Պետության կողմից անօրինական ճանապարհով երկրում գների արհեստական բարձրացումը բռնություն է հանրության նկատմամբ։ Ուստի քաղաքացիական անհնազանդությունը Երեւանում քաղաքային տրանսպորտի սակագինը բաձրացնելու դեմ, արդար է և օրինական։ Ես ողջունում եմ մեր քաղաքացիներին, ովքեր իրենց առօրյա հոգսերով հանդերձ այսօր դրսևորեցին հրաշալի քաղաքացիական կեցվածք՝ հանրության կենսական նշանակության շահերը պաշտպանելու հարցում։ Դա նաև վկայում է, որ մեր երկրում կան նախադրյալներ եւ ներուժ իսկական քաղաքացիական հանրություն ձևավորելու համար։ Սիրելի երևանցիներ՝ մի ենթարկվեք քաղաքի իշխանությունների անօրինական որոշումներին։
Աջակցենք նրանց, ովքեր միավորվել են մեր երեխաների բերանից հացը հանող հանցագործների դեմ։ Ոչ ոք պարտավոր չէ իր արդար աշխատանքով ձեռք բերված եկամտից իր երեխայի հասանելիքը հանձնել բռնապետերին։ Դիմում եմ նաև ձեզ՝ քաղաքական գործիչներ, ում ձեռքում են գտնվում որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ լծակները։ Կիրառեք ձեր իրավասությունները երթուղային տրանսպորտի համակարգում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար։ Վերացրեք այս մասնատված և ձեր մեջ բաժին-բաժին արված Երևանի երթուղային “գծերը”՝ փոխարինելով դրանք երթուղային տրանսպորտի ժամանակակից միասնական համակարգով։ Ստեղծեք ուղևորների համար ուղևարձի վճարման եղանակների ճկուն բազմազանություն։
Վարորդներին ապահովեք բարձր աշխատավարձ և ազատեք “օրվա պլանը” կատարելու և ուղևորներից փող հավաքելու պարտականությունից։ Վերջ տվեք վարորդների անհարկի շահագործմանը եւ ուղևորների իրավունքների ոտնահարմանը՝ ձեր անձնական եկամուտները ստանալու համար։ Հակառակ դեպքում, կկորցնեք այդ ամենը ոչ հեռու ապագայում, երբ ժողովուրդը հետ կվերցնի ձեզանից իր ճակատագիրը որոշելու իրավասությունները։ Հարգելի Տարոն Մարգարյան, ուզում եմ հավատալ, որ ընտրարշավի ժամանակ երեւանցիներին տված ձեր խոստումը քաղաքային տրանսպորտի սակագնի վերաբերյալ, իրոք եղել է անկեղծ։ Երբ քաղաքական գործիչը հայտնվում է այնպիսի իրադրության մեջ, երբ ինչ-ինչ պատճառներով չի կարող կատարել հանրությանը տված իր խոստումը, որպես կանոն տալիս է հրաժարական։ Ակնհայտ է, որ այն մարդը, ով իր ազգանվան պատիվը բարձր է դասում ցանկացած պաշտոնից, արժանի է բոլորիս հարգանքին։ Վստահ եմ, որ նման որոշման պարագայում, ձեռք կբերեք ավելին, քան կարող է ձեզ տալ Սերժ Սարգսյանի գլխավորած քրեական օլիգարխիան։