Բուհերում դասավանդող գերմանացի, ֆրանսիացի, ֆինն, վրացի և հայ մաթեմատիկոսները մարտի 14-16-ը Երևանում կքննարկեն մասնագիտական մաթեմատիկական ուսուցման կազմակերպման և դասընթացների ծրագրերի արդիականացման հարցեր:
ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Հարավային Կովկասի համալսարանների ճարտարագիտական և բնական գիտությունների մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի արդիականացումը ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման միջոցով» թեմայով կոնֆերանսը: Միջոցառման կազմակերպիչներն են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը:
Եռօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի մաթեմատիկական ծրագրերի կիրառական բաղադրիչներով հարստացմանը ճարտարագիտական, բնական և համակարգչային գիտությունների ուսանողների համար, կիրականացվի Հայաստանի, Վրաստանի և եվրոպական համալսարանների տեխնիկական կրթության մաթեմատիկական ծրագրերի համեմատական վերլուծություն, կգնահատվեն Հայաստանի և Վրաստանի համալսարաններում արդիականացված դասընթացները, ինչպես նաև եվրոպական համալսարաններում փոխանակային ծրագրերով սովորած հայ և վրացի ուսանողները կներկայացնեն ուսումնառության իրենց փորձը:
Մասնակիցների համար նաև Math-Bridge-ի օգտագործման վերապատրաստումներ կիրականացվեն:
Math-Bridge-ը բարձրագույն մաթեմատիկայի դասավանդման առաջին համաեվրոպական միասնական օն-լայն հարթակն է, որտեղ հազարավոր դասընթացների ծրագրեր, ուսումնական նյութեր և միջոցներ հասանելի են յոթ լեզուներով` ընտրության լայն հնարավորություն ստեղծելով դասախոսների և ուսանողներիի համար: MathGeAr ծրագրի շրջանակներում առաջիկայում հարթակը կհամալրվի նաև հայալեզու և վրացալեզու բովանդակությամբ:
MathGeAr–ը Հարավային Կովկասի համալսարաններում STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) մաթեմատիկայի դասավանդման ծրագրերի արդիականացմանը միտված եռամյա ծրագիր է (2013-2016): Ծրագրի նպատակն է բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի կրթական և առարկայական ծրագրերի բովանդակությունը և ուսուցման կիրառվող մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ, կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը՝ մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար:
Համաժողովի առաջին օրվա միջոցառումները տեղի կունենան ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում, իսկ 2-րդ և 3-րդ օրերի աշխատանքները` ՈԱԱԿ-ում: