Այստեղ մտածելու ոչ մի բան չունեմ, ես իմ նախարարությունն ունեմ. Արմեն Երիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին նախագահական նստավայրում վերջապես ստորագրվեց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և Հայաստանի Հանրապետական կուսակցության միջեւ քաղաքական համագործակցության մասին հուշագիրը: Այդպիսով` այլեւս իրականություն դարձան ՀՅԴ-ին մի շարք պաշտոններ տալու մասին ավելի քան երկու ամիս շրջանառվող լուրերը, որոնք որոշ պաշտոնյաներ այդքան համառորեն հերքում էին:

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համագործակցության արդյունքում ՀՅԴ-ին անցած նախարարական պաշտոններից է նաեւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, որն այսուհետ ստանձնելու է դաշնակցական Դավիթ Լոքյանը, իսկ ԱԻՆ-ը շարունակելու է ղեկավարել նախկին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Նշենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմեն Երիցյանը, անդրադառնալով ՏԿԱԻ նախարարության բաժանման մասին շրջանառվող լուրերին, դրանք բամբասանքներ էր անվանել` չցանկանալով մեկնաբանել: «Ես գտնում եմ, որ մենք չպետք է հավատանք բամբասանքներին, եւ եթե ինչ-որ մի փոփոխություն լինի կառավարության կազմում, այնպես լինի, որ բաժանվեն, նոր կխոսենք, բայց այսօր ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, եւ ինձ ոչ մեկն այդ մասին չի ասել»,-նշել էր ՏԿԱԻ նախարարը:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է արդեն արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:

-Պարո՛ն Երիցյան, երեկ վերջնականապես հստակ դարձավ, որ Ձեր ղեկավարած գերատեսչության մի մասը` տարածքային կառավարման նախարարությունը, այլեւս անցնում է դաշնակցական Դավիթ Լոքյանին, իսկ Դուք կշարունակեք ղեկավարել ԱԻՆ-ը: Դուք կո՞ղմ եք այս բաժանմանը եւ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը որպես միայն ԱԻՆ նախարար:

-Ես կատարող եմ, ես նախարար եմ… հիմա նախկինում եղել է արտակարգ իրավիճակների նախարարություն, միացվել է տարածքային կառավարման նախարարությանը, հիմա նորից ԱԻՆ է: Ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում:

-Օրեր առաջ մեզ հետ զրույցում անդրադառնալով ՏԿԱԻՆ-ի բաժանման մասին լուրերին` դուք դրանք համարեցիք բամբասանքներ` չցանկանալով մեկնաբանել: Ինչպե՞ս պատահեց, որ բամբասանքներն իրականություն դարձան:

-Ես ինչ ասեմ, հիմա լինում են բամբասանքներ, որոնք համապատասխանում են իրականությանը, լինում են բամբասանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը…

-Իսկ ինչպիսի՞ն եք պատկերացնում արդեն Ձեզանից բաժանված ՏԿ նախարարության «ճակատագիրը»: Դավիթ Լոքյանն արդյո՞ք կկարողանա լիարժեքորեն ղեկավարել այն:

-Եթե նշանակում են, իհարկե, կարող է կատարել իր առջեւ դրված խնդիրները: Ես այստեղ մտածելու ոչ մի բան չունեմ: Ես իմ նախարարությունն ունեմ, այստեղ եթե նշանակվել եմ, ուրեմն կշարունակեմ իմ աշխատանքը արտակարգ իրավիճակների նախարարությունում:

-Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով: Հատկապես ո՞րն էր Ձեզ համար այդ ելույթի գլխավոր ուղերձը:

-Բարձր գնահատական ունեմ նախագահի ելույթի վերաբերյալ: ՀՀ նախագահը մշտապես ասել է, որ պետք է յուրաքանչյուրն իր տեղում լինի, յուրաքանչյուրն իր աշխատանքով զբաղվի: Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուրս այդ մեսիջը որ ստացանք, պետք է ձգտենք, որպեսզի ավելի լավ աշխատենք:

-Օրեր առաջ ՕԵԿ-ը լուծարվեց եւ այսուհետ հանդես է գալու «Հայկական վերածնունդ» անվանումով: Դուք՝ որպես նախկին ՕԵԿ-ական, ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին, արդյո՞ք անվանափոխության գնալը ճիշտ որոշում էր:

-Ոչ մի վերաբերմունք չունեմ: Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ չեմ խորացել, չեմ էլ ուզում խորանալ…

-Արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքական դաշտում ակտիվորեն խոսվում է այն մասին, որ Ձեր, ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարված են, ինչն էլ, կարծես թե, պատճառ հանդիսացավ, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունը երկու մասին բաժանեն: Այժմ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հետ:

-Լարված չեն մեր հարաբերությունները, սուտ են այդ տեղեկությունները: Նորմալ հարաբերություններ են՝ նախագահ-նախարար, նախարար-վարչապետ: Այդպիսի բան չկա, ես Ձեզ հավաստիացնում եմ: Կան մարդիկ, որ սիրում են նման բաներ ասել, եւ դա իրենցից է կախված, դրանք հերյուրանքներ են:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս