Վարչապետն ընդունել է Լույս հիմնադրամի ուսանողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է ,Լույսե հիմնադրամի կրթաթոշակակիրներին և շրջանավարտներին:
“Պետությունը ձեզ աջակցում է սովորելու աշխարհի լավագույն տասը համալսարաններում, որպեսզի այնտեղ առկա լավագույն փորձը և գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը”, – ողջույնի խոսքում ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման միտումներին ու հեռանկարներին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում կարևորագույն ռեսուրսը գիտելիքն է, ինչը հնարավորություն է տալիս արագ փոփոխվող և փոքրացող աշխարհում ձեռք բերել մրցակցային առավելություններ և զարգանալ:
Հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հարցուպատասխանի միջոցով վարչապետը և “Լույս”-ի ուսանողները քննարկել են Հայաստանի զարգացման տեսլականը և մարտահրավերները: Մասնավորապես, արծարծվել են տնտեսության զարգացմանը, կրթության և գիտության ոլորտի բարեփոխմանը, տարածքային համաչափ զարգացման ապահովմանը, մտածելակերպի փոփոխությանը, ինչպես նաև ուսանողներին հուզող մի շարք այլ հարցեր:
Տիգրան Սարգսյանը նաև ողջունել է “Լույս”-ի ուսանողների կողմից “Զարգացնենք Հայաստանը” ծրագրի շրջանակում մեր երկրի տարբեր համայնքներում հաջողված նախաձեռնությունների իրականացումը և հորդորել շարունակել այդ աշխատանքը:




Լրահոս