«Ես կհասկանայի, եթե գոնե բացվեր պարզապես քաղաքական դպրոց և հնարավորություն տրվեր նոր սերնդին այդ դպրոցն ավարտելու և լուրջ քաղաքական դեմքեր դառնալու: Դա կապահովեր կայուն սերնդափոխություն քաղաքական դաշտում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ստեղծվելիք ՀՀԿ քաղաքական դպրոցին:
Նրա կարծիքով՝ երկրում քաղաքական կրթվածության անհրաժեշտություն կա, սակայն անհասկանալի է կոնկրետ ՀՀԿ-ի կողմից նման դպրոց բացելու գաղափարը:
«Տպավորություն է ստեղծվում, որ միայն ՀՀԿ-ն կադրերի կարիք ունի, և իշխանությունները միայն այդ ուղղությամբ են մտածում: Ըստ էության, այն մի նպատակ է հետապնդում՝ ինչպես անել, որ սեփական կադրերը ավելանան: Ես չեմ կարծում, որ Հայաստանը միակուսակցական համակարգի ներքո է ապրում: Անհրաժեշտ է ունենալ նման դպրոց, սակայն ոչ ՀՀԿ անվան տակ: Իմ կարծիքով՝ այս դպրոցի նպատակը մեկն է՝ հավերժացնել ՀՀԿ իշխանությունը»: