ՓԱԿՎԵԼՈՒ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզի Արեւիս համայնքի ղեկավար Սասուն Սահակյանից տեղեկացավ, որ առաջիկայում գյուղի դպրոցը փակվելու է, քանի որ դպրոցի աշակերտների թիվը երեքն է: «Այս տարի դպրոց հաճախելու մի երեխա կա, բայց նրա ծնողներն ուզում են գյուղից մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Եթե մեկնեն, դպրոցը կփակվի: Այս տարի դեռ ոչ մի ընտանիք գյուղից դուրս չի եկել, իսկ անցյալ տարի միանգամից հինգ ընտանիք հեռացավ: Հիմա գյուղում ապրում է 70 մարդ»,-ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ հիմնականում երիտասարդներն են մեկնում գյուղից. «Գրադարան, բուժկետ, ամեն ինչ ունենք, բայց մարդ չկա: Անգամ գրադարանն աշխատող չունի, քանի որ համայնքապետարանի բյուջեն փոքր է, եւ հնարավորություն չունի վճարելու»: Ըստ համայնքի ղեկավարի՝ տարիներ առաջ դպրոցի աշակերտները 23-ն էին: Բնակիչների եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է ու գյուղատնտեսությունը: Իսկ վերջին երեխան Արեւիսում ծնվել է երկու տարի առաջ:




Լրահոս