպանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով, ընդունել է, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղությամբ, սակայն՝ ոչ սպանելու, այլ վախեցնելու նպատակով:
Ու մինչ այս գործով կալանավորվածների պաշտպանները եւ հատկապես Արա Բուդաղյանը փորձում են ապացուցել, որ վերջինս կատարվածի հետ կապ չունի, եղավ անկանխատեսելին: Օրերս հայտնի դարձավ, որ կալանավորված անձանցից Գարեն Աթաջանյանը ցուցմունք է տվել Արա Բուդաղյանի դեմ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ Գարեն Աթաջյանի ցուցմունքը նրա ազատության գինն էր: Սակայն ինչպես նկատում ենք, կալանավորված Գարեն Աթաջյանի ցուցմունքը նաեւ զայրացրել է այս գործով հիմնական դերակատար Հենրիկ Ավագյանին: Նա չի կարողանում հասկանալ, թե ինչու է Գարենը սուտ ցուցմունք տվել Արա Բուդաղյանի դեմ:

Մահափորձի նպատակը
Արդեն նշել էինք, որ Հենրիկ Ավագյանն ընդունել էր իր մեղքը եւ հայտնել, թե վախեցնելու նպատակով է ցանկացել կրակել Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ եւ սպանելու նպատակ չի ունեցել:
Իսկ ի՞նչ նպատակով է Հենրիկ Ավագյանը ցանկացել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին: Իրավապահներին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հենրիկ Ավագյանը Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի հետ խնդիրներ է ունեցել: Գործը նույնիսկ դատարան է հասել: Տեղեկացանք, որ Սյունիք համայնքը դատի է տվել Հենրիկ Ավագյանին, քանի որ նա հետեւողականորեն Կապան քաղաքում լուրեր է տարածել, թե Կապան քաղաքի կոյուղատար խողովակն անցնում է Սյունիքի գյուղական համայնքի կոյուղաջրերով, եւ ստեղծված իրավիճակի պատճառով գյուղում հակասանատիրական վիճակ է առաջանում, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, օրինակ՝ համաճարակներ է տարածում գյուղում:
Արդյունքում՝ ՀՀ Սյունիքի մարզի նույնանուն գյուղական համայնքը դատարան է դիմել եւ հայտնել, որ Հենրիկ Ավագյանը Սյունիք համայնքի ղեկավարի նկատմամբ ունի անբարյացակամ վերաբերմունք, համայնքի վերաբերյալ տարածում է զրպարտություններ, կեղծ եւ ստահոդ լուրեր: Այս ամենի դիմաց համայնքի ներկայացուցիչը Հենրիկից պահանջել է վճարել 1 միլիոն դրամ, սակայն ավելի ուշ հրաժարվել է հայցից:
Սա դեռ վերջը չէ, 2015 թվականին էլ Հենրիկ Ավագյանն է որոշել դիմել դատարան՝ համայնքի ղեկավարի կայացրած որոշումն անվավեր ճանաչելու համար եւ հաղթել:
Բայց սրանով ամեն ինչ չէր ավարտվել: Կալանավորված Հենրիկ Ավագյանն իրավապահներին պատմել է, որ համայնքի ղեկավարը տիրացել է իր հոր այգիների տարածքին ու այնտեղ խաղատուն կառուցել: Հենրիկ Ավագյանի խոսքով՝ ինքը խնդրի մասին տեղյակ է պահել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որ Սամվել Սարգսյանն անօրինականություններ է թույլ տալիս, մարզպետն էլ խոստացել է խնդիրը կարգավորել, սակայն այդպես էլ որեւէ քայլ չի կատարել: Ասել է թե՝ Հենրիկ Ավագյանի բարձրաձայնումները տեղ չեն հասել, ու վերջինս, գիտակցելով, որ Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանի «մեջքը» մարզպետն է, որոշել է վախեցնել մարզպետին, որպեսզի կատարվածը, ըստ էության, մյուսների համար դաս լինի:

ԱԱԾ-ն ու կոդերը
Գրել էինք, որ Ազզային անվտանգության ծառայությունն Արա Բուդաղյանին կալանավորել է, քանի որ լսել է նրա եւ գործով կալանավորված Վիտալի Մինասյանի հեռախոսային խոսակցությունը ինչ-որ գումարի մասին: Բանն այն է, որ Վիտալի Մինասյանը գումար է պարտք եղել Բուդաղյանին եւ իր գումարն է պահանջել: ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ` Վիտալիի եւ Արա Բուդաղյանի հեռախոսային խոսակցությունը վերծանվել է, սակայն խոսակցության մեջ անգամ որեւէ բառ չկա մարզպետի կամ նրա դեմ որեւէ գործողության մասին: Պարզապես վերլուծելով զրույցների բնույթը, սակայն, ԱԱԾ-ն եկել է այն համոզման, որ կալանավորվածները կոդավորված են խոսել:
Նշենք, որ այս գործով անցնող Վիտալին, Հենրիկն ու Գարեն ծանոթներ են, իսկ Արա Բուղադյանը ճանաչում է միայն Վիտալի Մինասյանին:

Փորձագետը հաստատեց
Իսկ արդյոք մարզպետի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցները սպանելու դիտավորությամբ են արվել, թե իսկապես դրանք միտված էին վախեցնելուն: Այս հարցի պատասխանը ստանալու համար Ազգային անվտանգության ծառայությունը փորձաքննություն է նշանակել եւ փորձագետը տվել է իր վերջնական եզրակացությունն առ այն, որ մարզպետի մեքենայի դեմ ուղղված կրակոցներն այնպիսին են եղել, որ չէին կարող նրա մեջ գտնվող մարդկանց վնասել: Ասել է թե՝ կրակողները Սուրիկ Խաչատրյանին ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակ են ունեցել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԶԻՆՎՈՐԸ  ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ Է
Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասը լքած եւ 4 օր անց հայտնաբերված Ազիզ Բաքոյանին տեղափոխել են Մուրացանի հանրապետական զինվորական հոսպիտալ: Նշենք, որ տղան օրեր շարունակ քնել է անտառում, ցրտահարվել տուն փախչելու ճանապարհին, եւ ըստ ամենայնի՝ նրան հիվանդանոց տեղափոխել են այդ ամենը հաշվի առնելով:
Նշենք, որ ի սկզբանե հրապարակվել էր, թե զինվորը կարոտից է ինքնակամ լքել զորամասը, սակայն Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ Ազիզի թեւը պարբերաբար դուրս է ընկել: Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն: Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել, եւ վերջինս էլ, չդիմանալով ցավին, փախել է զորամասից: Նշենք, որ անգամ զինվորի հորից ստորագրություն են վերցրել՝ նրան վիրահատելու համար, սակայն, այդուամենայնիվ, չեն իրականացրել: Իսկ Ազիզը մի քանի անգամ ծառայակից ընկերներին է խնդրել ուսը «տեղը գցել»:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Ազիզ Բաքոյանի կողմից զորամասն ինքնակամ լքելու դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեն փետրվարի 9-ին հարուցել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը երեք օրից ավելի պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հուսանք՝ իսկապես օբյեկտիվ քննություն կիրականցվի, եւ «կուժն ու կուլան միայն տղայի գլխին չեն ջարդվի»: Իրավապահները պետք է հաշվի առնեն նաեւ այն իրողությունը, որ տղան ուսի ցավին չի դիմացել ու լքել է զորամասը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մեր հրապարակումից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրահանգել է ուսումնասիրել տղայի գործը եւ հասկանալ, թե ով, ինչպես եւ որտեղ է թերացել, ինչի հետեւանքը եղել է զինվորի փախուստը զորամասից:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԻՍՏԸ  ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննության չի առել Գեւորգ Սաֆարյանի միջնորդությունը գրավի դիմաց իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Դատարանը դա պատճառաբանել է նրանով, որ դռնփակ նիստին չէր ներկայացել քննիչը: Նիստը հետաձգվել է մինչեւ երկուշաբթի:

 
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՎ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է
Այն բանից հետո, երբ նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ եւ ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից Նորք Մարաշ համայնքում «զինված հանցախումբ վնասազերվեց», անտարակույս, երկրում իրավիճակ փոխվեց:
Իշխանական վերնախավում, մեղմ ասած, վախի մթնոլորտ է. մինչ այսօր անհայտ է՝ ինչու եւ ում նախաձեռնությամբ էր «խումբը» պատրաստվում երկրում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել, ում էր պետք պայթեցնել Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա մեկնող ինքնաթիռը: Կամ, ի վերջո, տեղի ունեցածը «մասկի շոո՞ւ էր», ինչպես նկարագրեցին շատ գործիչներ, թե՞ իրականություն: Վերջին իրադարձություններն, այնուամենայնիվ, փաստում են, որ առավել անհանգիստ է հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ նախագահը վերջին շրջանում սովորականից ավելի բերանփակ է դարձել, իր նպատակների եւ ծրագրերի մասին գրեթե չի խոսում, ասել կուզի՝ իր մարդկանց չի վստահում. արդյունքում՝ ՀՀԿ-ականներն անորոշ իրավիճակում են հայտնվել: Եվ երեկ Նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հավաքվել էր իշխանական ողջ վերնախավը: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները ներս մտնում. հատկանշական են առաջացած կուտակումները: Այն, որ պետական կառույցներում, որպես կանոն, մուտք գործողները զննվում են, նորություն չէ, սակայն երբ ավելի մանրակրկիտ զննման են ենթարկվում երկրի բարձր էշելոններում գտնվող անձինք, տարակուսանքի տեղիք է տալիս: Ինչի՞ց են վախենում նախագահականում, որ իրենց «մարդկանց» անգամ այս աստիճան չեն վստահում: Կարճ անդրադառնանք նաեւ հավաքված պաշտոնյաներին. կասկածից վեր է, որ նրանք քաջ տեղյակ են նախագահականում զննվելու մասին: Եվ տրամաբանական հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք թուր-թվանքով ուղեւորվել Բաղրամյան 26, ինչի հետեւանքով էլ կուտակումներ են առաջացել:

 

ԿՏՐԵՑ
Վլադիմիր Գասպարյանի կողմից Ճանապարհային ոստիկանների ձեռքը կտրելու զգուշացումը կյանքի է կոչվում: ArmLur.am-ի տեղեկություններով` ՃՈ երկու ծառայող ազատվել է աշխատանքից: Նրանք փողոցներում ծառայություն իրականացնող տեսուչներ են: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ ազատման պատճառներ չնշելով: Միայն բացատրեցին, որ դա արվել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով եւ պետք է դիտարկել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների տիրույթում:




Լրահոս