ՀԺ.Ուղեվարձը նախկին մակարդակի իջեցնելուն խանգարող միայն մի հանգամանք կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մայրաքաղաքում ուղեվարձի 50 տոկոս թանկացման դեմ սկսված քաղաքացիական հզոր արշավն ուղղակի անկյուն է գցել իշխանություններին և նրանց դրել պատային վիճակի մեջ։ Ներկայումս լրջորեն է քննարկվում ուղեվարձը նախկին մակարդակի իջեցնելու հարցը։ Քաղաքացիական ճնշումը այս հարցում այնքան մեծ է, որ թե քաղաքային իշխանությունները, և թե կառավարությունը հոգեբանորեն արդեն տեղի են տվել և ուղղակի առիթի են սպասում ուղեվարձը իջեցնելու համար։ Սակայն մեր ունեցած տեղեկություններով, դրան խանգարող միայն մի հանգամանք կա։ Ինչպես հայտնի է՝ Հայաստան ներկրվող գազի գինը ռուսական կողմը 180 դոլարից բարձրացրեց 270 դոլարի (1000 խմ-ը)։
 
Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորելու է գազի գնի 30 տոկոսը և ստացվեց, որ սահմանի վրա ներկրվող գազի գինը սուբսիդավորման արդյունքում պետք է դառնա 189 դոլար և ոչ թե 270։ Իսկ սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը, տարեկան մոտ 150 միլիոն դոլար, պարզվեց, որ կառավարությունը ակնկալում է տանալ նույն Ռուսաստանից։ Սուբսիդավորման համար որևէ այլ աղբյուր կառավարությունը դեռ չի նշել, և այդպիսի աղբյուր չկա։ Թե ինչ նախնական պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի հետ նշված գումարի հարցով, անհայտ է։ Անհայտ է նաև, թե հանուն ինչի պետք է Ռուսաստանը ՀՀ կառավարությանը հենց այնպես, որպես նվիրատվություն տարեկան 150 միլիոն դոլար տա, որպեսզի կառավարությունը սուբսիդավորի նույն Ռուսաստանի կողմից թանկացված գազի գնի մի մասը։
 
Խնդիրն այն է, որ եթե սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը Ռուսաստանից ստանալ չհաջողվի, ապա գազի գինը ՀՀ սահմանի վրա պետք է հաշվարկվի արդեն 270 դոլարով։ Դրա արդյունքում գրեթե կկրկնապատկվի գազալցակայաններում գազի գինը և այդ դեպքում ուղեվարձի բարձրացումը կարող է դառնալ շատ թե քիչ հիմնավորված։ Ու ընդհանրապես, եթե կառավարությունը չստանա այդ գումարը, ապա դժվար է նկարագրել, թե ինչ տեղի կունենա։ Այն թանկացումները, որոնց ականատեսն ենք այսօր, երանություն կթվան։ Այդ դեպքում, Հայաստանում գնաճը արդեն կհաշվարկվի երկնիշ տոկոսներով”,-գրում է թերթը։
 
Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում 




Լրահոս