ԱՊԱԳԱ ԱԺ-ՈՒՄ ՈՉ ՄԵԿԻ ՏԵՂԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նախօրեին «Ժողովուրդ»-ը կանխատեսել էր, երեկ Սերժ Սարգսյանը ողջ իշխանական վերնախավին կանչել էր նախագահական: Իշխանական վերնախավի առջեւ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը բավականին ծավալուն է, սակայն մեր կարծիքով՝ նրա խոսքի առավել կարեւոր մասը զետեղված է ստորեւ բերված մասում:

«…Գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա: Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչեւ իշխանության ամենաբարձր օղակ: Սրանով իրենց կարծիքով երկու կարեւոր խնդիր է լուծվում.
1. հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում եւ, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով,
2. պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց:
Երկու հստակ դիտարկում ունեմ այս առիթով, որ ուզում եմ բոլորը լավ հիշեն.
1. նախ «վերեւում» պատասխանատվությունից խուսափող եւ քննադատությունից վախեցող չկա,
2. հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ո՞ւմ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է եւ ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց:
Մեր խնդիրների լուծումը մեզնից դուրս չպետք է փնտրել: Այո՛, մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր խնդիրների, եւ մենք ենք լուծողը այդ խնդիրների:
Մեզնից յուրաքանչյուրը, ինչպիսին որ ուզում է տեսնել իր շրջապատը, իր ընտանիքը, իր ընկերներին, իր հասարակությունն ու պետությունը, առաջին հերթին ինքն է պարտավոր այդպիսին լինել:
Թերահավատությամբ տոգորված մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:
Իրենց ուժերի նկատմամբ վստահություն չունեցող մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:
Գործը թողած եւ ուրիշների մասին անընդհատ պատերի տակ խոսացող մարդիկ տեղ չունեն մեր իշխանության մեջ:
Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքից ու պահվածքից է կախված հավատը դեպի սեփական պետությունը:
Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը կայանա որպես երկիր ու հասարակություն, որտեղ.
– Իշխանությունը թափանցիկ է եւ ամբողջովին վստահելի, որի նպատակը երկրի քաղաքացիների ու արտերկրում գտնվող հայորդիների ներկա եւ ապագա բարեկեցությունն է, որի անդամները հավասարապես հաշվետու են օրենքի առջեւ այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի, եւ որի անդամները չեն ղեկավարվում անձնական շահերով,
– Արդարադատության համակարգը զերծ է ազդեցություններից, արդար է եւ անկաշառ… Օրենսդիրը բանիմաց է եւ հարգված: Պետական ծառայությունն ամենահարգի աշխատանքային ձեւն է, որովհետեւ այն հնարավորություն է ընձեռում հայրենիքին ու ժողովրդին ծառայելու եւ պահանջում է բարձրագույն մասնագիտական որակ,
– Հասարակությունն ունի բարձր կենսամակարդակ, բարեկիրթ է, հանդուրժող, մարդասեր: Տնտեսությունը դինամիկ զարգացման ուղու վրա է՝ հենված ողջ ազգի մարդկային կապիտալի վրա: Այն զարգացման հավասար հնարավորություն է ընձեռում բոլորին, թույլ չի տալիս անարդար մրցակցություն, վերաբաշխում է ռեսուրսները հարկային ազնիվ ու արդյունավետ քաղաքականության միջոցով,
– Շրջակա միջավայրն ու բնական պաշարների պատասխանատու կառավարումը հույժ կարեւոր են պետության գոյատեւման եւ առաջնային՝ ապագա սերունդների բարեկեցության համար,
– Մարդու իրավունքները ձեւավորված ամուր արժեքային համակարգ են: Հայաստանի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, հույները, քրդերը, ռուսները եւ մյուսները, լիարժեք ինքնադրսեւորվում են,
– Զինված ուժերն ամենազորեղն են տարածաշրջանում իրենց ոգով, նվիրումով, ժամանակակից սպառազինությամբ եւ կյանք, պատմություն, մշակույթ պահպանելու նպատակային կարեւորությամբ,
– Սփյուռքն ու Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն՝ ազգ: Սփյուռքի իրավունքը Հայաստանում ճանաչված է ու խրախուսելի, նրա ներուժն ամբողջությամբ ներառված է:
Նորացված Սահմանադրությունը նոր շունչ է նոր սկզբի համար. մենք ինքներս մեզ համար եզակի հնարավորություն ենք ստեղծել նոր թափ հաղորդելու զարգացմանը եւ շտկելու թերացումները: Ու սա վերաբերում է բոլորիս՝ թե՛ երկրի Նախագահին, թե՛ շարքային քաղաքացուն:
Պետք է վերացնենք այն համոզմունքը, որ բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը կամ որեւէ մեկը, բայց ոչ մեզնից յուրաքանչյուրը: Ինքներս մեզ կերտելու, քայլ առ քայլ հաջողությունների հասնելու ցանկությունը ամենատարածվածը չէ մեզանում: Այս ամենի հետեւանքն են նախաձեռնության բացակայությունը, նոր գաղափարների պակասը, հանրային բանավեճի, այդ թվում քննադատական ելույթների ցածր որակը: Հանրային համաձայնությունը, աջակցությունը սովորաբար արտահայտվում են լռությամբ: Առարկությունները շատ հաճախ զգացմունքային են, խայթող, բայց միաժամանակ մակերեսային եւ պատասխան չենթադրող:
Մեր ժողովրդին բնորոշ են ռազմական խիզախությունը, հավատարմությունը, հյուրընկալությունն ու բարությունը: Իսկ կաշառակերությունը, գողությունը, մտավոր եւ հոգեւոր ծուլությունը ժամանակի ընթացքում ներմուծած արատներ են, որոնցից հետեւողականորեն պետք է ազատվել: Ասել եմ եւ էլի եմ ասում՝ բարեկեցության աղբյուրը աշխատանքն է:
Մենք իսկապես ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում: Ունենք հնարավորություն կառուցելու նոր, ազատ եւ ուժեղ Հայաստան: Սահմանադրության փոփոխություններն իսկապես տալիս են այդ հնարավորությունը, եւ դա մենք պետք է օգտագործենք լիարժեքորեն:
Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը եւ անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել: Միեւնույն ժամանակ կհիասթափեցնեմ նաեւ նրանց, ովքեր գոհ են ստատուս քվոյից: Էական փոփոխությունները շարունակվելու են: Դրանք կլինեն աստիճանաբար, մտածված եւ փուլ առ փուլ, բայց կայուն եւ հետեւողականորեն իրականացված:
Տաղանդավոր մարդիկ, որոնք ձգտում են ստեղծել նորն ու լավագույնը, այլ մոլորակից չեն գալու: Նրանք մեր կողքին են: Մենք՝ պետությունը, հասարակությունը եւ ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել եւ պաշտպանել այդպիսի մարդկանց, ոչ թե շահարկենք երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը:
Քաղաքական մշակույթը չի կարելի վերափոխել առաջատար հասարակությունների քաղաքական սովորությունների պարզ ընդօրինակման շնորհիվ: Արդյունավետ դատական համակարգը չի կարելի ներմուծել: Ազատությունը անհնարին է արտագրել գրքից, անգամ, եթե դա շատ խելացի գիրք է: Մենք անպայման կսովորենք ուրիշ ազգերից, կուսումնասիրենք փորձը, կդիտարկենք նրանց հաջողություններն ու անհաջողությունները ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ընթացքում: Բայց ոչ ոք մեր փոխարեն չի ապրի մեր կյանքը: Ոչ ոք մեր տեղը չի դառնա ազատ, հաջողակ եւ պատասխանատու: Միայն ժողովրդավարության կառուցման մեր սեփական փորձը մեզ իրավունք կտա պնդելու, որ մենք ազատ ենք, հաջողակ եւ պատասխանատու: Օգնում են մարդկանց, ովքեր ձգտում ունեն, ձգտում չունեցողներին սոսկ ողորմություն են տալիս:
Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքները եւ ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունեն: Նախեւառաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն եւ անարդարություն: Մենք սկսել ենք ձեւավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ: Դրա կենտրոնական մասը պետք է լինի դատարանը: Մենք պետք է ձեւավորենք ժամանակակից արդյունավետ դատարան, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն եւ կհամապատասխանի ժամանակակից պատկերացումներին: Մենք նաեւ պետք է ձերբազատվենք օրենքի եւ դատարանի հանդեպ կասկածամիտ, երբեմն անգամ քամահրական վերաբերմունքից, որ դարձել է մեր տխուր «ավանդույթը»: Անհրաժեշտ է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ գործող իրավապահ կառույցի համար՝ վճռականորեն ազատվելով խաբեբաներից: Իրավապահ մարմիններում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը պետք է բարձրացնենք որակական նոր մակարդակի: Անհրաժեշտ է վերացնել անօրինական ազդեցությունը դատական ակտերի վրա, ինչպիսի գաղափարներով էլ թելադրված լինի այն: Այստեղ էլ մենք առաջընթաց ունենք, բայց ավարտին հասցնել է պետք գործընթացը: Ի վերջո, դատական համակարգը ինքնուրույն կարող է հասկանալ՝ որն է պետության շահը, եւ որն է կոռումպացված վարչարարի կամ գործարարի եսասիրական շահը: Անհրաժեշտ է սովորույթի մակարդակի հասցնել հարգանքը քաղաքական մշակույթի հանդեպ, հարգանքը օրինապահության, ուրիշների իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի հանդեպ: Հենց դատարաններն են հասարակական աջակցության շնորհիվ առաջին հերթին կոչված ազատելու երկիրը կոռուպցիայից: Դա, իհարկե, բարդ խնդիր է: Սակայն լուծելի: Այլ երկրներում այս խնդիրը լուծել են:
2012 թվականին ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մեր երկրում պատասխանատու, սակայն մարտահրավերներով լի առաքելություն ստանձնեց՝ ապահովելով պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հրապարակայնությունը, ինչպես նաեւ նրանց գործունեության թափանցիկությունը:
Այս համատեքստում ժամանակավրեպ չի լինի, եթե խոսենք շահերի բախման դեպքերի բացահայտման եւ կանխարգելման առավել արդյունավետ գործիքների ստեղծման անհրաժեշտության մասին: Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը, կարծում ենք, նոր լիցք կհաղորդի այս կարեւորագույն գործին՝ ապահովելով առաջադրված բարդ խնդիրների լուծման միջոցների համարժեքությունը:
…..
Ուզում եմ շեշտել նաեւ, որ ապագա խորհրդարանում որեւէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ: Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ: Մենք որպես իշխող քաղաքական ուժ՝ կրում ենք նաեւ լրացուցիչ պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար: Ընտրությունները պետք է լինեն օրինակելի: Սա առաջին հերթին պետք է մեր ժողովրդին եւ պետությանը, բայց չպետք է մոռանալ, որ դրանով պայմանավորվելու է նաեւ մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունները պետք է կատարվեն լիարժեքորեն: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն, առավել եւ ս նրա ղեկավարը, շահագրգիռ է ավելի շատ քվե ունենալ, բայց ինձ համար շատ ավելի կարեւ որ են ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքները: Ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը պակաս հաղթանակ չեն եւ պակաս արժեք չեն մեր հասարակության համար:
Իմ հորդորն է բոլորին: Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք: Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց՝ կրկնապատկված եռանդով եւ պատասխանատվությամբ»:




Լրահոս