ՀԱՆԳԻՍՏԸ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԵՆ ՀԱՐՄԱՐԵՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամառվա տապին զովանալու լավագույն միջոցը ջուրն է, ուստի մեր հայտնիները նախընտրում են մեկնել ծովափնյա հանգստի: Այս անգամ տեղեկանում ենք երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, շոումեն ԳՐԻՇԱ ԱՂԱԽԱՆՅԱՆԻ եւ դերասան ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆԻ հանգստի ծրագրերի մասին: 
ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԱՍՈ)
-Ինչպե՞ս եք սովորաբար անցկացնում Ձեր ամառային արձակուրդները:
-Շատ լավ կլիներ, եթե կարողանայի որեւէ տեղ մեկնել, բայց երեւի թե չի ստացվի, զբաղված եմ, այստեղ գործեր ունեմ: Իմ գործն անկանխատեսելի է, ամեն ինչ կապված է հրավերքների հետ: Արդեն գիտեմ, որ հուլիս ամսին 2 անգամ Մոսկվա եմ գնալու:
-Իսկ ընտանիքով գնո՞ւմ եք հանգստի:
-Հիմա չեմ հիշում` ուր էինք գնացել ընտանիքով: Ես երեկվա արածներս էլ եմ մոռանում, երեւի մեծացել եմ (ծիծաղում է-Ե.Ռ.): Ամեն դեպքում, աշխատում եմ հով ամառ ապահովել երեխաներին, պարտադիր 2 ամիս լողի են գնում: Իսկ եթե ես ազատ 2-3 օր եմ ունենում, կա՛մ գյուղ ենք գնում, կա՛մ այլ տեղ: Հատուկ բաներ չեմ նստում, պլանավորում, ա՛յ հիմա չեմ կարող ասել, հնարավոր է` մի խանգարող հանգամանք ստեղծվի, ու իմ նպատակը չլինի: Բայց ես օգտագործում եմ յուրաքանչյուր հնարավորություն ընտանիքիս հանգիստը լավ կազմակերպելու համար:
-Որքա՞ն եք նախատեսել ծախսել հանգստի համար:
-Ոչ մի կոպեկ:
-Այդպե՞ս էլ է պատահում:
-Դե լինում է՝ հրավիրում են մի տեղ համերգների, ծախսերը հոգում են, ես էլ ընտանիքիս հետ եմ գնում: 
-Ո՞րն է եղել Ձեր ամենաուրախ հանգիստը:
-Նախանցած տարի Նոր տարին դիմավորեցինք Դուբայում: Այստեղ շատ ցուրտ էր, ես էլ հրավերք ստացա, հրավիրող կողմն էլ առաջարկեց` եթե ուզում ենք, ընտանիքներին էլ կարող ենք տանել: Ես ու ընկերս ընտանիքներով գնացինք, 8 օր մնացինք: Լավ հյուրանոց էր, էրեխեքն այդ օրերին ամառ էին վայելում: Ծնողի համար էլ ամենամեծ ուրախությունն իր երեխային ուրախ տեսնելն է: Մի բան էլ կա. երբ ինձ մոտ լավ է ամեն ինչ, մի տեսակ թախիծ է առաջանում: Ես էդ պահին հիշում եմ մարդկանց, որոնք հնարավորություն չունեն վայելելու որեւէ բան: Թող նրանց, ովքեր հնարավորություն չունեն, Աստված  օրհնի, որ իրենք էլ կարողանան իրենց էրեխեքին ուրախ հանգիստ ապահովել:
ԳՐԻՇԱ ԱՂԱԽԱՆՅԱՆ
Պլաններում կա երկրից դուրս մեկնելը, կոնկրետ ուղղությունը պարզ չէ, բայց հուլիսին մի տեղ կմեկնենք: Ուզում եմ լինի լողափ. պառկենք, քնենք, հաց ուտենք… Պասիվ հանգիստ եմ ուզում: Ծովափ ենք մեկնելու:
-Ասում եք՝ մենք, ո՞ւմ հետ եք մեկնելու:
Ես ու Շողերը երկուսով: Նախատեսել ենք 10-օրյա հանգիստ, մաքսիմում 2 շաբաթ: 
-Ինչքա՞ն գումար եք որոշել ծախսել:
-Դե կախված է նրանից, թե ուր ենք գնում, բայց հաստատ մի 3-4 հազար դոլար կամ ավելի կծախսվի: 
-Նախկինում ինչպե՞ս եք անցկացրել Ձեր արձակուրդները:
-Տարբեր են եղել: Պատահել է` մեկնել եմ Թաիլանդ, Իսպանիա: Սիրում եմ, որ ե՛ւ պասիվ է, ե՛ւ պատմամշակութային վայրեր կան այցելելու: 
-Ի՞նչն եք առաջինը դնում ճամպրուկի մեջ:
-Առաջին անհրաժեշտության իրերը, ոչ մի յուրահատուկ, օրիգինալ բան չկա: Ինձ համար կարեւորը լավ հանգստանալն է, ու ցանկալի է` կես տարին մեկ անգամ: 
ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆ
-Սկզբում որոշել էինք Սոչի գնալ, բայց այս օլիմպիական խաղերի շինարարության պատճառով ամբողջ քաղաքը փոշի է, մտածում ենք` ավելի լավ է Վրաստան գնանք` Ուռեկի: Աղջկաս ու կնոջս հետ եմ մեկնելու մի 7 օրով: 
-Ամեն տարի հանգստանո՞ւմ եք: 
-Որպես հանգիստ` սա առաջին անգամն է, որ երկրից դուրս ընտանիքով գնում ենք, մինչ այդ ես գործուղման եմ գնացել, ոչ հանգստի: 
-Ինչպիսի՞ հանգստավայրեր եք նախընտրում: 
-Ես ավելի շատ բնության մեջ եմ հանգստանում, ծովի սիրահար չեմ, բայց կինս է սիրում, այս տարի ծով կգնանք: Կնոջս կարծիքը պետք է հաշվի առնել: 
-Որքա՞ն եք նախատեսել ծախսել:
-Ինչքան քիչ, այնքան լավ, որ չծախսենք, ավելի լավ կլինի:   
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 578 համարի




Լրահոս