ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի չորրորդ եռամսյակում մեր հանրապետություն ժամանել է 1 մլն 256 հազար 572 զբոսաշրջիկ: Մինչդեռ 2014 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը 3.2 տոկոսով նվազել է: Իսկ անցած տարվա չորրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 310 հազար 164 մարդ, որը 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը 1.3 տոկոսով է նվազել: Բացի այս՝ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2015 թվականին 4201-ով պակասել է նաեւ ՀՀ-ից մեկնողների թիվը:
Ի դեպ, 2015 թվականի չորրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.4 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23.3 տոկոսը` ԵՄ երկրներին եւ 47.3 տոկոսը` այլ երկրներին:
Նշենք, որ 2015 թվականի 4-րդ եռամսյակում ՀՀ է ժամանել ընդամենը 256 հազար 572 զբոսաշրջիկ: Մինչդեռ 2014 թվականի նույն ժամանակաշրջանին ՀՀ ժամանել է 264 հազար 938 զբոսաշրջիկ: Այսինքն՝ անցած տարվա 4-րդ եռամսյակին 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 8366 զբոսաշրջիկ պակաս է ժամանել ՀՀ: Անցած տարի ՀՀ ժամանած զբոսաշրջիկներից միայն 37 հազար 566-ն է տեղավորվել հյուրանոցներում: Իսկ մյուս՝ 219 հազար 6 զբոսաշրջիկը տեղավորվել է, այսպես ասած, հարազատի, բարեկամի տանը կամ վարձով տրվող բնակարաններում:
Վրաստանից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը եւս 2015 թվականի 4-րդ եռամսյակին, 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է. 2015-ին Վրաստանից ՀՀ է ժամանել 7440, իսկ 2014-ին՝ 9272 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա 4-րդ եռամսյակում Միացյալ Նահանգներից ՀՀ ժամանել է 34 հազար 893 զբոսաշրջիկ: Իսկ, ահա, 2015 թվականի 4-րդ եռամսյակում Ֆրանսիայից ՀՀ ժամանել է 14 հազար 625 զբոսաշրջիկ: Գերմանիայից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն է ավելացել. 2015 թվականի 4-րդ եռամսյակում Գերմանիայից ՀՀ ժամանել է 13 հազար 85 զբոսաշրջիկ, մինչդեռ 2014 թվականի նույն ժամանակաշրջանում այս թիվը կազմել է 9802:
Նկատենք, որ անցած տարվա 4-րդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ-ից է եղել: Օրինակ՝ նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ է ժամանել 62 հազար 347 զբոսաշրջիկ: Ի դեպ, 2014 թվականին ՌԴ-ից ՀՀ է ժամանել 93 հազար 788 զբոսաշրջիկ: Իսկ ՌԴ-ից ՀՀ հիմնականում ժամանում են մեր այն հայրենակիցները, ովքեր մշտական բնակվում են ՌԴ-ում եւ իրենց հանգիստը անցկացնում են Հայաստանում՝ հարազատների տանը:
Սյունէ Համբարձումյան