Բրազիլիան Հայաստանում նոր դեսպան ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ եւ մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:
Բարձր գնահատելով Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ համագործակցության ներկայիս մակարդակը` զրուցակիցները նշել են, որ առկա է հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք իրացման համար անհրաժեշտ է ձեռնարկել համատեղ ծրագրեր:
Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպություններում հայ-բրազիլական արդյունավետ համագործակցության ընթացքից: Երկուստեք կարեւորվել է Բրազիլիայի հայ համայնքի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի իշխանությունների կողմից տեղի հայ համայնքի նկատմամբ տեղի ցուցաբերվող բարիդրացիական վերաբերմունքի համար:
Բրազիլիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել իր երկիրը բարեկամ Հայաստանում եւ պատրաստ է շարունակել աշխատանքը` երկու երկրների միջեւ առկա ձեռքբերումները պահպանելու եւ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:




Լրահոս