Անսպասելի շրջադարձ. Վարդան Օսկանյանը միանում է կերպարանափոխված ՕԵԿ-ին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր ՕԵԿ-ը նախաձեռնել իր կերպարանափոխության՝ արդեն ավարտին հասցված գործընթացը, ՕԵԿ-ականներն ամեն առիթով հայտարարում էին, թե իրենց «Հայկական վերածնունդին» միացել են հարյուրից ավել հասարակական կազմակերպություններ: Մի պահ նույնիսկ 150 թիվն էր շրջանառվում: Իսկ այժմ, պարզվում է, որ ՀԿ-ները չեն շտապում միանալ նոր անունով ՕԵԿ-ին: «Ժողովուրդ»-ը փորձեց «Հայկական վերածնունդից» ստանալ իրենց միացած ՀԿ-ների ցանկը, սակայն մեզ պատասխանեցին, որ այդ գործընթացի հետ կապված «չճշտված» հանգամանքներ կան եւ խոստացան ապագայում ասել, թե որ ՀԿ-ներն են իրենց միացել:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ, այսինքն՝ ՕԵԿ-ի կերպարանափոխության համագումարից առաջ, այդ կուսակցություն է այցելել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը: Ըստ լուրերի՝ նա բավական երկար առանձնազրույց է ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Մենք փորձեցինք պարզել, թե կողմերն ինչի շուրջ են զրուցել, եւ հնարավոր է՝ Օսկանյանը եւս անդամակցի նորաստեղծ միավորմանը, սակայն ապարդյուն: «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նման հանդիպում չի եղել: «Վարդան Օսկանյանը բավականին երկար ժամանակաշրջան է՝ չի այցելել ՕԵԿ գրասենյակ: Ձեր ունեցած ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Մոսինյանը: Օսկանյանի հետ կապվելն էլ, ինչպես միշտ, չստացվեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս